Զինված ադրբեջանցին եւ Հայաստանը
Wed, 07 Oct 2026 19:15:20 +0400

Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ՝ շատ չեք նեղվի, եթե ասեմ, որ Հայաստանն ավարտվում է Երեւանի սահմաններից դուրս: Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները, օրինակ, ես համարում եմ արտասահմանյան շրջագայություններ: Ուրիշ էլ ի՞նչ կերպ անվանես նրա այցը Սյունիք, եթե Երեւանի արվարձաններն անցնելուց հետո հայտնվում ես ինչ-որ տարածությունում, որտեղ շուն էլ չկա, ուր մնաց՝ մարդ: Մի քիչ էլ գնաս՝ կհասնես Սիսիան, որտեղ մարդիկ ապրում են իրենց ուրույն կյանքով՝ Երեւանի կյանքից շատ տարբեր, ասես՝ ուրիշ երկրում: Երեւանից գնացեք դեպի Լոռի, Շիրակ… Ուր ուզում եք… Նույն զգացողությունն է: Գնում ես Վանաձոր, ոնց որ Քութայիս գնաս: Լոռու բարբառը չհասկանաս՝ քեզ կթվա, թե Հայաստանի սահմանն անցել ես արդեն…
Նիկոլ, լա՞վ ես: Դե լավ մնա, որովհետեւ ստորեւ քեզ եմ անդրադառնալու: Եվ, ուրեմն, ԱԺ նախկին փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ զինված ադրբեջանցու՝ Սիսիանի Շաքի գյուղ ներխուժմանը քաղաքական գնահատական տալու չունի: Թե բա՝ սովորական հանցագործ է, ձերբակալել ենք, կդատենք: Ասաց՝ այդ ներխուժման մեջ նույնիսկ մի լավ բան կա՝ այդ զինվորը խախտել է ոչ միայն մեր, այլեւ Ադրբեջանի օրենքը եւ թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում համարվում է հանցագործ: Իսկ գիտե՞ք, թե ինչու է Ռուբեն Ռուբինյանը խուսափում այս դեպքին քաղաքական գնահատական տալուց: Այո, նա իր խելքով փորձում է Նիկոլին ու նրա ձախավեր խաղաղությունը փրկել խայտառակությունից:
Իսկ հիմա պատկերացնենք, որ դեպքը պատահել է ճիշտ հակառակ ձեւով, այսինքն՝ հայ զինվորն է հատել սահմանը, կրակել ադրբեջանուհու եւ նրա երեխաների վրա, վիրավորել ադրբեջանուհուն, որին տեղափոխել են հիվանդանոց: Ի՞նչ կաներ Ալիեւն այդ մասին իմանալուց անմիջապես հետո: Նախ՝ աշխարհի բոլոր թերթերին հարցազրույց կտար ու կնախշեր Հայաստանին՝ որպես պատերազմի հրձիգ պետության, ապա՝ սպիտակ խալաթը կգցեր ուսերին ու տիկնոջ հետ կայցելեր վիրավորված ադրբեջանուհուն: Սրտաճմլիկ կադրեր․ Ալիեւը ծնկի է գալիս ադրբեջանուհու մահճակալի մոտ, առողջություն մաղթում նրան, գովում նրա սխրանքը, խոստանում վրեժ լուծել նրա թափած արյան ամեն կաթիլի համար…
Հիմա ինձ ասեք՝ ո՞ւր է Նիկոլը: Նա արտասահմանյան այցով ինչ-որ մարզ էր գնացել, ինչ-որ ֆիզկուլտդահլիճ էր ստուգում, զուգափայտերի վիճակ, զուգարանի ջուրն էր քաշում… Հա, լայեղ չարեց ավտոբուսից իջնել ու իր հին ծանոթ Ժոկոյին մարդավարի բարեւել:
– Այ ընկեր, զինված թուրքը մտել է Շաքի, հայ կնոջ է վիրավորել, այդ կինը դանակահարել է թուրքին, փախուստի մատնել նրան…
Բայց ո՞ւմ ես ասում, Նիկոլի տանձի՞ն է, թե ինչ է տեղի ունեցել հեռավոր գյուղում: Այնպես է իրեն պահում, կարծես նախօրոք է իմացել, որ այդպիսի բան է տեղի ունենալու: Մի կողմից էլ, ինքը Հայաստանի վարչապետն է, հո Շաքիի գյուղապետը չի՞, որ արյան հետքերով գնա ադրբեջանցու հետեւից, հարայ դնի, ԱԱԾ կանչի, բռնել տա ասքյարին: Իսկ դուք ասում եք՝ Նիկոլը հիվանդանոց գնա, այցելի խիզախ հայուհուն, ծնկի գա նրա մահճակալի կողքին… Զուր հույսեր:
Նիկոլն այս դեպքին քաղաքական գնահատական տվողը չի, մոռացեք եւ մի բզբզեք, այլապես պատերազմ կսկսվի: Որ ուզում եք իմանալ, այդ ադրբեջանցին նույնիսկ պետական սահման չի խախտել, որովհետեւ մենք այդպիսի սահմաններ չունենք: Ըստ էության, նա միայն Ադրբեջանի օրենքն է խախտել՝ փախչելով զինվորական մասից: Իսկ մնացածը՝ հայտնվել է Շաքիում, մտել է տներից մեկը, հաց-մաց է սարքել, կերել է, քնել… ՀՀ օրենքի խախտում չէ: Հա, կրակել է տանտիրուհու ոտքին… Բայց դա էլ դեռ պետք է քննել, հասկանալ՝ նրանցից ո՞վ է նախահարձակ եղել: Այնպես որ, Նիկոլը զգուշավորություն է հանդես բերում, եւ չի բացառվում՝ առաջինն այցելի դանակի վիրավորում ստացած ադրբեջանցի ասքյարին:
Ես շատ եմ մտածել Փաշինյանի արձանը տեղադրելու մասին: Այս դեպքից հետո եկա այն եզրակացությանը, որ նրան իր նշած պատի տակ գնդակահարելուց կամ բանտ նստեցնելուց հետո (նայած ինչպես կստացվի), մենք, այնուամենայնիվ, պետք է նրա արձանը տեղադրենք մի տեսանելի վայրում: Օրինակ՝ կառավարության շենքի մուտքին, պատվանդանին էլ պետք է մեծ-մեծ տառերով գրել. «Ծանիր զքեզ, հայ ժողովուրդ», այսինքն՝ ճանաչիր ինքդ քեզ, հայ ժողովուրդ: Ինչու հենց այդպե՞ս…
Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, ամեն օր, մեր ժողովուրդն սկսել է ինքն իրեն ավելի ու ավելի լավ ճանաչել: ԱԺ-ի, դատարանների շրջափակում, քովիդ, 44-օրյա պատերազմ, Արցախի հանձնում ու հայաթափում, շանտաժ, քցոցի, բռնոցի, թալան, սրբապղծություն, Կիրանցի պատ, կորիդոր, կեղծ խաղաղություն, վերջապես՝ Շաքի գյուղ… Եվ, այսքանով հանդերձ, 725 հազար հայ մարդ քվե է տալիս Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին: Ի՞նչ եք կարծում՝ այդ 725 հազարն իրեն դեռ մա՞րդ է համարում: Իսկ Շաքիի կոնկրետ դեպքից հետո՞: Ես էն անասուններին չեմ հաշվում, որ ֆեյսբուքներում հայուհուն են մեղադրում տեղի ունեցածի մեջ, թե բա՝ ադրբեջանցի զինվորն իր համար քնած էր, կինը ներս է մտել ու դանակահարել… Թքած էս տեսակ ֆեյք հայերի վրա: Իմ դարդը 700 հազար հայն է, որ, իր երկրի անխուսափելի կործանումն աչքի առաջ՝ հունիսի 7-ին ձայն տվեց Փաշինյանին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր