«Հրապարակ». Կայծակից զանգվածաբար շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան. ՀԷՑ-ը լռում է
Fri, 04 Sep 2026 13:45:02 +0400

Օգոստոսի 30-ին Երեւանում եւ հարակից համայնքներում տեղացած հորդառատ անձրեւը, ուժգին քամին եւ կարկուտը հարյուրավոր բնակիչների համար իսկական աղետի վերածվեցին։ Օրինակ՝ Նոր Նորքի Գյուրջյան փողոցում դիտահորերի խցանման պատճառով մեքենաներ էին մնացել ջրի մեջ: Տեսանյութը թափառում էր ՖԲ-ով մեկ: Կա աղետի անտեսանելի հատված: Այդ օրը տներում բնակիչներին ավելի տհաճ անակնկալներ էին սպասվում: Տեղի ունեցած հոսանքազրկումների, ենթակայանների վթարների ու լարման կտրուկ տատանումների հետեւանքով այդ օրը կենցաղային տեխնիկայի զանգվածային խափանումներ են եղել: Այս մասին ՀԷՑ-ը որեւէ հայտարարություն չի արել: ՀԷՑ պաշտոնական կայքում միայն պլանային անջատումների մասին տեղեկատվությունն է, այնինչ մարդկանց հասցված վնասն ահռելի է:
«Հրապարակը» միաժամանակ մի քանի բնակավայրից ահազանգեր է ստացել: Աշտարակի բնակիչներից մեկը պատմում է, որ իր տանը լարման տատանման հետեւանքով միանգամից 2 տեսախցիկ եւ չորանոցն են վառվել։ «Ես դիմում եմ գրել ՀԷՑ, պահանջում եմ վերանորոգել իմ տեխնիկան կամ փոխհատուցել վնասը»,- ասում է նա։ Նույն թաղամասում նրա հարեւանի տանը միաժամանակ շարքից դուրս է եկել երեք սառնարան։ Ահազանգեր կան նաեւ այլ հատվածներից։ Խարբերդի բնակիչներից մեկը պատմեց, որ այդ օրը հոսանքի տատանումից այրվել են իր նոր գնած հեռուստացույցն ու օդափոխիչը: Հարեւանությամբ ապրող Անի անունով կնոջ տանը վառվել են լվացքի մեքենան եւ սառնարանը։
Զարգացած երկրներում էլեկտրական ցանցերը կայծակներից, կարճ միացումներից եւ լարման տատանումներից բազմամակարդակ տեխնիկական պաշտպանություն ունեն։ Այնտեղ նույնպես լինում են բնական աղետներ եւ վթարային անջատումներ, սակայն համակարգն այնպես է կառուցված, որ հոսանքի հարվածը չի հասնում բնակիչների տներին եւ նրանց կենցաղային տեխնիկային:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում դեռ քարի դարն է: Մենք փորձեցինք կապվել ընկերության լրատվության պատասխանատու Սվետլանա Մինասյանի հետ՝ հարցնելու, թե ինչ է սպասվում տուժած քաղաքացիներին: Բայց Մինասյանի հեռախոսահամարը հավաքելն անպտուղ զբաղմունք է, նա երբեք չի պատասխանում զանգերին: ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, նրա տեղակալներ Դավիթ Գրիգորյանի, Լեւոն Օհանեսյանի, Սերգեյ Կակոսյանի եւ բոլոր մյուս պաշտոնյաների կայքում նշված հեռախոսահամարները եւս աշխատանքային ժամերին չեն պատասխանում: Իսկ մի ժամանակ սա ժամացույցի ճշգրտությամբ աշխատող ընկերություն էր` բոլոր լրագրողների զանգերին պատասխանող խոսնակով:
Նշենք, որ, ըստ գործող կարգի, տեխնիկայի վնասման դեպքում սպառողը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի ՀԷՑ-ին, եւ ընկերությունը պարտավոր է քննել պատճառներն ու փոխհատուցել: Իհարկե, եթե այս անդամալույծ հիմնարկում գործող կարգը դեռ պահպանում են:
Ըստ գործող կարգի՝ տեխնիկայի վնասման դեպքում սպառողը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի ՀԷՑ-ին, եւ ընկերությունը պարտավոր է քննել պատճառները և փոխհատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ նախկին կառավարիչ, ներկայում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը: «Ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել լարման տատանում, որը շարքից հանել է տեխնիկան: Այս դեպքում նախկինում գործում էր կարգ, որ բաժանորդի դիմում բողոքով «Ցանցերը» ուսումնասիրում էին խնդիրը եւ կամ տեխնիկան վերանորոգում էին, կամ փոխհատուցում էին բաժանորդի կրած վնասը: Իհարկե, եթե ընկերությունը չներկայացնի, թե ֆորս մաժոր է եղել. Բայց այդ դեպքում նա պետք է հիմնավորի, թե ինչու է ֆորս մաժոր», – ասաց Ղազինյանը: Այս կարգը այսօր էլ «Ցանցերում» գործում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր