Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորին
Sat, 03 Oct 2026 12:15:23 +0400

Ադրբեջանում շարունակում են քննարկել Լաչինի ուղղությամբ ծառայություն իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու հանգամանքները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ զինծառայողի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել, իսկ նախաքննության ընթացքում պարզել են, որ նա ինքնակամ լքել է զորամասը։ Ավելի ուշ իրենց հայտնի է դարձել, որ Մուսաևը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է հայկական իրավասու մարմինների կողմից։
Ադրբեջանական Globalinfo.az-ին տված հարցազրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ, գնդապետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ այս պահին դեպքի իրական պատճառները հստակ չեն, անհրաժեշտ է ամբողջական ու օբյեկտիվ քննություն։ «Այստեղ կարող են տարբեր պատճառներ լինել։ Այդ պատճառները պարզելու համար պետք է համակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվի»,- ասել է Ջաֆարովը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նմանատիպ դեպք չէր արձանագրվել, ուստի այժմ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Նա նաև նշել է, որ եթե պարզվի, որ զինծառայողը կամավոր է անցել հակառակ կողմ, նրա նկատմամբ իրավական պատասխանատվությունը կարող է ավելի ծանր լինել։ Բայց եթե, ըստ Ջաֆարովի, պարզվի, որ նա մոլորվել է կամ սահմանը հատել է որևէ այլ պատճառով, ապա իրավիճակը կարող է բոլորովին այլ գնահատական ստանալ. «Եթե նա գիտակցված կերպով է այդ քայլը կատարել, նրա գործողություններին իրավական գնահատական կտրվի։ Եթե դեպքը տեղի է ունեցել այլ պատճառով, նրա նկատմամբ վերաբերմունքը նույնպես բոլորովին այլ կլինի»։ Ջաֆարովը մեկ այլ հարցազրույցում էլ անդրադարձել է այն տեղեկություններին, որ Մուսաևը Հայաստանում` Շաքի գյուղում հայ կնոջ վրա է կրակել: Նա կարծում է, որ այժմ հնարավոր չէ վստահ ասել՝ ինչ պայմաններում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում, դրա պատասխանը կտա միայն հետաքննությունը. «Մենք՝ հեռվից գտնվող մարդիկ, այս մասին կարող ենք միայն ենթադրություններ անել»,- նշել է նա և չի բացառել, որ եթե պարզվի՝ զինծառայողը պարզապես մոլորվել և պատահաբար է անցել սահմանը, ապա կարող է կազմակերպվել նրա վերադարձը Ադրբեջան։ Իսկ եթե նա չցանկանա վերադառնալ, ըստ Ջաֆարովի, իրավիճակն այլ ընթացք կստանա։
Հ.Գ Ակնհայտորեն ադրբեջանական կողմը փորձում է հերթական կեղծ վարկածն առաջ քաշել, իբրև թե զինված զինծառայողը մոլորվել է: Ադրբեջանցի ռազմական փորձագետը նաև կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ նա հայ կնոջ վրա է կրակել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր