Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները
Wed, 02 Sep 2026 21:45:25 +0400

Ադրբեջանական լրատվական հարթակներում շրջանառում են Իլհամ Ալիևի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում արված հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկկողմանի առևտուր սկսելու ուղղությամբ ակտիվ գործընթաց է գնում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում էին ՇՀԿ+ շրջանակներում, կազմակերպության անդամ չեն հանդիսանում։
day.az-ի հեղինակ Լեյլա Թարվերդիևան Ալիևի հայտարարությունը բացում է, մանրամասն թվարկելով, որ Ադրբեջանն իր երկրի տարածքով երրորդ երկրների ապրանքը Հայաստան ուղարկելով մեծ լավություն է արել Հայաստանին ու օգնել Հայաստանի իշխանություններին՝ օրակարգում պահել, այսպես կոչված, խաղաղության կոնցեպտը։ Բացի այդ, հաստատում են Միրզոյանի այն խոսքերը, որ շուտով հայկական արտադրանք կառաքվի Ադրբեջան, իսկ ադրբեջանցիների կողմից հայկական արտադրանքի ձեռքբերման դեպքեր արդեն իսկ եղել են։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը դարձել է Հայաստան էնեգակիրների գլխավոր մատակարարը՝ համոզված է ադրբեջանցի փորձագետը։ Բացի այդ, վերջինս նկատում է, որ քանի դեռ վերջնականորեն չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, հենց առևտրային հարաբերություններով էլ փորձելու են ստեղծել այն տեսլականը, թե տարածաշրջանում խաղաղություն է։ Թարվերդիևան դա ակնարկում է անուղղակի ձևով, սակայն տողատակերում հստակեցնում է միտքը՝ առևտրային փոխհարաբերությունները կոչված են միայն արտաքին տեսլականի խաբկանք ստեղծելու համար, դա իրենից չի ենթադրում երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթաց։ Սակայն, ադրբեջանական ցինիզմով հավելում է նաև, որ Ադրբեջանից եկող ապրանքների հաշվին Հայաստանը մեծ շահ է ստացել՝ խնայել է 2.5 միլիոն դոլար, ինչը կարող է էական դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա։ Բայց ադրբեջանցի քարոզչի ցինիզմը, տվյալ պարագայում հասկանալի է՝ ՀՀ իշխանություններն են այդ ցինիզմը սնում։ Բացի այդ, Թարվերդիևան փորձում է ներկայացնել, թե Հայաստանն ինչ արտադրանք կարող է առաջարկել Ադրբեջանին։
Եվ այսպես, Հայաստանը կարող է Ադրբեջան արտահանել ալյումինե փայլաթիթեղ ու դրա արտադրության համար հումք, սակայն հեղինակը նշում է՝ Ադրբեջանում այլումինե փայլաթիթեղի պակաս չկա, քանի որ մի շարք երկրներից այն ներկրվում է, Հայաստանն էլ կարող է այդ երկրների ցուցակում ներգրավվել։ Բացի այդ, ակնկալում են Հայաստանից նաև հանքային ջրի որոշակի խմբաքանակ, ինչպես դա եղել է Սովետական Միության տարիներին։ Այս «ակնկալիքները» խոսում են այն մասին, թե որքան անհիմն ու անհեռանկար, ավելին կործանարար են՝ Ադրբեջանին Հայաստանի գլխավոր տնտեսական իբր թե գործընկեր դարձնելու փորձերը։
Իսկ minval.az-ի հեղինակ Զարինա Օրուջալիևան գրում է, որ միլիջ մեջլիսի պատգամավոր, տնտեսագետ Վուգար Բայրամովը կարծում է, որ Հայաստանից կարող են ներկրվել ոչ միայն արտադրանք, այլև քիմիական արդյունաբերության մեջ կիրառվող որոշ նյութեր։
Տնտեսագետ Ռաշադ Հասանովն էլ Minval Politika-ի հետ զրույցում նշել է, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը փաստացիորեն վերականգնում են առևտրական կապերը, որոնք գոյություն են ունեցել մինչև Արցախյան հակամարտության սկսվելը։ Հասանովը շեշտել է, որ սկզբնական շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կկենտրոնանա ընտրովի ապրանքատեսակների վրա։ Ադրբեջանի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել, օրինակ, պահածոյացված միրգն ու բանջարեղենը, հրուշակեղենը, ինչպես նաև հանքային ջուրը։
Մաքսային պետական կոմիտեի Հանրային խորհրդի անդամ Էլդանիզ Ջաֆարովն, օրինակ, նշել է, որ Հայաստանից ներկրում իրականացնելու համար պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև մաքսային հարցերն ու խնդիրներըև դա պայմանավորված է Զանգեզուրի միջանցքի կարգավորմամբ, մասնավորապես նոր մաքսային անցումային կետի գործունեությամբ։ Այս պահին Ադրբեջանում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Այսինքն, ադրբեջանական կողմը բաց ու հստակ ասում է՝ Հայաստանից ցուցակով մի քանի հատիկ ապրանք կներկրենք Հայաստան, սակայն դրա համար նախ պետք է Զանգեզուրի միջանցքը գործարկվի` այն էլ Ադրբեջանի տեսլականով, այսինքն, լինի արտասահմանային՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք։
Ինչ խոսք, հզոր խաղաղության օրակարգ է առաջարկել Փաշինյանը՝ մի քանի հանքային շշի դիմաց` ադրբեջանցիներին նվիրել Զանգեզուրի միջանցք, իսկ ավելի ճիշտ` Հայաստանի վզին թոկ գցել ու դրա ծայրը տալ ադրբեջանցիների ձեռքը։ «Ավելի վաղ Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բագիրովը նույնպես հայտնել էր, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում Ագբենդ անցակետի շահագործման հանձնման ուղղությամբ: «Ես կարծում եմ, որ դրա բացումը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա վերջը», – կանխատեսում է վերջինս։
Ի դեպ, ադրբեջանցի մեկնաբանն իր նյութում ոգևորված մեջբերում էր Գևորգ Պապոյանի և Armenian Council -ի ղեկավար Սամվել Մելիքսեթյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ փառավոր ապագա խոստացող առևտրի մասով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր