Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Քրեական վարույթից հետո շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը

Քրեական վարույթից հետո շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը

Fri, 09 Oct 2026 13:33:42 +0400


Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը․ Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա նշանակվել է նույն կոմիտեի Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակելու հրամանը ստորագրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Որոշման համաձայն՝ Գրիգորյանն իր նոր պարտականությունները ստանձնել է 2026 թվականի հոկտեմբերի 7-ից։

Գուրգեն Գրիգորյանի պաշտոնեական առաջխաղացման պատմությունն ուշագրավ է հատկապես Շիրակի մարզի դատախազի պաշտոնից նրա հեռանալու հանգամանքների պատճառով։ 2022 թվականի նոյեմբերին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեփական դիմումի հիման վրա։ Սակայն դրանից ամիսներ առաջ նրա գործունեության շուրջ աղմկահարույց պատմություն էր ծավալվել, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

2023 թվականի մայիսին մենք գրել էինք, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Ազգային անվտանգության ծառայությունում՝ Գյումրիի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարությունների հիման վրա։ Վերջինս պնդել էր, որ իր նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել, իսկ իր քննադատություններից հետո քրեական ենթամշակույթ կրող անձանց միջոցով իրեն գործարք է առաջարկվել։ Այս հայտարարություններից հետո դատախազությունում ծառայողական քննություն էր սկսվել, իսկ ԱԱԾ-ում՝ քրեական վարույթ։

Սակայն Քննչական կոմիտեի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի պարզաբանման համաձայն՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված վարույթով դեռևս 2023 թվականի փետրվարի 28-ին որոշում էր կայացվել Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով։

Շիրակի մարզի դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Գրիգորյանը երկար ժամանակ առանց բարձր պաշտոնի չմնաց։ 2023 թվականի հուլիսին նա նշանակվեց Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ։ Սակայն 2025 թվականի հուլիսին ազատվեց նաև այդ պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Նույն տարվա նոյեմբերին նա արդեն նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի տեղակալ։ Իսկ այժմ նրան վստահվել է մեկ այլ վարչության ղեկավարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով