«Հրապարակ»․ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը գոնե պետք է պահպանվի
Sat, 10 Oct 2026 10:15:42 +0400

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2027 թ․ հունվարի 1-ից ավարտել սոցփաթեթի ծրագիրը։ Այն դադարեցվում է բոլոր շահառուների համար։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ սոցփաթեթի ծառայությունների բաղադրիչները քաղաքացիներին հասնում են պետական մյուս ծրագրերի միջոցով` օրինակ, առողջապահական համընդհանուր ապահովագրության: «Ծրագրի դադարեցմամբ ճիշտ չի լինի ասել, որ քաղաքացիները տուժում են»,-ասել է աշխատանքի եւ բարեկեցության նախարարության աշխատակից Լուսինե Հարությունյանը։
Քանի որ 2027 թ. հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկվելու են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեցել են սոցիալական փաթեթ, ուստի սոցփաթեթի անհրաժեշտությունն այլեւս չկա։ Սոցփաթեթի հիմնական շահառուները ուսուցիչներն են, այս մասով էլ ԿԳՄՍՆ Հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն էլ նշել է, որ ուսուցիչներն օգտվում են կամավոր ատեստավորման հնարավորությունից. «Ներկայում շուրջ 9 հազար 500 ուսուցիչ ունի բարձրացված դրույքաչափ եւ լրավճար է ստանում ատեստավորման արդյունքում։ Նախատեսում ենք այս պահին ատեստավորված ուսուցիչների համար սահմանված 200 հազար դրույքաչափը դարձնել 300 հազար։ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է նաեւ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի լրամշակում, որը կսահմանի սոցիալական շատ երաշխիքներ ու արտոնություններ ուսուցիչների համար»: Ուրեմն ուսուցիչներն էլ չեն տուժում սոցփաթեթի չեղարկումից, թեեւ Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգում աշխատում է 31 հազար ուսուցիչ, փաստորեն, մեկ երրորդից պակասն է անցել կամավոր ատեստավորում:
Առհասարակ, սոցփաթեթի ծրագիրը ներկայում ունի շուրջ 130 հազար շահառու։ Եվ այդ գումարը քաղաքացիները միայն առողջապահության վրա չեն ծախսում, այլ նաեւ՝ հանգստի, որոշ դեպքերում թույլատրվում է նաեւ կանխիկացնել ու վերցնել այդ գումարը։ Կարող են օգտագործել կառավարության սահմանած մի քանի ուղղությամբ՝ հանգստի կազմակերպում, առողջապահական ծառայություններ, մասնավորապես՝ ատամնաբուժական, ինչպես նաեւ՝ ուսման վճար, ուսանողական, հիպոթեքային վարկ։ Սոցփաթեթի ծրագրի դադարեցումն էապես ազդելու է նաեւ ներքին տուրիզմի վրա, եւ շահառուներն այլեւս չեն կարողանալու օգտվել հանգստյան տների եւ հյուրանոցների ծառայություններից, ինչը, ըստ փորձագետների, ահռելի վնաս է հասցնելու նաեւ զբոսաշրջային շուկային:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նկատում է. «Մենք շատ ենք կարեւորում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը, բացի իր հիմնական նպատակից, սոցփաթեթը, իսկ դա պետական ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման միջոց է, նաեւ շատ կարեւոր դեր ու նշանակություն է ունեցել, եւ ես կարծում եմ, որ դեռ շարունակելու է ունենալ ներքին զբոսաշրջության համար: Այն դասական բյուջետային քաղաքականություն է՝ ուղղված ներքին զբոսաշրջության նկատմամբ պահանջարկի ավելացմանը, ներքին զբոսաշրջությունը խթանելու գործում: Այն նաեւ նպաստում է ներդրումների ակտիվացմանը եւ այլն: Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայությունը, բացի պետական ծառայողների սոցիալական երաշխիքներն ապահովելուց, նաեւ շատ արդյունավետ միջոց է` դասական բյուջետային քաղաքականության դրական օրինակ, ներքին զոսաշրջությունը զարգացնելու եւ այդ ոլորտում ներդրումներ անելու, տնտեսական ակտիվությունը բարձրացնելու գործում: Մենք այս իմաստով շատ ենք կարեւորում այն: Չեմ ուզում շտապել, հույս ունենք, որ կվերանայվի գործընթացը, եւ մարդիկ կկարողանան սոցփաթեթի շրջանակներում մեկնել հանգստի: Քանի որ հիմա, ըստ էության, առողջապահության մասով կա ավելի մեծ ծրագիր, որը փոխարինում է սոցփաթեթին, այս իմաստով փոփոխությունը հասկանալի է, բայց ինչ վերաբերում է հանգստի բաղադրիչին, ապա մենք գրավոր դիմել ենք իրավասու մարմիններին, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարությանը, Տուրիզմի կոմիտեին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաեւ՝ աշխատանքի եւ բարեկեցության նախարարությանը: Հարցը քննարկում ենք, պրոցես է ընթանում, մենք առաջարկել ենք անպայման պահպանել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը: Մեծ հույս ունենք, որ քննարկման արդյունքում այդ բաղադրիչը կպահպանվի»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր