Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ

«Հրապարակ». Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ

Sat, 26 Sep 2026 11:45:42 +0400


Հարցազրույց դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ եւ նկարիչ Արման Նուռի հետ

– Դուք պատրաստվում ենք Ձեր նոր ցուցահանդեսին: Ե՞րբ եւ որտե՞ղ է բացվելու, ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու:

– Առաջիկա ցուցահանդեսը, որին շատ ինտենսիվ պատրաստվում եմ, Փարիզում` Մոնմարտրում է բացվելու՝ հոկտեմբերի 13-ին: Իմ անհատական ցուցահանդեսն է լինելու, որը շատ փարիզյան անվանում եւ խորագիր ունի, կոչվում է «Իմ սիրելի սիրուհիները»: Ցուցադրված կլինի 32 գեղանկարչական աշխատանք, որոնք նախապատրաստական վերջին փուլում են այս պահին:

– Ինչպե՞ս հաջողվեց, հրավերը Փարիզի՞ց էր:

– Ես ամեն տարի փետրվար ամսին մասնակցում եմ Փարիզի «Արթ Կապիտալ» սալոնին, որը Եվրոպայի ամենամեծ արվեստի միջոցառումն է, որին ներկայանում են 7 հազարից ավելի արվեստագետներ՝ աշխարհից: Դա արվում է այն նպատակով, որ տարվա օրացույցը կազմվի, որովհետեւ այնտեղից գալիս են հրավերներ: Իսկ այս տարվա փետրվարին իմ ներկայացրած «Աբստրակտ նատյուրմորտ»-ը, որը համարվեց նոր ուղղության հիմնում գեղանկարչության մեջ՝ այդ մեծ ցուցահանդեսի շնորհիվ, հնարավորություն տվեց, որ բազում առաջարկներ ստանամ: Եվ այս տարի արդեն ունեցել եմ երկու ցուցահանդես՝ Իսպանիայում, նախատեսվում է ցուցահանդես Բելգիայում՝ մինչեւ տարեվերջ: Այսպես շարունակում եմ տարվա օրացույցս լրացնել: Իսկ Փարիզի այս ցուցահանդեսն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ իմ առաջին անհատական ցուցահանդեսն է` ներկայանալ անհատական հավաքածուով Մոնմարտրում, որն ինձ համար շատ կարեւոր եւ պատասխանատու իրադարձություն է:

– Ի՞նչ ճանապարհ պետք է անցնի Հայաստանում ստեղծագործող արվեստագետը, որ կարողանա ներկայանալ միջազգային ասպարեզում:

– Շատ կարեւոր է, որ արվեստագետը լինի ճանաչելի իր արվեստով, այսինքն՝ այնքան տարբերվի եւ առանձնանա մյուսներից, որ իրեն նկատեն: Այս պարագայում կապ չունի առհասարակ քո երկրում հայտնի լինելը: Ես մեր երկրում հայտնի եմ, բայց աշխարհում այդ հայտնիությունը չունեմ, որի շնորհիվ հրավիրեն: Երբ աշխարհից հրավիրված 7 հազար նկարիչների մեջ դու նկատվում ես, եւ քեզ առաջարկներ են անում, դա նշանակում է, որ քո արվեստն առանձնանում է իր ոճով եւ միանգամից աչքի է զարնում: Շատ դժվար է 7 հազար նկարչի մեջ կողմնորոշվել, որովհետեւ չափից շատ է ինֆորմացիան, անգամ ինձ համար է դժվար ինչ-որ բանի վրա ֆիքսվել, երբ քայլում եմ այդ ցուցահանդեսով: Եվ եթե դու առանձնանում ես քո տեսակով, քո ձեռագրով, ոչ մեկին նման չես, քեզ նկատում են եւ հրավիրում: Այստեղ երկրիդ չափերը կապ չունեն: Նույն՝ ֆրանսիացի նկարիչները, որ ապրում են այնտեղ եւ մասնակցում են տվյալ ցուցահանդեսին, նրանցից շատ-շատերն աննկատ են անցնում եւ չեն ստանում հրավերներ: Այստեղ հենց արվեստն է, յուրօրինակությունն է, որ ուշադրություն է գրավում, մարդիկ ուզում են քեզ հետ աշխատել եւ առաջարկներ են ուղարկում:

– Արդյո՞ք նման դեպքերում մեր կառավարությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարությունը, հանուն մեր երկրի եւ աշխարհում մեր մշակույթի տարածման՝ «թեւութիկունք» են կանգնում արվեստագետին:

– Շատ ցավոտ հարց տվեցիք, քանի որ չկա եւ չի էլ եղել այդ ուշադրությունը: Ես երբեք չեմ դիմել, որեւէ բան չեմ ուզել եւ առնչություն չեմ ունեցել: Միշտ ոտքս մեկնել եմ իմ վերմակի չափով: Երբ իմ «Ճանճ» նախագիծը հաղթեց Ֆլորենցիայի բիենալեում՝ 2017թ., եւ ոսկե մեդալի արժանացավ, որն աննախադեպ էր ու անհնարինների շարքից եւ ոսկե մեդալի արժանացավ, անգամ այդ ժամանակ, եթե ասեմ, որ մեր նախարարությունն ինչ-որ առանձնահատուկ ուշադրություն դարձրեց, սուտ կլինի: Փոխարենը լրատվամիջոցները շատ ուշադրություն դարձրին: Բայց պետությունը երբեք դա չի արժեւորում եւ դրանով քո երկիրը գովազդում աշխարհին: Իսկ դա, մեծ հաշվով, դրա համար էր արված, այսինքն՝ իմ հաղթանակները պետք է լինեին պետության հաղթանակները: Երբ սպորտում մարզիկը հաղթում է, դա պետության հաղթանակն է, բայց, չգիտես ինչու, արվեստում այդպես չէ: Մեր պետության հետաքրքրությունները սահմանափակվում են Եվրատեսիլով, ինչը շատ ծիծաղելի է, իհարկե՝ որակական առումով: Երեւի թե ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա մարդիկ իրենց տեղում չեն:

– Արդյո՞ք պետությունը նաեւ նրա համար չէ, որ իր արվեստագետին սատարի եւ աշխարհին նրա մշակույթը ճանաչելի դարձնի:

– Պետական ծրագիր, մտածողություն պետք է լինի, երբ իր երկրի անհատն իր տաղանդով կարողացել է աշխարհում ուշադրություն գրավել, կարողանա դրանից օգտվել: Օրինակ, երբ «Ճանճ»-ը հաղթեց, հաջորդ տարի` 2018-ին, եղավ ցուցահանդես Գաֆեսճյան կենտրոնում, եւ Իտալիայից մեծ ներկայացուցչություն եկավ՝ առանց պետական հրավերի, բայց իրենք պետության ներկայացուցիչներ էին եւ շատ հետաքրքիր առաջարկներ արեցին մեր պետությանը: Առաջարկեցին, որ 2019թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվի եվրոպական մշակութային մայրաքաղաք: Դա շատ մեծ իրադարձություն էր, որին պատասխան չտրվեց առհասարակ: Առաջարկվեց, որ Իտալիայում բացվի հայկական արվեստի պլատֆորմ, եւ էլի առաջարկներ, որոնք բոլորովին անպատասխան մնացին, չնայած որ պետությանն ընդամենը համաձայնել էր պետք: Հիմա հետադարձ հայացքով հասկանում եմ, թե ինչու այդպես եղավ, որովհետեւ այն կառավարությունը, որը եկել էր եւ մինչեւ հիմա զբաղեցնում է երկրի գլուխը, հասկանում էր, թե ուր է տանում երկիրը, եւ իրեն պետք չէր, որ նման նվաճումներ պետությունն ունենա, որովհետեւ դա ուշադրություն կգրավեր, ինչը կխանգարեր իրենց սեւ գործն անելուն: Սա շատ տխուր է, քանի որ ես չգիտեմ, թե մեկ էլ երբ մենք Ֆլորենցիայի բիենալեում կհաղթենք: Մինչ այդ երբեք չէր եղել, ասեմ ավելին՝ հետխորհրդային պետությունների մեջ չէր եղել: Եվ այդ դիվիդենտները, որ կարող էր ստանալ պետությունը, մենք այլեւս ստանալ չենք կարողանա:
Բացի դրանից, երբ ես նախապատրաստում էի «Ճանճ»-ի ցուցադրությունը աշխարհի տարբեր երկրներում, օրինակ, դեսպաններ եւ որոշակի ներկայացուցիչներ որ պետք է աջակցեին, քանի որ այդ նախագիծը կարող էր գովազդել մեր երկիրը եւ համբավ բերել, այդ մարդիկ ասում էին` Հայաստանը ճանճո՞վ պիտի ներկայանա, ամոթ չի՞, բա խաչքարը, բա գորգը, դրանք ճանճո՞վ փոխարինենք: Դա՝ այն դեպքում, երբ բիենալեի նախագահը հաղթանակը հանձնելու պահին հայտարարեց` ես չեմ զարմանում, որ նման սիրո պատմությունը եկել է առաջին քրիստոնյա երկրից, որ միայն այդպիսի երկիրը կարող էր նման սիրո գաղափարախոսություն բերել: Ցավոք սրտի, մեր չինովնիկները, չհասկանալով արվեստ, չունեն էդ համեստությունը, որ դիմեն հասկացողին:

– Մի կողմից՝ մեր անհատները ստեղծել եւ ստեղծում են արժեքներ, մյուս կողմից՝ մեր ներկա կառավարությունը ստիպում է մոռանալ, ուրանալ, հրաժարվել մեր հազարամյա արժեքներից: Սա հնարավո՞ր է ընկալել:

– Պետք է հասկանալ՝ արդյո՞ք մեր կառավարությունը մեր կառավարությունն է, արդյո՞ք կարելի է մեր կառավարությանն անվանել ՀՀ կառավարություն: Եթե այդպես գրված է, դա դեռ չի նշանակում, որ իրականում դա այդպես է: Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ, այլ քո թշնամու կառավարությունն է: Եթե թշնամու կառավարությունն է, արդեն ամեն ինչ հասկանալի է, ընկնում է իր տեղը, եւ հարցը վերանում է: Եթե այսօր մենք ունենք ազգի թշնամի կառավարություն, այլեւս ուրիշ հարց չունենք: Ո՞նց անենք, որ էդ կառավարությունը էլ չլինի կառավարություն, եւ վերջ: Ազատվենք էդ կառավարությունից, միակ հարցը դա է մնում: Բայց թե ինչու է այդպես լինում, պարզ չի՞․ որովհետեւ թշնամին պիտի այդպես վարվի: Քո ազգային արժեքները, քո կրոնը եւ այն ամենը, որից քո ազգն է կառուցված, պիտի վերացնի նման կառավարությունը, քանի որ ինքը թշնամի է: Այսքան մի բան: Ինձ թվում է՝ շատ պարզ է, եւ մեծ ուղեղ պետք չէ ունենալ՝ սա հասկանալու համար:

– Թշնամին դրսից է ավերում, մեր կառավարությունը` ներսից: Սա «հաջողված» երկխոսությո՞ւն է:

– Ուղղակի թշնամին կարողացել է ամբողջությամբ գրավել մեզ, քանի որ գրավել է մեր կառավարությունը: Դա պետք է ընկալենք, որպեսզի հասկանանք, թե ոնց ազատագրվենք, ոնց անկախանանք նորից, քանի որ մենք հիմա անկախ չենք, որովհետեւ մենք գրավված ենք այսօր: Հարցը միայն Արցախի մասին չէ, հարցը բոլորիս մասին է: Մենք գրավված ենք, քանի որ մեր կառավարությունը մեր ազգի թշնամին է, ինքը գործում է մեր ազգի շահերին դեմ: Եվ չկա երկխոսություն, կա մի թշնամի, որը ե՛ւ այնտեղ է, ե՛ւ այստեղ է: Սա երկխոսություն չէ, բոլորը մեկ կողմից են խոսում, թշնամու կողմից: Ես չգիտեմ՝ արդյո՞ք մեր պատմության մեջ այսպիսի իրավիճակում երբեւէ եղել ենք: Ես չեմ կարող պատկերացնել, որ երբեւէ այսքան գրավված լինեինք: Քանի որ անգամ երբ չենք ունեցել պետականություն եւ եղել ենք այլ երկրների լծի տակ, այդ ժամանակ էլ մեր ազգայինն իրավունք ենք ունեցել պահպանել, մեր եկեղեցին, մեր ազգային սովորույթները, մեր լեզուն: Իսկ այսօր անգամ դրանք են վտանգված: Եվ միակ հարցը, նորից եմ ասում, որ կարող է առաջանալ` ոնց անենք, որ ազատվենք այս կառավարությունից:

– Արցախի հայաթափման 3-րդ տարելիցի օրը Հայաստանի որոշ համայնքներում տոնախմբություն էր, պար էին բռնել մեր ողբերգության վրա: Ինչպե՞ս մոռացան այդքան արագ:

– Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են այսօր Հայաստանում, որոնք շատ երկրներում են կիրառվել: Շեղել ինչ-որ իրադարձություններով, այսպիսի հին հռոմեական արտահայտություն կա` հաց եւ խրախճանք: Այս նույն տեխնոլոգիան է, եւ մարդիկ չեն էլ հասկանում, թե ոնց են ընկնում դրա տակ, չեն էլ գիտակցում, թե դա ոնց է ստացվում: Երբ սուտն ասվում է այն արագությամբ, որ դու չես հասցնում հակադարձել, հոգնում ես ուղղակի, սկսում ես չլսել, այլապես լռում ես, ինչպես Կոմիտասը: Եվ զարմանալի չէ, որ մեր հասարակության մեծ հատվածն ուղղակի լռել է, հոգնել է: Որովհետեւ սուտն էն արագությամբ է դուրս բերվում, որ հոգնում ես հակադարձել: Սկզբում հակադարձում ես, բայց մեկ, երկու, երեք՝ հասկանում ես, որ էլ չես հասցնում, մեկ էլ մի օր այլապես լռում ես: Երբ այլասերվածությունը հասնում է էն գագաթնակետին, որից հետո էլ չես կարող ոչինչ անել, քո ներքին ուժն այլեւս չի հերիքում դրա դեմն առնել: Ինչո՞ւ Կոմիտասը լռեց: Լռեց հենց էդ այլասերվածությունից, էդ այլանդակությունից, որն էն քանակությամբ էր, որ էլ չէր կարող, հոգնեց եւ ասեց` ես լռում եմ: Հիմա նույնը արել են մեր ազգի հետ, ազգը լռել է, եւ շատ ցավալի է սա: Արժեքների սանդղակն իջել է զրոյական կետի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400 Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով