Կարեւոր արձանագրումներ՝ BRICS 18-րդ գագաթնաժողովից
Tue, 15 Sep 2026 13:15:10 +0400

BRICS (ԲՐԻԿՍ) 18-րդ գագաթնաժողովը կայացավ 2026 թ․ սեպտեմբերի 12-13-ը՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում՝ Bharat Mandapam համալիրում: Հնդկաստանը չորրորդ անգամ է նախագահում միավորումում։ Ի թիվս այլնի, BRICS անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները միաձայն ընդունեցին կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի Դելիի հռչակագիրը։ «Մեր մոտեցումների տարբերության հետ միասին, հստակ արտահայտվեց մեր ընդհանուր նվիրվածությունը BRICS-ի շրջանակում համագործակցությանը»,- ընդգծել է ժողովը հյուրընկալող Հնդկաստանի վարչապետը՝ Նարենդրա Մոդին։ Հիշեցնենք, որ BRICS-ին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ինդոնեզիան:
Հանգստյան օրերի միջազգային թերեւս գլխավոր իրադարձության մասին բազում անդրադարձներ եղան համաշխարհային մասմեդիայում, բայց ԲՐԻԿՍ-ի անդամների պետական լրատվամիջոցներն առավել խանդավառությամբ եւ լայնորեն լուսաբանեցին այս գագաթնաժողովը։ Փորձագետներն ամփոփում էին կազմակերպության գործունեության (կարծիքներ կան՝ գոյատեւման) 21 տարիները, կազմում ապագայի ծրագրեր եւ գնահատում դրա գլոբալ ուժն ու ազդեցությունը։ Մեկնաբանություններում գերիշխում է միտքը, թե Նյու Դելիի գագաթնաժողովն ընդգծում է զարգացող բազմաբեւեռ աշխարհի իրականությունը։ BRICS-ն այլեւս զարգացող շուկաների վերելքն արտացոլող հապավում չէ, որը, ըստ Goldman Sachs-ի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլի, միավորման ստեղծման սկզբնական պատճառն էր։ BRICS-ը Գլոբալ Հարավի հիմնական դիվանագիտական հարթակն է, որն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, առեւտրի դիվերսիֆիկացում եւ բազմավեկտոր դիվանագիտություն է վարում։ Արդյո՞ք խումբը կկարողանա իր աճող անդամակցությունը վերածել աշխարհաքաղաքական ազդեցության լծակի, կախված է նրանից, թե որքան արդյունավետորեն կկարողանան կառավարել ընդլայնվող դաշինքի ներքին հակասությունները: Այս շաբաթավերջին Հնդկաստանը բարձր նշաձող սահմանեց՝ պնդում են միջազգային փորձագետները։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում BRICS համագործակցության մեխանիզմը դարձել է զարգացող շուկաների եւ երկրների ամենաազդեցիկ հարթակներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը։ Դարձել է բազմաբեւեռ աշխարհի եւ միջազգային հարաբերություններում ավելի մեծ ժողովրդավարության խթանող խոշոր ուժ, իսկ գագաթնաժողովին մասնակցող առաջնորդներն ընդհանուր համաձայնության եկան մի շարք կարեւոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, համագործակցության եւ զարգացման վերաբերյալ, եւ ընդունեցին միասնական հռչակագիր։ Սա ցույց է տալիս, որ BRICS-ի երկրները հստակ հասկանում են ինչպես իրենց առջեւ ծառացած մարտահրավերները, այնպես էլ իրենց միասնական ցանկությունը՝ ավելի լայն կոնսենսուս կառուցելու ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ:
Գագաթնաժողովին մասնակցող ՌԴ նախագահ Պուտինը կարեւոր միտք հնչեցրեց Հնդկաստանում՝ ակնարկներ ուղղել ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանին․ «BRICS ասոցիացիան միշտ պաշտպանել է բոլոր երկրների, առանց բացառության, հավասար եւ անսահմանափակ հնարավորությունները՝ կայուն եւ հավասարակշռված տնտեսական եւ սոցիալական աճի համար, ապահովել իրենց բնակչության բարեկեցությունը՝ միաժամանակ պահպանելով եզակի ազգային մշակույթներն ու ավանդույթները եւ հետեւելով իրենց սեփական ինքնիշխան զարգացման մոդելներին»։ Հակասություններ կան, բայց կա նաեւ միասնական օրակարգ, տարբեր հարցերում փոխըմբռնման տրամաբանություն, եւ դա նկատելի էր գագաթնաժողովի ամբողջ ընթացքում։ Հնդկաստանի եւ Չինաստանի առաջնորդները Ռուսաստանի առաջնորդին կրկին առաջարկել են օգնություն ուկրաինական հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում։ Սակայն կողմերի միջեւ փոխըմբռնումը դեռեւս շատ հեռու է։
«Հիմա մենք պետք է համաձայնության գանք տարածքային հարցի շուրջ, բայց կան շատ այլ հարցեր։ Եվ դրանք իսկապես շատ են՝ այնպիսիք, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։ Դե, գուցե եթե առաջընթաց լինի առաջին հարցում, այսինքն՝ տարածքայինի, ավելի հեշտ կլինի շարունակել համաձայնությունների հասնելը»,- բացատրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի հարցում գործընկերների առաջարկներին։ Ըստ հաղորդագրությունների, գագաթնաժողովում շատ է խոսվել ուկրաինական հարցի մասին. այն բարձրացվել է Պուտինի երկկողմ բանակցությունների ժամանակ եւ հաճախ քննարկվել է՝ հիմնականում կուլիսներում: Այնուամենայնիվ, գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում չի հիշատակվել Ուկրաինան, ինչը, հավանաբար, նշանակում է, որ մասնակիցների տեսակետներն այս հարցում նման են:
Գագաթնաժողովի մասնակից մյուս գերտերության՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ խոստովանեց՝ Թեհրանը ձգտում է ընդլայնել տնտեսական կապերը եւ ֆինանսական այլընտրանքները BRICS-ի շրջանակներում։ Նրա հանդիպումները Նյու Դելիում երկկողմ կապերն ամրապնդելու, զարգացող տնտեսությունների հետ առեւտուրն ընդլայնելու, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան խորացնելու եւ զարգացող երկրներին ավելի մեծ ինքնավարություն ապահովող ֆինանսական մեխանիզմներին էին ուղղված: Ըստ իրանական ԶԼՄ-ների, Նյու Դելիի գագաթնաժողովն Իրանին հնարավորություն տվեց հետապնդել այս բոլոր նպատակները՝ համագործակցել Ասիայի խոշոր տնտեսությունների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Մալայզիան, երկխոսություն պահպանել ԱՄԷ-ի՝ Պարսից ծոցի հիմնական հարեւանի հետ, ընդլայնել կապերն Աֆրիկայի հետ Եթովպիայի միջոցով եւ աշխատել BRICS-ի շրջանակներում՝ ավելի դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական համակարգի խթանման համար: Ըստ վերլուծաբանների՝ հարցն այլեւս այն չէ, թե արդյո՞ք BRICS-ը գոյատեւել է: Ավելի կարեւոր է այն, թե արդյոք դաշինքը գերազանցե՞լ է երկու տասնամյակ առաջ իրեն հասցեագրված սպասումները, եւ, ավելի կարեւորը՝ այն կարո՞ղ է արդարացնել արդեն այսօր իրեն ուղղված ավելի մեծ սպասումները:
Վերջին 20 տարիներին BRICS-ը զարգացող տնտեսությունների միջեւ երկխոսության ֆորումից վերածվել է բազմակողմանի մեխանիզմի, որը ներառում է առեւտուր, ֆինանսներ, էներգետիկա, տեխնոլոգիաներ, առողջապահություն, կլիմա եւ մարդասիրական փոխանակումներ: BRICS-ը կարիք չունի դառնալու հակաարեւմտյան դաշինք՝ ավելի ազդեցիկ դառնալու համար: Շատ զարգացող երկրներ փնտրում են ոչ թե նոր գաղափարախոսական ճամբար, այլ ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն եւ զարգացման հնարավորություններ, ավելի ուժեղ ձայն այն հաստատություններում, որոնք դեռեւս արտացոլում են համաշխարհային իշխանության հին բաժանումները:
20 տարվա ընթացքում BRICS-ը շատ ավելի հեռու է գնացել այն հապավումից, որը նրան տվել է իր անունը: Առաջին երկու տասնամյակները ձեւավորվել են զարգացող տնտեսությունների աճով եւ Հարավ-Հարավ համագործակցության ընդլայնմամբ: Նրա պատմության հաջորդ գլուխը վերաբերում է այս ֆորմատը համաշխարհային ասպարեզում ավելի լայն ներկայության, ավելի արդար կանոնների եւ ավելի արդյունավետ համաշխարհային կառավարման վերածելուն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր