Տիտղոսակիր պատմաբանն ու բառարանագիրը
Sat, 10 Oct 2026 20:45:59 +0400

Դաղբաշյան ազգանունը, անշուշտ, շատերին է ծանոթ, բայց քչերը երեւի գիտեն 19-րդ դարի պատմաբան-բառարանագիր Հարություն Դաղբաշյանի գործունեության մասին։ Նա ծնվել է 1866 թ․՝ ներկայիս Տավուշի մարզի Ղալաչա (Բերդավան) գյուղում։ 1881-1887թթ․ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի եւ Բեռլինի համալսարաններում։ 1893 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Դաղբաշյանի «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (1906թ․, 125 հազար բառ) եւ «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911թ․, 70 հազար բառ եւ 20 հազար ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչվող առաջին բառարաններն են` կազմված գիտական բարձր մակարդակով եւ լեզվաբանական բառարանագիտական պահանջներին համապատասխան։ Դաղբաշյանը հեղինակ է նաեւ «Փավստոս Բուզանդացին եւ յուր պատմության խարդախողը» (1898թ․), «Արեւելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913թ․) եւ այլ աշխատությունների։ Կազմել է նաեւ ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար։ Անավարտ է մնացել նրա հանրագիտական բառարանը: Հարություն Դաղբաշյանն իր երկնային կյանքն ավարտել է 1939թ․՝ Լենինգրադում։ Նա մեկն է 15-19-րդ դարերի շուրջ 600 այն հայտնի հայերից, ովքեր տեղ են գտել Ասատուր Փաշայանի «Տիտղոսակիր հայեր 15-19-րդ դարեր» (Երեւան, 2001թ․) գրքում։
Թող այս փոքրիկ հրապարակումը մաքրի մոռացումի փոշին եւ հիշեցնի Հարություն Դաղբաշյանի ծննդյան 160-ամյա հոբելյանի մասին եւ ընթերցողին ուղղորդի դեպի Դաղբաշյանի ստեղծած բառարաններն ու աշխատությունները։
Վաղարշակ Ղորխմազյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր