Օձը գտնելուց հետո երեխաներին ու անձնակազմին տարհանել են
Thu, 17 Sep 2026 21:48:37 +0400

Երեկվանից Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզը չի գործում։ Պատճառը մանկապարտեզի ներսում հայտնված օձն է։
Մեզ հետ զրույցում Քաղցրաշենի մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանը հայտնեց․ «Որոնողական աշխատանքները այսօր էլ շարունակվում են։ Մանկապարտեզի գործունեությունը կասեցված է դեռ, մինչեւ օձը կգտնվի»։
Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ Գալստյանն ընդգծեց, որ միայն մեկ օձ է եղել․ «Մեկ փոքր օձ է եղել, նախորդ օրը միջանցքում նկատել է ավագ խմբի դաստիարակի օգնականը, իսկ երեկ առավոտյան նախաճաշից հետո միջին խմբի դաստիարակի օգնականն է նկատել սանհանգույցում։ Երկու անգամն էլ կանչ ենք գրանցել ՆԳՆ Փրկարար ծառայություն»։
Նրա խոսքով մանկապարտեզ հաճախում է 135 երեխա․ «Միջին խումբը, որի խմբասենյակի սանհանգույցում երեկ նկատել ենք օձին 30 երեխա է հաճախում, իսկ այդ օրը խմբում եղել է 26 երեխա։ Կարեւորը մեր բալիկներին կարողացել ենք անվնաս տարհանել։ Առավոտյան նախաճաշից հետո՝ ժամը 10։20 է դեպքը եղել, անվնաս տարհանել ենք ու միաժամանակ կանչ ենք գրանցել, որից հետո որոնողական աշխատանքները սկսել են։ Բոլոր երեխաներին ու աշխատակիցներին անվտանգության նկատառումներից ելնելով՝ տուն ենք ճանապարհել»։
Ըստ Գալստյանի, սա առաջին դեպքն է, երբ մանկապարտեզում օձ են նկատում․ «Իմ տնօրինած ժամանակահատվածում նախկինում երբեւէ նման դեպք չի գրանցվել։ Բայց հաշվի առնեով տարածաշրջանը, պետք է գիտակցենք, որ նման միջադեպերից ոչ ոք ապահովագրված չէ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր