Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ ընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի
Sat, 03 Oct 2026 19:15:30 +0400

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանը։
Վերջինս իր նախընտրական ծրագրով խոստանում է ավելի շատ կազմակերպել համայնքային տոներ, փառատոններ և մշակութային միջոցառումներ։ Ի դեպ, ինչպես Հարությունյանի՝ 2021թ-ի նախընտրական ծրագրում, այս ընտրություններում եւս նա խոստացել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում եւ նորոգում, արտաքին լուսավորության արդիականացում, ինչպես նաեւ հյուրանոցների ու հյուրատների աջակցություն։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հարությունյանի հետ, պարզելու համար, թե առարկայական ի՞նչ տարբերություններ կան 2021 եւ 2026թվականների նախընտրական ծրագրերում եւ որքանով են իրագործվել նախորդ ընտրություններին տրված խոստումները։ Բայց այս տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Ծաղկաձորի անտառներն ու կանաչ տարածքը ոչնչացվել է, բազմաթիվ բարձրահարկեր են կառուցվել` խաթարելով առողջարանային քաղաքի միջավայրը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր