Այս տարիներին Փաշինյանն ամենաշատը խաբել է իրեն հավատացողներին
Thu, 10 Sep 2026 22:15:13 +0400

Օրվա իշխանություններին, կարծես, ձեռնտու է հավատացնել հասարակությանը, թե իրենց սատարող շարքային քաղաքացիներն ու իրենց ընդդիմացող քաղաքացիները բոլորովին տարբեր բաներ են ուզում։ Իրականում այդ տարբերությունը շատ ավելի փոքր է, քան փորձում են մեզ ներկայացնել։
Շարքային քաղաքացիներն ուզում են նույն բաները՝ անկախ նրանից, թե ում են ընտրել կամ ում են քննադատում։ Նրանք ուզում են բարեկեցիկ կյանք, արժանապատիվ աշխատավարձ, արդարություն, անվտանգ երկիր և կանխատեսելի ապագա։ Ուզում են ապրել մի երկրում, որտեղ վաղվա օրը կախված չէ իշխանության հերթական հայտարարությունից ու չմտածված քայլից։
Բայց իշխանության ութ տարիների ընթացքում հասարակության պառակտումը դարձել է քաղաքական կառավարման կարևորագույն գործիքներից մեկը։ Մարդկանց բաժանել «մերոնց» ու «ձերոնց», նախկինների ու ներկաների, սատարողների ու ընդդիմացողների՝ նշանակում է թույլ չտալ, որ շարքային քաղաքացիները տեսնեն ամենակարևորը, այն, որ իրենց ցանկություններն ու նպատակները, մեծ հաշվով, նույնն են։
Փաշինյանի իշխանության ութ տարիների ընթացքում իր կողմնակից քաղաքացիներից շատերը շարունակում են հավատալ, որ նախկինների թալանած գումարները հետ կբերվեն, և դրանից իրենց կյանքը կփոխվի դեպի լավը։ Շատերը հավատում են, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների կալանավորումները վերջապես արդարություն կվերականգնեն։
Բայց այստեղ մի պարզ հարց է առաջանում` իսկ այդ արդարությունը որտե՞ղ է։
Եթե նախկինների դեմ հարուցված գործերն ու վերադարձված գումարները պետք է բարելավեին շարքային քաղաքացու կյանքը, ապա ինչո՞ւ քաղաքացին իր առօրյայում այդ փոփոխությունը չի զգում։ Ինչո՞ւ են տարին մի քանի անգամ ավելանում տարբեր հարկատեսակներ, բարձրանում են գործող հարկերը, և քաղաքացու վրա դրվում է նոր ֆինանսական բեռ։
Եթե արդարությունն իսկապես վերականգնված լիներ, այսօր մի շարք մարդիկ չէին շարունակի զբաղեցնել այն պաշտոնները, որոնցում ձախողել են իրենց վստահված ոլորտների աշխատանքը։ Իսկ երբ այդ ձախողումների համար ստիպված են լինում պատասխան տալ, «պատասխանատվությունը» միշտ մեկ ուրիշի ուսերին է հայտնվում։
Մեղավորների փնտրտուքը հասնում է ամենահեռավոր սահմաններ, հայտնվում են նորանոր մեղավորներ` երկրի ներսում եւ դրսում, բայց այդ ամենի արդյունքում շարքային քաղաքացու ամենապարզ հարցերը շարունակում են մնալ անպատասխան։
Քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե իշխանությունը հերթական անգամ ում է մեղադրում, այլ՝ ինչպե՞ս է ինքն ապրելու վաղը։
Նրան պետք է հետաքրքրի՝ արդյոք իր աշխատավարձը կհերիքի՞ ընտանիքը պահելու համար, արդյո՞ք հարկերը նորից կբարձրանան, արդյո՞ք իր երեխաներն անվտանգ ու արժանապատիվ ապագա կունենան, և արդյո՞ք օրենքը բոլորի համար նույն կերպ կգործի։
Իշխանական և ընդդիմադիր քաղաքացիների հայացքները կարող են տարբեր լինել։ Նրանք կարող են տարբեր կերպ գնահատել անցյալը, տարբեր մարդկանց վստահել և տարբեր քաղաքական ուժերի աջակցել, բայց նրանց ամենակարևոր ցանկությունները նույնն են։
Եվ հենց այստեղ է իշխանության ամենամեծ «հաջողությունը»՝ քաղաքացիներին միմյանց դեմ հանել, որպեսզի նրանք չհասկանան, որ իրենց հիմնական խնդիրների հասցեատերը ոչ թե իրենց դիմաց կանգնած քաղաքացին է, այլ այն իշխանությունը, որն արդեն ութ տարի պատասխանատվություն է կրում երկրի կառավարման համար։
Ութ տարին բավական երկար ժամանակ է՝ խոստումներն արդյունքներից տարբերելու համար։
Բայց այս ութ տարիների ընթացքում Փաշինյանին չի հաջողվում կատարել քաղաքացիների պահանջները և ամենաշատը այս ութ տարիների ընթացքում նա խաբել է հենց իրեն հավատացող շարքային քաղաքացիներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր