Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում

«Հրապարակ». Դիլիջանի նոտարն ամեն օր 200 կմ ճանապարհ է անցնում

Thu, 10 Sep 2026 12:45:39 +0400


2025 թ․ հոկտեմբերին գրել եմ, որ 25 թ. մայիսից Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը՝ Գոշը, Թեղուտը, Հաղարծինը, Հովքը, Խաչարձանն ու Աղավնավանքը, նոտար չունեն։ Դիլիջան համայնքի բնակիչները նոտարական գործարքների համար ստիպված են հավելյալ փող եւ ժամանակ ծախսել, կտրել մոտ 35 կմ ճանապարհ, հասնել Վանաձոր կամ Իջեւան։ Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, ծագումով Վանաձոր քաղաքից Ալբերտ Եգանյանը 2025-ին տեղափոխվել է Վանաձոր եւ այնտեղ է նոտար աշխատում։
Դիլիջան քաղաքից անցյալ տարի մեզ հայտնել էին, որ արդարադատության նախարարությունը Դիլիջանում նոտար աշխատելու համար մրցույթ է անցկացրել, եւ շուտով Դիլիջանը նոտար կունենա։ Հիմա Դիլիջանի նոտարի թեմային վերադառնում եմ այլ առումով։

Դիլիջանի մի քանի բնակիչներ, իրենց անունը չհրապարակելու խնդրանքով, դժգոհեցին 2026 թվականի սկզբից Դիլիջանում նոտար աշխատող Մարինե Շահպարոնյանի գործելակերպից։ Նրանց խոսքով՝ նոտար Շահպարոնյանը ձգձգում է նոտարական որոշ գործարքներ, խախտում դրանք իրականացնելու ողջամիտ ժամկետը, հաճախորդներին սպասարկելու ժամանակացույցը, երբեմն նրանց վրա ձայն է բարձրացնում, վիճում։ Բողոքողները կարծում են, որ նոտար Շահպարոնյանն օրենքների իմացության առումով էլ խնդիրներ ունի: Նրանք մեզ հայտնեցին, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նոտարը պարտավոր է գործել օրինականության, արդարության եւ հաճախորդների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սկզբունքներով։ Մեզ նաեւ ասացին, որ Դիլիջան քաղաքում արդեն գործունեություն է իրականացնում 2-րդ նոտարը, եւ նոտարի ընտրության առումով դիլիջանցիներն այլեւս այլընտրանքի հնարավորություն ունեն։

Մեզ դիմած քաղաքացիների խոսքով՝ նոտար Մ․ Շահպարոնյանի վերաբերյալ Դիլիջանից բողոք է ուղարկվել արդարադատության նախարարություն եւ Նոտարական պալատ, որպեսզի նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացվի։
Ես զանգահարեցի նոտար Մարինե Շահպարոնյանին։ Նա սկզբում ասաց, որ հեռախոսով պարզաբանումներ չի տալիս, առաջարկեց այցելել կամ գրավոր դիմել, բայց հետո պատասխանեց բոլոր հարցերին։ Նախ զարմացավ, որ իր գործունեությունից դժգոհողներ կան, ցանկացավ պարզել, թե որ գործառույթի առնչությամբ են բողոքում, եւ ովքեր են բողոքողները։ Հետո շեշտեց, որ ինքը գործում է օրենքի շրջանակներում, հաճախորդների հետ սիրալիր է ու բարեկիրթ, իրենց մոտ տեղադրված տեսախցիկներով դա արձանագրված է։ Նշեց նաեւ, որ նոտարական գործարքների համար բոլոր վճարումները կատարվում են օրենքով սահմանված կարգով։ 36-ամյա նոտարը մեզ ասաց նաեւ, որ ինքը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում է իրավաբանական կրթություն ստացել, ԱՄՆ-ում` մագիստրոսի կոչում, 16 տարի իրավաբանական գործունեություն է իրականացնում, փաստաբանի արտոնագիր ունի, որը կասեցրել է։ Եվ հայտնեց, որ տեղյակ չէ իր գործունեության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն, Նոտարական պալատ ուղարկված բողոքների մասին․ եթե նման բան լիներ, իրեն կտեղեկացնեին։ Նոտարը հայտնեց, որ Երեւանում է բնակվում, ամեն աշխատանքային օր Երեւանից աշխատանքի է մեկնում Դիլիջան եւ կրկին վերադառնում։

Դիլիջանը Երեւանից հեռու է մոտ 100 կմ։ Ամեն աշխատանքային օր` ձմռան ցրտին, ամռան տապին աշխատանքի մեկնելու եւ տուն վերադառնալու համար նոտար Մ․ Շահպարոնյանը 200 կմ ճանապարհ է անցնում։ Դժվար է նոտարի ճամփան, իսկ նրա աշխատանքն էլ, փաստորեն, տեղացիները չեն գնահատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն

Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն Tue, 08 Sep 2026 14:45:42 +0400 Գյուղատնտեսությունում եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով