Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար
Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400

Ուկրաինան մտադիր է առաջիկա երկու ամիսները՝ սեպտեմբերն ու հոկտեմբերը օգտագործել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում դիվանագիտական կարգավորման բանակցությունները վերականգնելու եւ պատերազմի ավարտին հասնելու համար։ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Axios-ի հետ զրույցում։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների հարթակ կարող է ծառայել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, որը տեղի է ունենալու այս ամսին՝ Նյու-Յորքում։ «Մեր տրամադրության տակ կա սեպտեմբերն ու հոկտեմբերը, որպեսզի ինչ որ կերպ բանակցային հնարավորություն գտնենք։ Առանց երկխոսության մենք արդյունք չենք ունենա»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ իր կարծիքով նախագահ Թրամփը կարող է գտնել իրական հնարավորություն բանակցային գործընթացը վերականգնելու՝ նախքան եւս մեկ ցուրտ ձմռան գալուստը։
Զելենսկին չի բացառել, որ կարող է եւս մեկ բանակցային փուլ լինել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի մասնակցությամբ, սակայն վերջնական որոշում այդ հարցով դեռ կայացված չէ։ Ուշագրավ է այն, որ նման հայտարարություն նախագահ Զելենսկին հնչեցրել է ամերիկյան հատուկ դեսպանորդների՝ Մոսկվա եւ Կիեւ օրերս տեղի ունեցած այցերից հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր