«Հրապարակ»․ Անկախ լրագրողը պետության հակառակորդը չէ․ նա հանրության անունից հարց տվողն է
Wed, 02 Sep 2026 11:45:47 +0400

«Նիդերլանդական օրագիր» կայքում կարդացի հիմնադիր-խմբագիր Աշոտ Կնիազյանի՝ «Երբ լրագրողի խոսքը կշիռ ուներ» հոդվածը։ Թեման կայքի եւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության միջեւ վերջին տարիներին ձեւավորված հաղորդակցության խնդիրն է: Լրագրողը բազմաթիվ անպատասխան դիմումներ է ուղղել դեսպանությանը` կայքում կատարված փոփոխությունների, Հայաստանի պետական տարբեր կառույցներին հարցադրումներ է ուղղել եւ մնացել անպատասխան։ Անկախ նրանից՝ լրագրողը Երեւանում է ապրում եւ աշխատում, թե Նիդերլանդների հայ համայնքում, խնդիրը նույնն է՝ արդյո՞ք պետական կառույցը պարտավոր է լսել լրագրողի հարցը, պատասխանել եւ հասարակությանը հաշվետու լինել։ Զրուցել ենք Աշոտ Կնիազյանի հետ:
– Ձեր հոդվածը սկսել եք դիտարկումով՝ ժամանակին լրագրողի խոսքը կշիռ ուներ, այսօր ազդեցությունը թուլացել է։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ։
– Կարծում եմ՝ փոխվել է ոչ միայն լրագրությունը, այլեւ՝ տեղեկատվական միջավայրը։ Լրագրողը պետք է փաստը ստուգեր, տարբեր կողմերի կարծիքը լսեր եւ պատասխանատվություն կրեր յուրաքանչյուր բառի համար։ Լրագրողի ստորագրությունն արժեք ուներ։ Այսօր յուրաքանչյուր մարդ կարող է լուրեր տարածել հազարավոր մարդկանց` սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են տվել, բայց միաժամանակ ստեղծել են խնդիր՝ փաստը, կարծիքը, ենթադրությունն ու բամբասանքը հայտնվում են նույն հարթության վրա։ Լրագրողի խոսքը դժվար է տարբերակել տեղեկատվական աղմուկից։
– Այսինքն, հասարակությունն այսօր դժվարանում է տարբերել լրագրողին՝ տեղեկատվություն տարածողից։
– Այո։ Բայց դրա պատասխանատվությունը հասարակության վրա դնելը ճիշտ չէ։ Լրագրողի առաջին պարտականությունն է՝ ստուգել տեղեկությունը եւ ցույց տալ՝ որտեղ է փաստը, որտեղ՝ աղբյուրի հայտարարությունը, որտեղ՝ լրագրողի վերլուծությունը։ Աղմուկ բարձրացնելը եւ լրագրությունը նույնը չեն։ Կարելի է սոցցանցում գրառումներ անել, բայց փաստաթղթավորված հրապարակումը կարող է հասարակական ավելի մեծ նշանակություն ունենալ, քան այդ ամբողջ աղմուկը։
– Ձեր հոդվածում խոսում եք «Նիդերլանդական օրագրի» եւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հարաբերությունների մասին։ Ե՞րբ հասկացաք, որ սա այլեւս մեկ անպատասխան նամակի պատմություն չէ։
– Երբ նամակը մնում է անպատասխան, դա խնդիր չէ։ Պետական կառույցներում կարող են լինել պատճառներ։ Բայց երբ տարիների ընթացքում կուտակվում են պաշտոնական հարցումներ, հիշեցումներ, իսկ հարցերը մնում են առանց պատասխանի, առաջանում է լուրջ հարց։ Հատկապես՝ երբ խոսքը պետական ներկայացուցչության եւ անկախ լրատվամիջոցի հարաբերությունների մասին է։ Որոշեցինք ոչ թե ենթադրություններ անել, այլ փաստագրել ժամանակագրությունը։
– Երեք տարի շարունակ չե՞ք մտածել՝ գուցե պարզապես դադարեցնեիք եւ շարունակեիք Ձեր աշխատանքը։
– Լրագրողը հարց է տալիս։ Եթե մնում է անպատասխան, կարող է կրկնել հարցը, հանրությանը տեղեկացնել այդ մասին, կամ պարզապես լռել։ Այդ դեպքում կարող էր առաջանալ ավելի պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ լրագրողը չբարձրաձայնեց այն խնդիրը, որի մասին ինքը գիտեր։ Մեր կայքը պետական ֆինանսավորում չի ստանում եւ քաղաքական պատվեր չի կատարում։ Անկախությունը մեզ համար սկզբունք է։
– Դեսպանության կայքից «Նիդերլանդական օրագրի» մասին տեղեկատվությունը հեռացվել է` դա եղել է Ձեր հրապարակման պատասխան քա՞յլը։
– Այո, տեղեկատվության հեռացման պատճառների մասին պաշտոնական բացատրության չստացանք։ Չենք ասում, որ պետական կայքում մեր մասին տեղեկությունը պարտադիր պետք է հավերժ մնա։ Բայց եթե տարիներ շարունակ այդ տեղեկատվությունը եղել է կայքում եւ հետո հեռացվել է, լրագրողն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ։ Եթե պատճառը տեխնիկական է՝ թող ասեն։ Եթե կայքի կառուցվածքն է փոխվել՝ նույնպես։ Եվ քանի որ բացատրություն չենք ստացել, չենք պնդել, որ գիտենք իրական պատճառը։ Մենք ներկայացրել ենք փաստը եւ ժամանակագրությունը։ Պատասխան չտալը հարցը չի վերացնում, այն թողնում է բաց։
– Դուք դիմել եք ՀՀ ԱԳՆ, վարչապետի աշխատակազմին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին: Երբ պետական համակարգը չի արձագանքում, հարցը չի լուծվում, լրագրողն ի՞նչ կարող է անել։
– Լրագրողը կարող է շարունակել փաստագրել, հարցնել, դիմել համապատասխան մարմիններին եւ հրապարակել։ Բայց լրագրողը պետական համակարգի փոխարինողը չէ։ Եթե մի պետական մարմին հարցը փոխանցում է մյուսին, իսկ վերջում որեւէ մեկը պատասխան չի տալիս, դա արդեն համակարգի խնդիր է։ Այստեղ էլ կարեւոր է տարբերել համառությունը եւ անձնական պայքարը։ Համառությունը լրագրության մեջ անհրաժեշտ է, երբ խոսքը հանրային նշանակություն ունեցող հարցի մասին է։ Բայց վերջնական նպատակը ոչ թե ինչ-որ մեկին պարտության մատնելն է, այլ հանրությանը փաստեր ներկայացնելը։
– Ըստ Ձեզ, ի՞նչ դեր պետք է ունենա համայնքային լրատվամիջոցն այսօր։
– Այն չպետք է լինի միայն միջոցառումների, լուսանկարների եւ շնորհավորանքների հարթակ։ Պետք է պատմենք մշակույթի, կազմակերպությունների եւ համայնքային կյանքի մասին։ Բայց եթե համայնքում կա խնդիր, լրագրողը պետք է այդ հարցը բարձրացնի։ Իմ պատկերացմամբ՝ համայնքային լրատվամիջոցն ունի չորս կարեւոր դեր՝ տեղեկացնել, միավորել, կապ ստեղծել եւ վերահսկել։ Իսկ սփյուռքի դեպքում համայնքային լրատվամիջոցը նաեւ տեղեկատվական կամուրջ է Հայաստանի եւ տվյալ երկրի հայ համայնքի միջեւ։
– Եթե դեսպանությունը կամ ԱԳՆ-ն վերջապես պատասխանեն Ձեր հարցերին, ո՞րը Ձեզ համար կլինի ամենակարեւոր պատասխանը։
– Կարեւորն այն չէ, որ պետական կառույցը համաձայնի մեզ հետ։ Մենք իրավունք ունենք չհամաձայնելու պատասխանի հետ, իսկ պետական կառույցը՝ չհամաձայնելու մեր գնահատականի հետ։ Կարեւորն այն է, որ խոսակցությունը լինի փաստերի շուրջ։ Եթե դեսպանությունը պատասխանի, եւ որոշ փաստարկների հետ համաձայն չլինենք, կներկայացնենք հակափաստարկներ: Պետական կառույցը պետք է կարողանա ասել՝ «սա է եղել պատճառը», «այստեղ մենք սխալվել ենք», «մենք համաձայն չենք ձեզ հետ»։ Դա արդեն երկխոսություն է։ Ի վերջո, անկախ լրագրողի նպատակը միշտ ճիշտ դուրս գալը չէ։ Նրա նպատակը ճշմարտությանը մոտենալն է։ Ես կուզեի, որ այս պատմության վերջում չլինեին հաղթողներ ու պարտվողներ։ Կուզեի, որ վերականգնվեր այն, ինչն ամենակարեւորն է՝ աշխատանքային, բաց եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր