Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Sat, 19 Sep 2026 18:45:42 +0400


Սարսափելի խցանում էր, ո՛չ առաջ, ո՛չ հետ, ո՛չ աջ, ո՛չ ձախ… Նյարդերս չէին դիմանում արդեն: Տեսա՝ ճար չկա, մեքենան բարձրացրի կիսաքանդված «մայթ» ու իջա՝ ծխելու: Մտածում էի՝ այդ ընթացքում խցանումը կթեթեւանա, ու կկարողանամ շարժվել: Մեկ, երկու, երեք գլանակ ծխեցի, չէ՝ խցանումը բացվելու միտք չուներ: Ի՞նչ անեմ… Հարեւանությամբ մի բավականին խոշոր սգո սրահ կար: Գիտեի, որ այդ սրահներում զով «կլիմա» եւ խմելու ջուր է լինում: Ասի՝ մտնեմ, մի բաժակ ջուր խմեմ, մի քիչ էլ նստեմ: Ի՞նչ է պատահել, ո՞վ պիտի արգելեր: Ի վերջո, հայ քրիստոնյա է հանգուցյալը՝ մոտիկների ձեռքը կսեղմեմ, հեռու կանգնածներին գլխի շարժումով կցավակցեմ, հանգուցյալի կողքին մի քիչ կնստեմ, դուրս կգամ: Պարզվեց՝ երկու «դահլիճ» կար․ մեկում՝ կնոջ, մյուսում՝ տղամարդու հոգեհանգիստ էր: Քայլերս ուղղեցի վերջինի կողմը, որը, ինձ թվաց, ավելի ընդարձակ էր:

Մոտեցա… Կյանքումս այդպիսի սխալ չէի գործել: Ինչքան ծանոթ ու անծանոթ ՔՊ-շնիկ կար, հավաքվել էր այդ սրահի ներսն ու դուրսը: Իսկ ես արդեն այնքան էի մոտեցել, որ անհարմար էր կրնկի վրա շրջվելն ու հետ դառնալը: Իրենք էլ, ախր, շուն են, ինձ արագ նույնականացրել էին ու մի տեսակ էին նայում իմ կողմը:
– Չէ, Էդո ջան, զադնի դնել չկա…
Մոտեցա՝ Սասունն էր, ՔՊ-ի ԱԺ նախագահական եռյակը, Քոչարյան Անդոն, էլի մի քանի հոգի, որոնց անունները ես չգիտեի: Քիչ հեռու ՔՊ-ական կանանց թռչնախումբն էր անդադար շաղակրատում:
– Դուք արդեն ներս մտե՞լ եք,- հարցրի:
– Այո, իհարկե, ինչպե՞ս կարող էինք չմտնել,- տխուր ասաց Քոչարյան Անդոն, ում առաջինն էի ձեռքով ցավակցել:
– Դե, ես էլ մի պահ մտնեմ, հետո կգամ՝ կզրուցենք:
Դեռ երկու քայլ չէի արել՝ մեկ էլ սրահում աղմուկ բարձրացավ: Ինչ-որ մեկն սկսեց անհասկանալի բառեր բղավել, ճչալ, ղժղժալ: Լսվեցին զուգահեռ բղավոցներ՝ դեղերը, դեղերը…
– Սկսվե՜ց,- ականջիս տակ լսեցի Սասունի քրթմնջոցը, ու ՔՊ-շնիկների խումբը, համարյա իմ վրայով, սուրաց դեպի դահլիճ, ուր, ենթադրաբար, հանգուցյալն էր դրված: Ես ներս մտա այն ժամանակ, երբ սրանք բոլորով շրջապատել էին հանգուցյալին, ու չէր երեւում, թե ինչ է կատարվում շրջանի ներսում:
Ճղճղոցն ավելի էր սաստկանում… Ընդհանուր իրարանցման մեջ ես ուշացումով նկատեցի Ալեն Սիմոնյանին: Նա հեռախոսի տենդագին ինչ-որ հեռախոսահամար էր փնտրում հեռախոսի մեջ:
– Ցավակցում եմ, պարոն Սիմոնյան, ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող եմ օգնել…
– Հիմա շտապ օգնություն ինչպե՞ս են զանգում:
– Շտապ օգնությո՞ւն, ո՞վ է վատացել…
– Հանգուցյալը:
– Հանգուցյա՞լը… Իսկ ո՞վ է նա:
– Ի՞նչ կարեւոր է, ասում եմ՝ վատացել է, համարը գիտե՞ս, զանգիր, թող շուտ գան:
– Զանգեմ՝ ի՞նչ ասեմ, Ալեն, ասեմ՝ հանգուցյալ է վատացել, շուտ եկե՞ք… Ավելի ճիշտ կլինի Տեր հայր կանչենք:
– Ի՛նչ Տեր հայր, ուզում ես լրի՞վ գժվի…
– Լավ, գոնե ինձ հանգուցյալի անուն-ազգանունն ասա, որ իմանամ՝ ինչպես նրան ներկայացնեմ շտապ օգնությանը: Ինչի՞ց է բողոքում…
– Ասա, որ չի ուզում պառկել դագաղի մեջ, տախտակներին է խփում, դըմփ, դըմփ, հու, սգո հանդիսականներին է սպառնում՝ կկզըցնեմ, ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ…
– Յա՜, յա՜, յա՜… Խեղճ մարդ… Լսիր, Ալեն, իսկ նա իսկապե՞ս մեռել է:
– Բա հո զոռով չե՞նք դրել դագաղի մեջ… Էս էլ բժշկի տեղեկանքը…
Ինքնաբերաբար թուղթը վերցրեցի Ալենի ձեռքից: Մի կերպ ընթերցելով մանր գրերը՝ հասա եզրակացության բաժնին: Գրված էր. «Պացիենտը մահացել է դիահերձումից»: Ցնցված էի, բայց մի կերպ ինձ հավաքեցի ու կրկին դիմեցի Ալենին.
– Լսիր, Ալեն, սա արդեն իմ գծով է, թույլ տվեք մոտենամ նրան ու հանգստացնեմ:
– Մենք երեկվանից ենք փորձում հանգստացնել: Համարյա համոզել էինք, որ ինքը չի մեռել, բայց հենց բերեցինք այստեղ, էլի սկսվեց: Երեւի ջոկեց, որ իր հոգեհանգիստն է:
– Ես նորից եմ քեզ ասում՝ սա իմ պրոֆիլն է, թողեք մոտենամ՝ հարցերը լուծեմ: Սրան որ հասցնեք պանթեոն, լրիվ անկառավարելի կդառնա, չեք կարողանա հուղարկավորել:
– Նստեց, վայ, մամա ջան, նստեց,- ծղրտաց մի կին…
– Հանգիստ, հանգիստ, ժողովուրդ ջան, չվախենաք,- իր հերթին ճչաց Ալենն ու թռավ շրջագծի մեջ:
Ես սպասում էի, որ նա նորից դուրս կգա ու ինձ կուղեկցի հանգուցյալի մոտ: Բայց սխալվում էի: ՔՊ-շնիկները ամբողջ կազմով հավաքվել էին հանգուցյալի գլխին եւ ուզում էին նրան զոռով պառկեցնել դագաղի մեջ: Սա ավելի բարձր սկսեց գոռալ՝ կկզըցնեմ, կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերին, արա, բա դուք խի՞ չեք մեռել…
Հարեւան սրահից մարդիկ եկան.
– Կներեք, մենք ճի՞շտ ենք հասկացել, որ ձեզ մոտ նույնպես հոգեհանգիստ է:
– Այո,- ասացի:
– Իսկ սա ի՞նչ աղմուկ է, դուք խանգարում եք մեր հանգուցյալի հոգեհանգիստը:
– Հազար ներողություն, բայց պետք է ասեմ, որ ոչ թե մենք, այլ մեր հանգուցյալն է աղմկում, նստել է դագաղի մեջ, չի ուզում պառկել: Բայց ես կարծում եմ՝ շուտով կպառկեցնենք, եւ նա կհանգստանա, կներեք…
Արմանք-զարմանք կտրած այդ մարդիկ լռելյայն գնացին իրենց հանգուցյալի մոտ, իսկ ինձ մի պարեկ մոտեցավ.
– Կներես, հոպար, այսինչ համարի ավտոմեքենան Ձե՞րն է:
– Այո, ախպոր տղա, իմն է, ի՞նչ կա:
– Պիտի տուգանեմ, մայթի վրա եք կայանել:
– Ժամանակ ես գտե՞լ, չե՞ս տեսնում, որ խառն ենք: Հանգուցյալը դագաղի մեջ նստել՝ չի թողնում հոգեհանգիստ անենք, իսկ դու՝ տուգանեմ…
– Լավ չհասկացա, ով է նստել դագաղի մե՞ջ…
– Դրա ժամանակը չէ, ախպոր տղա, կապ տուր, թող «պադկրիպլենի» գա, հա, էն դիմակավորներից: Տապալեք գետնին, ձեռնաշղթաներ հագցրեք, պառկեցրեք էն անտերի մեջ, մինչեւ վաղը թաղենք, ազատվենք սրանից:
– Հոպար, ձեռ ե՞ս առնում: Ո՞վ է «պադկրիպլենի» ուղարկում հանգուցյալի վրա: Կասեն՝ էս տղեն գժվել է:
– Ի՞նչ ասեմ, տղա ջան, մի զանգիր: Արի, ավելի լավ է, գնանք՝ ինձ տուգանիր:
Քայլում էինք դեպի մեքենաս: Ճանապարհին հարցնում է.
– Հոպար, կներես, էդ հանգուցյալը, որ ասում ես՝ նստել էր դագաղի մեջ, քո ի՞նչն է:
– Ոչ մի բանը, ախպոր տղա, ես էլ կարգին չճանաչեցի, հեռու հարեւան էր…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արհեստական բանականությունը սուպերհրաբխից վտանգավոր է․ գիտական վարկած

Արհեստական բանականությունը սուպերհրաբխից վտանգավոր է․ գիտական վարկած Fri, 18 Sep 2026 23:30:42 +0400 Արհեստական բանականությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով