Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Հանուն իշխանական կերակրատաշտի

Հանուն իշխանական կերակրատաշտի

Thu, 10 Sep 2026 19:45:47 +0400


Եթե տվյալ հոդվածին առնչվող լիդ-լուսանկարը (կամ գլխավոր լուսանկարը) հրապարակվեր նախկինների օրոք, ապա դա կունենար հզոր ռումբի պայթյունի նշանակություն: Նույնը կարելի է ասել մեր օրերի Ռուսաստանի առումով:

Արևմուտքում և հատկապես Եվրոպայում բողոքի կամ ավելի ճիշտ՝ ոռնոցի հսկայական ալիք կբարձրանար մարդու իրավունքների խախտման դեպքի կապակցությամբ: Սակայն Նիկոլի օրոք բողոքի ձայն չի լսվում ոչ միայն արտերկրում, այլև երկրի ներսում: Լուռ են թե՛ նախկին քաղհասարակության նեկայացուցիչները, թե՛ արևմտյան երկրների դեսպանները և թե՛ ԵՄ պատվիրակության ղեկավարությունը: Ինչը ենթադրել է տալիս, որ այդ երևույթն ինքնին նորմալ բան է: Ինչն էլ նշանակում է, որ նրանց կարծիքով հենց այդպիսին պետք է լինի իրական ժողովրդավարությունը: Սա ի գիտություն բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են գրագետ ու ձգտում են դեպի Եվրոպա սկզբունքներից ելնելով: Եվ ոչ թե բարձր թոշակների ու նպաստների ակնկալիքով: Եթե, իհարկե, այդպիսիք կան «նիկոլական» Հայաստանում, ինչը խիստ կասկածելի է:

Իսկ ոչ «նիկոլական» կամ «նախկինների» Հայաստանում այդպիսիք բավական շատ էին: Սակայն նրանք կազմում էին ոչ միայն քանակ, այլև որակ: Համենայն դեպս այդպես էր թվում ինձ, որ ավելի քան մեկուկես տասնամյակ եղել եմ այդ անձանց շրջապատում, մոտիկից շփվել այդ նրանց հետ: Ինձ միաժամանակ թվում էր, որ այդ անձանց առումով որակը զուգակցվում է նաև հայրենասիրության հետ: Պարզվեց, որ դա այնքան էլ միանշանակ չէ: Հայրենասիրության իրական մակարդակն առաջին անգամ երևաց 2020 թվականի աշնան վերջին, երբ ընդամենը մի քանի անձ լքեց իշխող կուսակցության շարքերը: Դա զարմանալի էր, քանի որ նախկինների օրոք այդ մարդիկ խոսում և գրում էին այնպիսի բաներ, որոնց հիմքում զգացվում էր հեղինակի հայրենասիրությունը: Բայց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից այս կողմ դա գցվեց ջուրը՝ երբ օրակարգային դարձավ «պաշտոն, թե հայրենիք» երկվությունը (դիլեման): Եվ մարդիկ ընտրեցին առաջինը՝ դրանով ապացուցելով, որ իրենց նախկին գործունեությունը կեղծ էր: Այն ոչ թե հանուն սկզբունքների էր, այլ իշխանության գալու ու դրա կերակրատաշտից օգտվելու:

Մի զարմանալի բան ասեմ. ավելի քան մեկուկես տասնամյակ այդ անձանց շրջապատում գտնվելով ու ողջ ժամանակս նվիրելով հասարակակական գործունեությանը, ինձ մեկ-մեկ թվում էր, թե ինչ-որ բան այն չէ: Որ ես գտնվում եմ հարազատ և միաժամանակ ոչ հարազատ միջավայրում: Որ օտար է ինձ համար՝ ճիշտ այնպես, ինչպես օտար էին նախկինները: Որոնց տանել չէի կարողանում և որոնց դեմ կռիվ էի տալիս թե՛ Ֆեյսբուքում և թե՛ փողոցային ակցիաների ընթացքում: Որպես հասարակակական կազմակերպության աշխատակից ու միաժամանակ նաև անդամ, ունեցել եմ արևմտյան հայացքներ: Ինչը նորմալ էր, քանի որ ժողովրդավարությունը, հանուն ինչի պայքարում էի, գալիս էր Արևմուտքից: Ի դեպ, արևմտյան աշխարհայացքս փուլ եկավ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ երբ Ռուսաստանը մեզ օգնում էր սպառազինությամբ, իսկ Արևմուտքը միայն դատարկ խոսքով: Իսկ Վրաստանն էլ մեր թշնամու պահանջով փակում էր օդային ճանապարհը ռուսական ռազմական բեռնատար օդանավերի համար, իսկ Արևմուտքը դա չէր կասեցնում:

Ինչևէ, գործող իշխանության նկատմամբ իմ գերբացասական վերաբերմունքը սկսեց ճաքեր տալ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք (2016 սեպտեմբեր – 2018 ապրիլ): Որովհետև վերջինս այն անձն էր, ով իմ կարծիքով անհրաժեշտ էր Հայաստանին: Դա ասում եմ որպես մեկը, ով այդ ժամանակաշրջանում օրական կտրվածքով հետևել է նրա գործունեությանը: Իսկ 2018-ի մայիսից հետո մի քանի անգամ փորձել է վարչապետ կարգված «դուխով» Նիկոլին ներկայացնել այն խնդիրները, որ կարգավորվում էին Կարեն Կարապետյանի կողմից ու մնացել էին անավարտ: Հենց այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ իմ պայքարը հանուն հայրենիքի էր, իսկ իմ շրջապատինը՝ ոչ: Դժվար է միանշանակ պնդել, թե գլխավորապես հանուն ինչի. բարձր աշխատավարձերի ու աշխարհով մեկ ֆռֆռալու, թե, այնուամենայնիվ, դրանում ինչ-որ չափով բաժին էր հասնում նաև հայրենիքին: Ամեն դեպքում հենց այդ ժամանակ երևաց, թե որն է իմ՝ յուրայինների շրջանում օտար լինելու հանգամանքը: Ինչն այսօր հասել է իր տրամաբանական ավարտին՝ գործող իշխանության նկատմամբ ընդդիմության: Եվ դա այն ժամանակ, երբ իմ բազմաթիվ նախկին գործընկերները վերածվել են իշխանության ներկայացուցիչների կամ առնվազն կողմնակիցների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև Fri, 02 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով