ԵՄ-ն «հունից հանել է» Թրամփին․ ո՞ր երկիրն է պատճառը
Thu, 17 Sep 2026 12:00:49 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել որոշակի ոլորտներում Եվրոպայի հետ առևտրի դադարեցումը՝ ի պատասխան Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակի հնարավոր շնորհմանը։
Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Շառլոտում, հաղորդում է Associated Press-ը։
Թրամփը ԱՄՆ-ի հնարավոր պատասխան միջոցները կապել է եվրոպական իշխանությունների մտադրությունների հետ։ «Եթե մտադրությունը լավն է, ապա ամեն ինչ լավ է։ Եթե մտադրությունը վատն է, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ Կանադային նոր կարգավիճակ շնորհելը կարող է լինել «թշնամական գործողություն» և այդ գաղափարն անվանել է «ծիծաղելի»։ Թրամփը Կանադային անվանել է «սարսափելի առևտրային գործընկեր»։
Մեկ օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել էր ճանապարհ հարթել Կանադայի համար՝ դառնալու ԵՄ առաջին ասոցացված անդամը։ Նա այդ մասին հայտարարել է իր ամենամյա ելույթի ժամանակ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ։
Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են ստեղծել համատեղ բարգավաճման և տնտեսական անվտանգության տարածք՝ ընդլայնելով գործող CETA ազատ առևտրի համաձայնագիրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր