Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

35 տարիներ առաջ ճիշտ այս օրը Լեռնային Արցախը հռչակվեց հանրապետություն

35 տարիներ առաջ ճիշտ այս օրը Լեռնային Արցախը հռչակվեց հանրապետություն

Wed, 02 Sep 2026 11:50:38 +0400


35 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ Լեռնային Արցախի հայությունը, հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների և միջազգային ու ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի վրա, դրսևորելով բարձր քաղաքացիական և քաղաքական գիտակցություն ու վարքագիծ, ձեռնարկել է անկախության հռչակման իրավական գործընթացը:

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,
• արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը,
• հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականության քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել է զինված բախումների, մարդկային կորուստների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային տեղահանության,
• հիմնվելով ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք են վերապահում ինքնուրույն լուծել իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում,
• հարգելով և հետևելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին և «Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերին,
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Ստորև՝ հռչակագրի բնօրինակի լուսապատճենը.

Հռչակագրում հիշատակված իրավական հիմքերն են՝
• ԽՍՀՄ 1977թ. հոկտեմբերի 7-ի խմբագրությամբ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը վկայում է ազգերի ինքնորոշման մասին,
• «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը, մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածը, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

Մեջբերում հիշյալ օրենքի 3-րդ հոդվածից. «Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀՄ-ի կազմում, կամ ԽՍՀՄ-ից դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը ինքնուրույն որոշելու, ինչպես նաև իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելու իրավունքը»:
• 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»,
• 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը, որոնց 1-ին հոդվածների համաձայն՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը»:

Եվրոպական խորհրդարանը 1999թ. մարտի 11-ին ընդունած «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձևում Լեռնային Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «…Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ միջազգային հանրությունն ընդունել է Լեռնային Արցախի անկախության հռչակման օրինականությունն (լեգալություն) ու ճանաչելիությունը (լեգիտիմությունը):

Վերոգրյալը նկատի առնելով՝ կարող ենք պնդել, որ անկախության հռչակման նպատակով 1991թ. սեպտեմբերին Լեռնային Արցախի հայության ձեռնարկած իրավական գործընթացն անխոցելի է:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը

Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը Wed, 02 Sep 2026 10:58:12 +0400 Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով