Որևէ քաղաքական որոշմամբ հնարավոր չէ փակել Արցախի էջը
Wed, 02 Sep 2026 13:56:02 +0400

Արցախի Անկախության օրվա առիթով Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմության կարևորագույն և արժանապատիվ օրերից մեկը այսօր ստվերվել է գործող իշխանությունների քաղաքականության հետևանքով։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես Հայաստանի իշխանությունների անհավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ, այնպես էլ ներքին քաղաքականության ձախողումներով։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Եռաբլուրում հավաքվել են՝ արժևորելու Արցախի անկախության պատմական նշանակությունը և վերահաստատելու այդ էջի նկատմամբ իրենց պատասխանատվությունը։
Գալստյանի խոսքով՝ անկախ իշխանությունների վարած քաղաքականությունից և Արցախի թեման մոռացության մատնելու փորձերից՝ որևէ քաղաքական որոշում կամ հրամանագիր չի կարող փակել Արցախի էջը հայ ժողովրդի պատմության մեջ։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը արցախահայության իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր