Վարդանյան VERSUS Վարդանյան
Thu, 17 Sep 2026 20:45:03 +0400

Արաքսյա Վարդանյան ՔՊ-ական պատգամավորուհին ծնվել է 1990 թվականին, այստեղից դժվար չէ փոքրիկ «մաՑեմաՑիկական» խնդիր լուծել ու դուրս բերել, որ նա դպրոց է գնացել 1997-ին, «գրՅատախտակին գնացել» և կավիճ բռնած խնդիր է լուծել մոտ 2000-ականների կողմերը, եթե, իհարկե, «մաՑեմաՑիկական» հանճար չէ, և չի սկսել վառարանի մոտ գոլացրած մատիկներով բարդ խնդիրներ լուծել հենց սկզբից։ Դա հաստատ՝ չէ, նման նշաններ չկան։ Եվ ուրեմն այս կինը ճիշտ չի խոսում կամ ստում է. էներգետիկ ճգնաժամը Հայաստանում տևել է մոտավորապես 1991–1995 թթ։
Այն ժամանակ, երբ նա իբրև ինչ-որ խնդիր է փորձել լուծի՝ «գնալով գրՅատախտակին», էներգետիկ ճգնաժամն ավարտված էր, ու եթե անգամ կար դասասենյակում վառարան, դա չէր կարող պատմել այն ահավոր ցրտի մասին, որի ցրտահարում է երեխայի մատները և գուցե ուղեղը՝ մեկընդմիշտ։ Դրան կարելի է չհավատալ։ 2000-ականներին էներգետիկ ճգնաժամ չկար, Հայաստանում կար 24-ժամյա էլեկտրամատակարարում ամեն տեղ, և վառարանով դպրոցները արդեն քիչ-քիչ դառնում էին պատմություն, իսկ պատերազմում հաղթանակած Հայաստանը օր-օրի վերականգնում էր իր տնտեսական ցուցանիշները՝ գրեթե ամեն տարի երկնիշ թվերի աճով։
36-ամյա կինը` իր դպրոցական հիշողությունների այս դրվագով հանդես է գալիս տարբեր տեղերում, որտեղ բարձրախոս է տեսնում, սկսում է այս «միտինգը»՝ նույն բառերով ու կեղծ պաթոսով, թե «մատներս գոլացնում էի»։ Եվ հիմա այս պատուհաս պատմությամբ նա փորձում է հիմնավորել, թե բոլորն, ովքեր այսպես կոչված ցուրտ ու մութ թվերին դպրոց են գնացել, իր օրին են, իր չափ գիտելիք ունեն և իր չափ մտավոր կարողություններ։ Ոչ, դա այդպես չէ։ Բայց դա ապացուցելն էլ անիմաստ է, քանի որ, այնուամենայնիվ, կա հանրության մեջ մի ստվար զանգված, որոնց քվեով մտքի այսպիսի գիգանտներ հայտնվել են Ազգային ժողովում։ Ինչևէ։
Անգամ իրենք՝ ՔՊ-ականները, նկատեցին, որ իրենց նոր սերունդն ավելի վատն է, քան նախորդը, մինչդե մենք միամտաբար ենթադրում էինք, թե ավելի վատ լինել ուղղակի չի կարող։ Ռուբեն Ռուբինյանն ակնհայտ միտումով փորձում էր ընդհատել կամ ինչ-որ կերպ դադարեցնել Արաքսյայի անհոդաբաշխ մտքի թելը, բայց տգիտությունը սովորաբար նաև համառ է և մարտնչող։ Նա մարտնչեց, որպեսզի խայտառակվի մինչև վերջ, մինչև վերջին հնարավոր րոպեն։ Եվ իրեն շուտով նախատել փորձող կուսակիցներին էլ մի փոքրիկ հաթաթայով ակնարկեց, որ «դուք ինձնից ոչնչով լավը չեք, ձեզ էլ ենք լսել, իսկ սա դեռ իմ առաջին բեմելն է», մոտավորապես այսպիսի մի բան նա չմոռացավ շեշտել։ Թերևս անկասկած ղեկավարների կողմից նրան խորհուրդ կտրվի այսուհետև հիշողություններ պատմել դիտողների ավելի քիչ ծավալ ընդգրկող աուդիտորիաներում։ Բայց կարծում եմ՝ մենք առիթ կունենանք դեռ լսելու այս աղջկան, կարկամելու առիթներ նա մեզ կտա, նոր է թափ հավաքում։ Դեռ ինչեր ենք լսելու․․․․
Մեկ պահ ուղղակի պատկերացնենք․ հնարավո՞ր էր արդյոք, որ, ասենք, դաշնակցությունն այսպիսի մեկին ուղարկեր խորհրդարան։ Ոչ, դա ոչ մի կերպ հավանական համարել հնարավոր չէ, և գուցե հենց դա է պատճառը, որ նրանք կուզենային դաշնակցությանը ջնջել քաղաքական դաշտից և մնալ իրենց նմաններով, որպեսզի Արաքսյա Վարդանյանին և Քրիստինե Վարդանյանին համեմատող այսպիսի ակնհայտ ու խայտառակ պատկեր չստեղծվեր։
Մինչդեռ նրանք գրեթե հասակակիցներ են, դեռ դաշնակցական Քրիստինե Վարդանյանը մի 3 տարի ավելի երիտասարդ է, բայց որքան բան կարող է նրանից սովորել քպ-ական Վարդանյանը։ Դպրոցը վատն էր, չի կարողացել սովորել, գոնե Ազգային ժողովում տեսնի, թե ինչպիսին է լինում կիրթ, գրագետ, արժեքներ ունեցող մարդը, հայրենասերը, որը գիտի կարևորն ու անկարևորը տարբերակել, որը լավ հիշողություններ ունի իր մանկությունից, որովհետև հիշում է խնդիրները, որոնք լուծվել են, և ոչ թե դրանք լուծելու անհնարինությունը՝ ցրտի, մթի կամ կարողությունների բացակայության պատճառով։
Իջևանում կասեին այս մարդկանց՝ «ճխեվիլով հվաքած պիրել են», ոչ մեկը խորհրդարանական ամբիոնին մոտենալու արժանիք չունի։ Դե, ասենք՝ գուցե կարելի էր թույլ տալ, որ մոտենան ու պետական գործիչների համար ամբիոնին դրված ջուրը փոխեին, դա գուցե կկարողանային անել՝ անսխալ և աննկատ։ Ուրիշ գործ այս դահլիճում այս ցրտից բողոքող աղջիկն ունենալ չէր կարող։ Բայց այսպիսին են հիմա ժամանակները։ Սոցիալական ցանցերը լցված են Արաքսյայի մտքի գոհարներով, մարդիկ ծիծաղում են, ոմանք՝ տխրում, ծաղրում, հեգնում, հիմնականում ասում են՝ ամբիոնին մոտ մի թողեք։ Բայց՝ իզուր, չէ՞ որ նա այդպիսին՝ այստեղ միակը չէ, նրանից ինչո՞վ են ավելի լավը մյուս ակտիվ քպ-ական հռետորները, որոնք հատկապես կրքոտ են, երբ հիշողություններ են պատմում իրենց տրավմատիկ մանկությունից՝ նախկինների օրոք։
Նրանք տրավմաներ չունեն Արցախը կորցնելու, հայրենիքից կտորներ թշնամու հոշոտմանը հանձնելու, երկիրն անպաշտպան ու անարժանապատիվ թողնելու համար։ Նրանք այդ ամենից գոհ են, ինչպես գոհ են թշնամիները, հավասարապես։ Ու չունեն նրանք լավ հիշողություններ ոչ իրենց մանկությունից, ոչ մեր երկրի պատմությունից։ Նրանց համար ամեն ինչ սկսվել է 0-ից, շարունակվում է որպես 0, և իրենցից հետո թողնելու են միայն 0, քանի որ այսպիսի գիտելիքներով, այսպիսի հոգեվիճակում ու արժեքներով որևէ բան ստեղծել այս իշխանավորները չեն կարողանալու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր