Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի նրա արձանը դնեն
Wed, 09 Sep 2026 15:15:50 +0400

«Հրապարակը» գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն։ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։ Դե, այս հարցում մարդիկ, կարծես թե, համամիտ են Փաշինյանի հետ։ Ասում են՝ Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի իսկապե՛ս նրա արձանը դնեն։ Ի վերջո, եթե ինքն է ասում, որ իր կատարած գործը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է առաջինը գնահատեն այդ «պատմական առաքելությունը»։
Այստեղ մի «բայց» կա։ Երբ երկրի ղեկավարը հպարտանում է, որ հակառակորդ պետությանը հանձնել ու դատարկել է Արցախը, երբ նույն քաղաքականությունը՝ հանձնումների շղթան, շարունակվում է Հայաստանում, արդեն պետք է մտածել, որ մարդը քաղաքական լուրջ հիվանդությամբ է տառապում։ Այնպիսի հիվանդությամբ, որի դեպքում սեփական երկրի համար յուրաքանչյուր աղետ ու ողբերգություն սկսում է ընկալվել որպես փրկագործություն։ Նրան թվում է, թե ինքը «պատմական միսիա» է կատարել։ Հարց չի առաջանում՝ ո՞ւմ համար։ Եթե արդյունքում Ադրբեջանն է իրեն հաղթող ու ազատված կողմ համարում, իսկ Հայաստանի քաղաքացին շարունակում է ապրել կորստի, անորոշության ու անվտանգության խնդիրների մեջ, ապա ո՞րն է այդ «փրկագործության» իրական հասցեատերը։ Գուցե հենց այստեղ է արձանի ամբողջ գաղտնիքը։ Արձանը ուզում ես կանգնեցնել այնտեղ, որտեղ կարծում ես, որ քո արածն անգնահատելի է։
Նման ղեկավարի հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հայտարարի՝ ինքը փրկել է նաև Արևմուտքը։ Չէ՞ որ ռուսական ազդեցության նվազումը միայն Բաքվի կամ Երևանի հարցը չէ։ Ուրեմն Փաշինյանը նաև Արևմուտքի բարօրության համար է այդքան մեծ ծառայություն մատուցել։ Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ է ասում, որ իր արձանը Բաքվում կանգնեցնեն։
Ինչո՞ւ ոչ Բրյուսելում։
Ինչո՞ւ ոչ Վաշինգտոնում կամ Պրահայում։
Սա հոգեբանական պարզ մեխանիզմ է կամ, ավելի ճիշտ, քաղաքական խոստովանություն։ Ադրբեջանին ասում է՝ «Ինչ արել եմ, ձե՛ր համար եմ արել»։
Դուք էլ, ուրեմն, իմ արձանը կառուցեք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր