Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ով չթողեց Հայաստանին միանալ ԵՄ հայտարարությանը

Ով չթողեց Հայաստանին միանալ ԵՄ հայտարարությանը

Fri, 25 Sep 2026 18:15:42 +0400


Մտերիմներիցս մեկն ինձ հարցրեց, թե ինչու որեւէ եվրոպական երկիր չշնորհավորեց Հայաստանին՝ Անկախության տոնի առիթով: Այդ հարցի պատասխանը ես չունեի, բայց այսօր արդեն առավել քան պարզ է. Հայաստանը չի միացել եվրոպական նախաձեռնությանը, որով Ռուսաստանին կոչ է արվում դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հայաստանը հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որի նախաձեռնողը ԵՄ-ն է, այն ներկայացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը: Իբրեւ թե եվրաինտեգրացիայի ճանապարհն ընտրած Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը ստորագրել են ԵՄ անդամ բոլոր երկրները, անդամության թեկնածու Վրաստանը, որի հարաբերությունները ԵՄ-ի հետ լարված են, ԵՄ-ից դուրս եկած Միացյալ Թագավորությունը, անդամության թեկնածուներ Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան, իսկ Հայաստանը չի միացել: Էլ ինչի՞ պետք է ԵՄ-ն կամ ԵՄ որեւէ անդամ երկիր շնորհավորի Հայաստանին, երբ տեսնում են, թե ինչ երկդիմի խաղեր է տալիս Հայաստանի իշխանությունը: Բայց չմտածեք, թե Հայաստանը դա արել է հանուն Ռուսաստանի, հանուն այն բանի, որ չփչացնի առանց այդ էլ փչացած հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ամենեւին ոչ:

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկից առաջ 50 երկիր եւ ԵՄ-ն ստորագրել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մենք ձգտում ենք խաղաղության։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, համաձայնի հրադադարի եւ կառուցողականորեն ներգրավվի բանակցություններում՝ միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ, արդար եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար»: Այս հայտարարությունը դեկլարատիվ բնույթ ունի եւ ոչ մի պարտավորեցնող ուժ: Այսպիսի հայտարարություններ ընդունվել են՝ որքան ասես: Այնպես որ, դրան կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, եթե չլիներ մեզ համար կարեւոր մեկ հանգամանք` Հայաստանին դրա չմիանալը: Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, երբ Ռուսաստանը Հայաստանին զրկում է իր շուկա մուտքի արտոնությունից, երբ սպառնում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխող խմբակցությունն օրենք է ընդունել Եվրոպական Միության հետ ինտեգրման գործընթաց սկսելու մասին, Հայաստանի իշխանությունը վերցնում եւ չի միանում համաեվրոպական մի նախաձեռնության, որին միացել են հավաքական Արեւմուտքի հետ ասոցացվող գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Կանադան, Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան եւ այլն:

Ինչո՞ւ է Հայաստանն իրեն դուրս դրել համաեվրոպական այս նախաձեռնությունից․ որովհետեւ այս նախաձեռնությանը չեն միացել Թուրքիան եւ Ադրբեջանը: Իսկ ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ մի նախաձեռնության, որտեղ չկա նրա իրական վերադասը` Թուրքիան եւ Ադրբեջանը: Թե ինչու Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միացել այս նախաձեռնությանը, կարելի է միայն կռահել. Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները պահելու խնդիր ունի` ներմուծում է ռուսական գազ, ռուսական գազի մեծ հաբ ունի իր տարածքում, որից հսկայական շահույթ է ստանում, Ռուսաստանն իր միջոցներով Թուրքիայի տարածքում կառուցում է 4800 մեգավատ ժամ հզորությամբ ատոմակայան, Ադրբեջանը եւս ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ վերաարտահանում է եվրոպական շուկաներ եւ միլիարդների շահույթ է ստանում: Եվրոպական երկրները Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ չունեն, չեն կարող հրաժարվել ո՛չ նավթից, ո՛չ գազից, առանց այն էլ էներգետիկ ճգնաժամի մեջ են: Չմիանալով այդ նախաձեռնությանը՝ նրանք ընդգծել են իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը, համերաշխությունը գլոբալ Հարավին, որը հիմա ակտիվորեն հանդես է գալիս որպես հավաքական Արեւմուտքի այլընտրանք եւ հակակշիռ:

Հայաստանին թույլ չտալով միանալ այդ հայտարարությանը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ԵՄ-ին եւ ԵՄ երկրներին ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ թե ընտրել է եվրոպական ինտեգրացիայի, այլ, իրականում, թուրքական ինտեգրացիայի ուղին` իրենք ինչպես հրահանգեն, այնպես էլ Հայաստանի իշխանությունը կշարժվի:

Այնպես որ, ԵՄ-ում վերջնականապես հասկացել են, որ Հայաստանն անկախություն չունի, կտրելով Հայաստանը Ռուսաստանից, այն վերածել են թուրքական վասալի, իսկ վասալները ո՛չ անկախություն են ունենում, ո՛չ անկախության տոն, որ մի հատ էլ շնորհավորեն կամ չշնորհավորեն:

Հանուն արդարության պետք է ասել, որ այս հայտարարությանը չի միացել նաեւ Միացյալ Նահանգները, բայց դա ամենեւին չի փոխում խնդրի էությունը, քանի որ Միացյալ Նահանգներն ամենեւին էլ դեմ չէ Հայաստանի կողմից թուրքական վասալիտետի ընդունմանը, ընդհակառակը՝ ամեն ինչ արել է՝ այդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Fri, 25 Sep 2026 17:15:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով