«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը
Wed, 02 Sep 2026 09:45:05 +0400

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ամիսներ անց «սբոյ» է տալիս: Նախ՝ անվճար ապահովագրությունն ու դեղորայքի անվճար ստացումը դարձան համավճար, այժմ էլ ընտանեկան բժիշկներից, տարբեր բուժհիմնարկներից սկսել են հետ գանձել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։ Պարզվեց, որ դա իրոք նախընտրական ակցիա էր, որի տեւողությունը եւ լիարժեք աշխատանքը մի քանի ամիս տեւեցին:
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունն արդեն չի կարողանում իր իսկ ներդրած առողջության համընդհանուր ապահովագրության տակից դուրս գալ, որի վառ ապացույցն է այն, որ մայիսին կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը միլիոնների հասնող գումարներ են հատկացվել՝ փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար։ Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի բավարարել», եւ կառավարությունը ստիպված է եղել մտնել պահուստային ֆոնդ:
«Այժմ ավելի լուրջ խնդիրների ենք բախվել: Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը մի շարք բուժհաստատություններից պահանջում է վերադարձնել իր իսկ կողմից հաստատված եւ ֆինանսավորված ամբուլատոր բուժման գումարները։ Հիմա բացատրեմ՝ ընտանեկան բժիշկներին 6 ամսվա, այսինքն՝ հունվարի 1-ից տրվել են ապահովագրական գումարներ, որից ընտանեկան բժիշկները 6 հազարը փոխանցել են հիմնադրամին, եթե չեմ սխալվում` 1800 դրամ ամեն հիվանդից ստացել են որպես աշխատավարձ: Եկել է հրաման, որ պետք է հետ գանձեն, եւ այդ հետգանձումները բավականին մեծ գումարներ են կազմում։ Շատ հետաքրքիր գործողություն են անում, ասում են, որ այդ գումարները համամասնորեն բաշխեք եւ ամեն ամիս հետ վերադարձրեք, որը կոլապսի է ենթարկելու ինչպես բժշկական, այնպես էլ գյուղական ամբուլատորիաները եւ պոլիկլինիկաները` հատկապես մարզերում: Այս մարդիկ զօրուգիշեր աշխատել են: Հիշում եք` ինչ ծանրաբեռնված հերթերով աշխատում էին: Երբ որ մենք ակցիաներ էինք անում՝ բժշկի աշխատավարձի եւ ծանրագույն աշխատանքի քիչ փոխհատուցման համար, ընտանեկան բժիշկները, թերապեւտները, մանկաբույժներն այն սեգմենտն էին, որոնք ստանում էին բարձր աշխատավարձ, եւ մենք ասում էինք, որ այս ապահովագրական գործընթացից միայն ճիշտ վարձատրվում են այս մասնագետները:
Փաստորեն, նախընտրական շրջանում այս մասնագետներին վճարեցին, եւ նրանք վերցրին ամբողջ ծավալի ծանրաբեռնվածությունն իրենց վրա, իսկ այսօր նրանցից սկսել են գումարները հետին թվով հետգանձումներ անել: Իհարկե, այստեղ կան նաեւ իրավական լուրջ խնդիրներ, եւ պետք է դիմեն իրավաբաններին, որպեսզի զբաղվեն դրանով:
Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան դիմել է նախարարին, սպասում են պատասխանին, սակայն այստեղ որոշումների կայացումը հիմնադրամի կողմից է, եւ իրավական առումով նախարարությունը եւ հիմնադրամը տարանջատված են, իսկ ոչ իրավական առումով, բնականաբար, ես ենթադրում եմ, որ նախարարը պետք է տեղյակ լինի ամեն ինչից: Միակ բանը, որ կհորդորեմ, իհարկե, կանգնեցնել այս պրոցեսը: Նախ՝ մեղք են այդ բժիշկները, որոնք որ ծանրաբեռնված աշխատել են եւ այսօր կանգնել են փաստի առաջ, եւ գումարների հետգանձումը կարող է նաեւ փոքր գյուղական ամբուլատորիաներին ավել պարտքերի կուտակման առաջ կանգնեցնել»:
Անուշ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ պարտքերի պատճառով գյուղական ամբուլատորիաները խնդրի առաջ կանգնեն եւ փակվեն։ «Նախագիծ էր շրջանառվում՝ Արարատի եւ Գեղարքունիքի մարզի ամբուլատորիաների միավորման հետ կապված: Իմ նախաձեռնությամբ եղավ մեծ քննարկում ԱԺ-ում: Նրանք մեզ համոզում էին, որ դա հրաշալի ծրագիր է: Այն ժամանակ առողջապահության փոխնախարարը, որն իր ամբողջ կյանքում չէր աշխատել ընտանեկան բժշկության ոլորտում, հավաստում էր, որ ինքը Մոսկվայում արել է այդ բարեփոխումները, բայց Մոսկվայում ընտանեկան բժշկի օֆիսների ներդրում երբեւիցե չի եղել, այսինքն՝ սուտը բռնվեց, եւ առայսօր քննարկման արդյունքում նրանք գիտակցեցին եւ կանգնեցրին այդ պրոցեսը, եւ չգիտեմ վաղն ինչ կլինի: Սակայն իրականում ինչ որ ներդրվել է Համաշխարհային բանկի կողմից, այն, ինչը որ կայացած էր Հայաստանի առողջապահությունում, դա ընտանեկան բժշկության ներդրումն էր, իսկ այսպիսի քայլերով նրանք նաեւ քանդելու են այդ ինստիտուտը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր