Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում

«Հրապարակ»․ Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում

Thu, 01 Oct 2026 08:45:38 +0400


Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս պահը նախագծի քննարկման համար «հատուկ պատրաստություն» չի տեսել, ընդդիմադիր խմբակցություններում խոր անորոշություն է՝ արդյոք քննարկումն ուղեկցե՞ն բողոքի ակցիաների կազմակերպմամբ, թե՝ ոչ: Սակայն իշխանականները, կանխատեսելով վատագույն սցենար, արդեն «հավսար-զգաստ» վիճակի են բերվել: Նրանց ասվել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության համար հիմա ամենակարեւորն այդ համաձայնագրի ստորագրումն է, որին պետք է հաջորդի նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գործընթացը, որի ժամանակ ավելի բարդ խնդիր պետք է լուծի իշխանությունը։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին այս համաձայնագրով ստանձնվող պարտավորություններն արդեն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է: Ազգային ժողովում համաձայնագրի վավերացումով կյանքի կկոչվի, շատերի կարծիքով, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչն իշխանությունները քողարկել են «Թրամփի ուղի» անվան տակ, որպեսզի հանրությունը չգիտակցի այս ճանապարհի «միջանցքային» տրամաբանությունը, այն է` առանց հայկական կողմի վերահսկողության ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որը մեր հարեւան ագրեսորների վաղեմի երազանքի իրագործումն է։
Իշխանականները, սակայն, գրեթե վստահ են, որ համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իրեն «կուլտուրական» է պահելու, քանի որ գոնե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին։

Նշենք, որ արդարադատության նախարարությունը բավականին արտառոց եզրակացություն է տվել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը Հայաստանի օրենքներին հակասող դրույթներ է պարունակում եւ պահանջում է օրենսդրական փոփոխություն եւ նոր օրենքի ընդունում, բայց համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով՝ եզրահանգել են, թե այն վավերացման ենթակա է: Օրինակ, Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները, TRIPP-ով անցնող-դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի՝ ֆրոնթ օֆիսի համաձայնությանը եւս անդրադարձել են, բայց` խիստ անորոշ: Պետական սահմանի մասին օրենքով՝ մարդիկ ու բեռները սահմանը կարող են հատել նաեւ միջազգային պայմանագրերի համաձայն, բայց արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավորի ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաեւ նույն օրենքի մեկ այլ ձեւակերպում է մեջբերել, բայց առանց որեւէ եզրահանգման:

«Հարկ է նշել, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլ գույքի բացթողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային մարմինները: Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման եւ պետական սահմանով բացթողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին»,- նշում է նախարարությունը` անորոշ տոնայնությամբ, որ չես հասկանում` դե՞մ է, թե՞ կողմ այս համաձայնագրին: Եթե կողմ է, ի՞նչ իմաստ ունի նման արտահայտություն գրելը, եթե դեմ է, ինչո՞ւ հստակ չի ասվում այդ մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև Fri, 02 Oct 2026 10:30:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով