Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Պայթեցվեց խաղաղության միֆը

Պայթեցվեց խաղաղության միֆը

Sun, 04 Oct 2026 09:00:58 +0400


Մեր հանրության մեջ հաստատված կայուն շփոթն ու քաոսը մեզ խանգարում են ադեկվատորեն վերլուծել կատարվածը, զատել գլխավորը երկրորդականից, գտնել իրական մեղավորներին ու հասկանալ մեր անելիքը` որպես հասարակություն:

Եկեք արձանագրենք, որ սահմանն ապօրինի հատելն ինքնին արտառոց բան չէ` եղել է անցյալում, կլինի նաև ապագայում: Անգամ դիվերսիոն նպատակներով սահմանը հատելու մեջ արտառոց բան չկա, որովհետև եթե նիկոլական քարոզչությունն անգամ զօրուգիշեր խոսի խաղաղությունից մենք հո գիտե՞նք, որ դա այդպես չէ և տասնյակ տարիներ անց էլ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցել չի ստացվելու: Ու հարցն այն չի, որ «թուրքը մնում է թուրք», հարցը Եռաբլուրն է, Արցախն է, Բաքվում գտնվող մեր գերիներն են, հայկական մշակույթի նկատմամբ ոտնձգություններն են…հարևան կոչվածի անչափելի ատելությունն ու անվերջ նկրտումներն են մեր երկրի ու մեր ազգի հանդեպ:

Բայց այս միջադեպը ոչ միայն խաղաղության միֆն է պայթեցնում, այլ նաև ապացուցում է, որ պետական տասնյակ կառույցներ պահելն ուղղակի անիմաստ է: Օրինակ, Արտաքին հետախուզության ծառայությունը, որն արդեն մի 3 տարի գործում է, որի ղեկավարը դրսերում «վերապատրաստված» մի կին է` Քրիստինե Գրիգորյան, ով բոլոր տոնական միջոցառումներին ներկա է, 3 տարում ոչ մի տեղեկություն այս կառույցի մասին մենք չենք կարողանում ստանալ` նույնիսկ հաստիքների քանակը, աշխատավարձերի չափը, կատարած աշխատանքը: Իբր գաղտնի է: Բա եթե նման դեպքերում այս կառույցը զրո դերակատարություն է ունենալու, ինչու՞ է ստեղծվել` այլ պետությունների համար հետախուզություն անելու նպատակո՞վ…

Առհասարակ, պետությունը տարբեր կառույցներ ու ծառայություններ ստեղծում է, որ հանրությանը ծառայեն և դրանց արդյունավետությունը ստուգվում է հենց էքստրեմալ վիճակներում: Թե չէ` պադավատով ֆռֆռալ, ահռելի ու լավ նորոգված կաբինետներում նստել, բարձր աշխատավարձ ստանալ ով ասես կարող է:

Եթե 3-4 օր ԱԱԾ, բանակ, ոստիկանություն, համայնքային իշխանություններ մի սահմանախախտի չեն կարողացել գտնել, երևի 30 կմ շառավղով տարածքում և դա թաքցրել են հանրությունից, որ փաշինյանական խաղաղության դարաշրջանի միֆը չխաթարվի, ուրեմն մենք չունենք պետական կառույցներ ու պետություն: Ուրեմն մեր հույսը միայն կարող է լինել մեր բնազդը, մեր մայրերի ու հայրերի` իրենց զավակներին պաշտպանելու խիզախությունը, մեր հողն ու մեր ազգի ֆիզիկական գոյությունը պահպանելու` մեր նախնիներից մեզ փոխանցված պատգամը:

Եթե ուշադիր լինեք` կնկատեք, որ 2020 թվին 44 օր մեզ խաբած իշխանությունը 6 տարի շարունակ նույն արծրունությունն է անում: Ասում էին` Արցախին վտանգ չի սպառնում, տեսանք ինչ եղավ…ասում են` խաղաղություն է, բանակը զինել ենք, սահմաններին պաշտպանական հզոր դիրքեր ենք կառուցել, ԱԱԾ սպեցնազը տեսեք ինչ ուժեղ է` ում ասես գետնին է տապալում ու բանտ տանում: Ասում էին` ուղիղ կապ ունենք Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ասում էին` ադրբեջանական դրոշներից մի վախեցեք` հարևանություն արեք…Խաղաղության խաչմերուկ էին կառուցում, թե համեցեք` գնացեք, եկեք, թուրանի ջուրը եկեք իրար հետ խմենք, զարգանանք, հարստանանք…

Հիմա սահմանամերձ գյուղի համայնքապետն ասում է` դռները պետք է պինդ փակեն, և շուն պահեն, որ զգուշացնի օտար մարդու մոտենալը: Երբ լրագրողն ասում է` զինված մարդու դեմ շունն ի՞նչ անի, կկրակի` կսպանի շանը, ասում է` բայց կրակոցից մարդիկ կիմանան, որ վտանգ կա:

Սյունիքի նախկին մարզպետն էլ ասում է` հիմա ամեն հայ պետք է հետախույզ լինի` ինչ կասկածելի բան տեսնի, ահազանգի: Ու սահմանամերձ գյուղերում հիմա մարդիկ երեխաներին չեն թողնում բակ դուրս գան, նույնիսկ բարձր դասարանցիներին տանում- բերում են դպրոց, գիշերն էլ «մի աչքը բաց են քնում»` ինչպես իրենք են ասում, որ Անիի նման վտանգի պահին պաշտպանեն իրենց տունն ու զավակներին, որովհետև էդ գործի համար կոչված կառույցներն ու պաշտոնյաներն ի վիճակի չեն…

Իսկ պետությունից բարձր վարձատրվող պատասխանատուները Դվին հյուրանոցում ընթրում են, փիլիսոփայական ճառեր ասում` Հիսուսի ու քաղաքական գործիչների նմանության մասին…կյանքն են վայելում, երբ նույն ժամին մեկ այլ վայրում թշնամու դեմ անզեն կռված կնոջն են վիրահատում, որ ոտքը փրկեն ամպուտացումից…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք Sat, 03 Oct 2026 19:56:00 +0400 «ԱՂՈԹՔԻ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով