Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

Sat, 03 Oct 2026 23:37:08 +0400


Համատեղ հայտարարություն

Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 25 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Բրունո Ռետայոն, Մարին Տոնդելյեն և Էդուար Ֆիլիպը, կոչ են անում անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին, որոնք 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական կալանքի տակ։

Նրանց մեծ մասը ձերբակալվել է այն ժամանակ, երբ ուղեկցում էր իր ժողովրդին՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային տեղահանության և տարածաշրջանի հայաթափման ընթացքում։ Քսան հայեր Ադրբեջանի իշխանությունների կողմից դատապարտվել են ծանր պատիժների, իսկ նրանցից ոմանք՝ անգամ ցմահ ազատազրկման։

Այս բանտարկյալների ճակատագիրը, որոնք ամբողջությամբ մեկուսացված են արտաքին աշխարհից և գտնվում են իրենց բանտապահների լիակատար վերահսկողության ներքո, երկար ժամանակ է՝ խոր մտահոգություն է առաջացնում։ Նրանցից ոմանք արդեն երեք տարի է՝ գտնվում են անազատության մեջ, իսկ մյուսները՝ գրեթե վեց տարի՝ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սկսված պատերազմի ընթացքում գերեվարվելուց հետո։

Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև երկու ամսից պակաս ժամանակ առաջ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, պահանջել են նրանց ազատ արձակումը։ Ֆրանսիայում ևս Սենատը, Ազգային ժողովը, Փարիզի քաղաքային խորհուրդը և բազմաթիվ տեղական իշխանություններ ընդունել են համապատասխան բանաձևեր՝ հաճախ միաձայն։

Այս միջազգային և ֆրանսիական մոբիլիզացիայի շրջանակում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված հայ բանտարկյալների դիմանկարների ցուցադրությունը կարևոր նշանակություն ունեցավ։ Այն հանրության ուշադրությունը հրավիրեց նրանց ճակատագրի վրա և նրանցից յուրաքանչյուրին վերադարձրեց մարդկային դեմքը։

Ազատությունից զրկված, ընտանիքներից բաժանված և միջազգային հանրության ուշադրությունից մեկուսացված՝ նրանք գտնվում են մի բանտային համակարգի կամայականության ներքո, որի գործելակերպը վաղուց լուրջ մտահոգություններ է հարուցում։ Նրանց վիճակն առավել մտահոգիչ է, քանի որ ներկայումս որևէ անկախ միջազգային կազմակերպություն հնարավորություն չունի կանոնավոր կերպով այցելելու նրանց և ազատորեն ներկայացնելու նրանց պահման պայմանները։

Ավելին, կան լուրջ հիմքեր մտավախություն ունենալու, որ նրանց շարունակական կալանքը կարող է օգտագործվել որպես Հայաստանի նկատմամբ ճնշման միջոց՝ ընթացող, դժվարին խաղաղության գործընթացի շրջանակում նոր զիջումներ կորզելու նպատակով։ Եթե դա այդպես է, ապա այդ մարդիկ, փաստորեն, նաև պատանդի կարգավիճակում են հայտնվում։

Այս անընդունելի իրավիճակի պայմաններում մենք՝ այս հայտարարությունը ստորագրածներս, միանում ենք Ֆրանսիայի և եվրոպական կառույցների հնչեցրած կոչերին և պահանջում Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։

Վերջապես, ցանկանում ենք վերահաստատել մի պարզ համոզմունք. Կովկասում, ինչպես և աշխարհի ցանկացած այլ վայրում, այն խաղաղությունը, որին մենք անկեղծորեն ձգտում ենք, չի կարող երկարատև և կայուն լինել, եթե այն կառուցվում է կամայականության, նվաստացման և մոռացության հաշվին։

Իրական խաղաղություն հնարավոր չէ առանց արդարության, ազատության և մարդկային արժանապատվության։

Հայտարարությունը ստորագրել են

Գաբրիել Ատալ — «Վերածնունդ» կուսակցության թեկնածու նախագահական ընտրություններում, պատգամավոր

Քսավիե Բերտրան — նախագահական ընտրությունների թեկնածու, Օ-դը-Ֆրանս տարածաշրջանի նախագահ

Լյուկ Կարվունաս — Ալֆորվիլի քաղաքապետ

Էրիկ Սիոտի — Նիցցայի քաղաքապետ

Նիկոլա Դարագոն — Վալանսի քաղաքապետ

Միքայել Դելաֆոս — Մոնպելիեի քաղաքապետ

Գրեգորի Դյուսե — Լիոնի քաղաքապետ

Օլիվյե Ֆոր — Սոցիալիստական կուսակցության թեկնածու նախագահական ընտրություններում, կուսակցության առաջին քարտուղար, պատգամավոր

Ժիլ Ժիովաննանջելի — Կորսիկայի գործադիր խորհրդի նախագահ

Ռաֆայել Գլյուքսման — «Հանրային տեղ» (Place publique) կուսակցության թեկնածու նախագահական ընտրություններում, Եվրախորհրդարանի պատգամավոր

Թիերի Լըֆևր — Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ

Նիկոլա Մայեր-Ռոսինյոլ — Ռուանի քաղաքապետ

Քրիստել Մորանսե — Լուարայի Երկիր տարածաշրջանի նախագահ

Ժան-Լյուկ Մուդանկ — Թուլուզի քաղաքապետ

Ռենո Մյուզելիե — Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանի նախագահ

Ֆաբրիս Պանկոնկ — Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի նախագահ

Բենուա Պայան — Մարսելի քաղաքապետ

Վալերի Պեկրես — Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի նախագահ

Էդուար Ֆիլիպ — «Հորիզոններ» կուսակցության թեկնածու նախագահական ընտրություններում, «Հորիզոններ» կուսակցության նախագահ, Լը Հավրի քաղաքապետ

Բրունո Ռետայո — «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու նախագահական ընտրություններում

Ֆաբիեն Ռուսել — Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (PCF) թեկնածու նախագահական ընտրություններում, PCF-ի ազգային քարտուղար

Սեգոլեն Ռուայալ — նախագահական ընտրությունների թեկնածու

Ժիլ Սիմեոնի — Բաստիայի քաղաքապետ, Կորսիկայի գործադիր խորհրդական

Մարին Տոնդելյե — նախագահական ընտրությունների թեկնածու, «Էկոլոգիստներ» կուսակցության ազգային քարտուղար, Օ-դը-Ֆրանս տարածաշրջանային խորհրդական

Մարտին Վասալ — Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա

«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով