Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

TRIPP-նորաձեւ փուչիկ

TRIPP-նորաձեւ փուչիկ

Wed, 23 Sep 2026 18:45:54 +0400


TRIPP-ն ընդամենը փուչիկ է, նորաձեւ գուցե, բայց փուչիկ եւ ոչինչ՝ փուչիկից բացի: Ինքն ուռած-փքված մի բան է, բայց ներսում օդ է միայն: Կպայթի մի օր, թե չի պայթի, չգիտեմ: Դա կախված է այն բանից, թե դեռ որքան ժամանակ այն կծառայի Փաշինյանին՝ որպես քարզչական նյութ: Թե բա՝ մենք, Թրամփի ու Ալիեւի հետ, ստորագրել ենք TRIPP-ի թուղթը: Այս հայտարարության մեջ գլխավորը ոչ թե TRIPP-ի ստորագրման փաստի արձանագրումն է, այլ՝ այն, որ ինքը Թրամփի եւ Ալիեւի հետ եղել է նույն սեղանի շուրջ: Մենք տեսել ենք այդ կրկեսային կադրերը, որոնք, ճիշտ է, ավարտվեցին ստորագրման պրոցեդուրայով, բայց ստորագրողների հրճվալից դեմքերը միանգամայն այլ բան էին փոխանցում: Թրամփն ու Ալիեւը ուրախ էին, որ «քցում էին» Նիկոլին, իսկ Նիկոլն ուրախ էր, որովհետեւ չէր հասկանում, որ Թրամփն ու Ալիեւը» «քցում են» իրեն: Նիկոլի համար ամենակարեւորն այն էր, որ այլեւս ոչ ոք չհամարձակվի ասել՝ միջանցք ես տալու: Ահա, խնդրեմ, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների հետ ճանապարհ ենք բացում, որի մի մասն անցնելու է Հայաստանով:

Նիկոլի սպասելիքը, սակայն, չարդարացավ: Ալիեւը, ստորագրումից մի քանի օր անց, առաջինը հայտարարեց, որ TRIPP-ը, չնայած Թրամփի ստորագրությանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ «Զանգեզուրի միջանցք»: Թրամփը, իհարկե, Ալիեւի այդ հայտարարության կապակցությամբ համեստորեն լռեց, փոխարենը Նիկոլը հայտնվեց անհարմար վիճակում՝ չիմանալով ինչ ասել: Պարզվեց, որ Հայաստանն իսկապես անելիք չունի այդ ծրագրում, եթե չհաշվենք Թրամփի «խոստումները», թե եկամտից տոկոսներ կտան Հայաստանին: Փաշինյանին, անհարմար դրությունից դուրս գալու համար նույնիսկ այս խոստումներն էին բավական, բայց նա արդեն ինչքան ժամանակ է՝ չի կարողանում պարզել, թե այդ եկամուտներն ովքեր են ստանալու եւ ինչպես են մաս հանելու Հայաստանին: Ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ Ալիեւը Նախիջեւանից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռներ է փոխադրելու եւ Նիկոլին փող է տալու դրա դիմաց: Եվ սա՝ այն դեպքում, որ TRIPP-ի վրա կամ ներսում պիտի հայ չլինի: Մենք չենք իմանալու ո՛չ այդ բեռների ինչ լինելը, ո՛չ ծավալները, բայց մեզ փող են տալու, որովհետեւ մեր տարածքով է այն անցնում: Ալիեւն է ու այդ փողը չտվեց, ի՞նչ ենք անելու: Հո պատերազմ չե՞նք սկսի: Փաշինյանը շատ հետաքրքիր «ատմազկա» է մտածել այս իրավիճակից: Նա հայ ժողովրդին լրիվ էն կենդանու տեղն է դնում ու ասում՝ բա գիտե՜ք, TRIPP-ն էնքան էլ մեր տարածքով չի անցնում, Մեղրիի (Ագարակի) է՜է՜է՜ն եզրով է անցնում, համարյա Արաքսի վրայով… Հասկացանք, չէ՞, որ միջանցք ենք տվել եւ ոչ թե դուրս եկել շրջափակումից, ինչպես մեզ հավատացնում էր Թրամփը, ու ինչպես նրան ձայնակցում էր Նիկոլը:

ՀՀ Անկախության տոնակատարությունից մի քանի օր առաջ, իսկ ավելի ստույգ՝ սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի եւ ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։ Նրա խոսքով՝ նախատեսվող երթուղու գործարկման շրջանակում ադրբեջանական կողմը վերահսկելու է ճանապարհի մուտքն ու ելքը։ ՀՀ անկախության տոնին պատրաստվող Արարատ Միրզոյանը՝ այլեւս առեւտրի նախարար, չի էլ բարեհաճել Հաջիեւից հետաքրքրվել, թե ինչ մեխանիզմով է իրականացվելու այդ վերահսկողությունը, եւ ինչ լիազորություններ են նախատեսվում ադրբեջանական կողմի համար։ Իսկ գիտե՞ք, թե ինչու չի հետաքրքրվել: Չի հետաքրքրվել, որովհետեւ գիտի, որ Հայաստանն այս ծրագրում որեւէ կողմ չէ, անելիք չունի: Հայաստանից հասնում էր «միջանցքը տալ»՝ տվել է: Նիկոլը կամ Միրզոյան Արոն ի՞նչ կարող են անել «միջանցքը» տալուց հետո, բացի լռելն ու Հաջիեւի հայտարարությունները ներհայաստանյան աղմուկներով խլացնելը: Հաջիեւը դեռ ավելի այլանդակ բան է ասել: Ըստ նրա՝ TRIPP ծրագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծում՝ Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։ Ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանը կարող է օգտվել իր տարածքով անցնող այդ ճանապարհից:
Ի՞նչ ասեմ, հայեր ջան, լավ տժժացի՞ք սեպտեմբերի 21-ին: Շարունակեք տժժալ, Նիկոլն արդեն աշխատավարձերի բարձրացումից է խոսում, մեռելների փողով թոշակների բարձրացումից… Էս է՝ ավելի ճոխ եք ապրելու, ոչ թե 5, այլ մի 10 անգամ կարող եք մեկնել Լառնակա ու վերադառնալ… Տավուշից մինչեւ Տիգրանաշեն դեռ տալու բաներ կան… Հայեր ջան, դուք տժժացեք, շարունակեք ոչինչ չնկատել, զատո նախկինները «չեն վերադառնում»…

Հա, քիչ էր մնացել մոռանայի: ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն էլ կար մեր սեպտեմբերի 21-ը շնորհավորողների թվում: Գրել էր՝ ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին. մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը… Միրզոյան Արոն, բնականաբար, Ռուբիոյին եւս չի անդրադարձել, քանի որ դժվար է գլուխ հանել այս ամերիկացու տարօրինակ խոսքից: Նույնիսկ ես եմ դժվարանում հասկանալ, թե ինչ է ուզեցել ասել ԱՄՆ պետքարտուղարը: Դեռ պետք է մի երկու հարց պարզել: Դիցուք, պարոն Ռուբիո, ովքե՞ր են սպասում TRIPP-ի առաջմղմանը: Դուք ասում եք՝ մենք: Նկատի ունեք Ձեզ ու Թրամփի՞ն, թե՞ նաեւ Ալիեւին ու Էրդողանին, որ «յալվար» են TRIPP-ը մեկ ժամ շուտ բացելու հարցում: Դուք, պարոն Ռուբիո, հայ ժողովրդի՞ց եք պահանջում (անհամբեր սպասում) առաջ մղել TRIPP-ը: Նիկոլի հետ եք ստորագրել, Նիկոլից էլ պահանջեք, որ առաջ տա TRIPP-ը: Դուք, ինչ է, չգիտեի՞ք, թե ում հետ եք գործ բռնում: Նրա բերանում «չէ» բառը չկա, ախր, աջ ու ձախ տալիս է ամեն ինչ՝ առանց հասկանալու Հայաստանի ու հայ ժողովրդի շահը: Դուք այդ միջանցքով Հայաստանը կտրեցիք Իրանից, ասել է՝ հանցանք գործեցիք, ու դեռ անհամբեր սպասում եք, որ հայ ժողովո՞ւրդն առաջ մղի այն…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք Wed, 23 Sep 2026 09:45:42 +0400 Մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով