Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Ուղեղում պարտվողականության վիրուսով վարչապետը

Ուղեղում պարտվողականության վիրուսով վարչապետը

Thu, 17 Sep 2026 21:45:43 +0400


Տեղյակ չեմ, թե ինչ տվեց մարդկությանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «տիեզերական» ելույթը Փարիզում: Ենթադրում եմ, որ բացարձականապես ոչինչ: Հայաստանին, սակայն, այն մի նորություն գեներացրեց: Դա լրագրողների կողմից նրան ուղղված յուրաքանչյուր հարցին պատասխանելիս Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի շահարկումն էր: Կարծում եմ, որ դա մանիպուլյացիոն հիանալի միջոց է՝ ուղղված այն 727 հազարին, որ հունիսի 7-ին քվե է տվել իրեն: Հետաքրքիր է, Պետական կառավարման ակադեմիայում են նրան տվե՞լ այդ գաղափարը, թե՞ ՔՊ-ական հավաքներից մեկի ընթացքում: Չնայած չի բացառվում, որ դրա հեղինակն ինքն է: Ինչպես էլ լինի, իրավիճակի աննորմալությունն այն է, որ «Կիկոսի մահը» հեքիաթի տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն չեն կառուցում: Որովհետև այն հավասարակշռված ու հավասարակշռման քաղաքականության հիմք չի կարող լինել՝ ինչպես ինքն է կարծում: Այն հանդիսացել է և հանդիսանալու է նրա կողմից ասվածի ճիշտ հակառակ արդյունքի պատճառը:

Ի դեպ, այն ամենը, ինչ մինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո, հենց ասվածի վկայությունն է: Ավելին, պատերազմից հետո պարտության տրամաբանությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ուղեղում: Ճիշտ այնպես, ինչպես, նրա ասելով, աղքատությունն է նստած աղքատ մարդկանց ուղեղներում: Ինչը նշանակում է, որ ինքը երբեք՝ աղքատության վերաբերյալ իր խոսքի տրամաբանությամբ, չի կարող զարգացնել մեր երկիրը: Չի կարող, քանի դեռ չի ազատվել պարտության մտածողությունից: Ինչը (ազատվելը) խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով վերջինիս, օրինակ, «Քյարքին Տիգրանաշեն ասելով նպաստում ենք պատերազմին» մտածողությունը: Կամ մեր հայրենիքի անբաժան մասը՝ Արցախն, այսպես կոչված, գոյություն չունեցած ինչ-որ բանի՝ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» հետ նույնացնելը: Եթե մեր պետության ղեկավարն իր ողջ գործունեությունը կառուցում է այդ մտածողության վրա, ապա դրանից ազատվելու մասին նույնիսկ մտածելն է անիմաստ:

Ինքը չի կարող Հայաստանը դարձնել բարեկեցիկ և օրինական՝ անգամ եթե ոչ թե չորրորդ, այլ տասներորդ հանրապետություն անվանի: Որովհետև նման բնույթի զարգացումը ենթադրում է նաև հզորացում՝ այդ թվում ռազմական առումով: Իսկ դա այն է, ինչը բախվելու է Փաշինյանի ուղեղում առկա պարտվողականության վիրուսին: Զարմանալիորեն 2020-ի հուլիսին այն չկար, այլապես Տավուշի դիրքային մարտերի բոլոր մասնակիցներին շքանշաններով չէր պարգևատրի: Ու մեկին էլ Ազգային հերոսի կոչում չէր տա: Եթե, իհարկե, դա լավ բեմադրված ներկայացում չէր: Հատկապես որ 2019-ին ՔՊ-ական շրջանակներում արդեն շրջանառվել է ծանր պարտության շոկի միջոցով արցախյան խնդրից, այսինքն՝ Արցախից «ազտվելու» գաղափարը:

Ինչևէ, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո դրա թիվ մեկ պատասխանատու և թիվ մեկ մեղավոր անձի ուղեղում անարգ թշնամուց վախը հիմնավորապես բույն է դրել: Ու չեմ կարծում, թե երբևէ այն դուրս կգա: Ինչը նշանակում է, որ այս օրերի աննորմալ ու ողբերգական վիճակից դուրս գալու ելքը միակն է՝ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը: Չգիտեմ, ինչպես դա կկատարվի և երբ, բայց որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հետագայում առնվազն գոյություն ունենա՝ էլ չասած զարգացման ու հզորացման մասին, դա պետք է պարտադիր կյանքի կոչվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել

Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել Thu, 17 Sep 2026 17:00:16 +0400 Ռուսաստանի Զինված ուժերը անցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով