Նույն ջուրն է, նույն ջրաղացը
Sat, 10 Oct 2026 18:15:10 +0400
Հիմա էլ կախվեցին Խաչատուր Սուքիասյանի շալվարի փողքերից, որ աշխարհին եւ առաջին հերթին Ռուսաստանին ցույց տան, թե տեսեք՝ մենք միայն ռուսական եւ ԵԱՏՄ կողմնորոշում ունեցող գործարարներին չէ, որ պատժում ենք, ունեցվածքը խլում, բանտարկում: Էժանագին թատրոն է: «ՍԻԼ գրուպի» մամլո խոսնակն ասում է՝ մենք թերթերից ենք իմացել, որ «Այրարատ» կինոթատրոնի վրա դատախազությունն ինչ-որ գործ է բացել: Խեղճ «ՍԻԼ գրուպ»… Ուրեմն Նիկոլի դատախազությունն այնքան կա, որ առանց Խաչատուր Սուքիասյանին հարցնելու գործ բացի՞ նրա ունեցվածքի վրա: Ինչի՝ Նիկոլն ու իր դատախազն էդ քանի՞ գլխանի են, որ իրենց իշխանության «ստնտուին» պատին դեմ տան եւ ունեցվածք պահանջեն: Ես չեմ հավատում այս ծաղրուծանակին: Փոխարենը գիտեմ, թե ինչ աներեւակայելի բաների է ընդունակ Նիկոլը՝ իր երերուն աթոռը պահելու համար: Նա ամեն ինչ կտա, կծախի, ամեն խաղ կխաղա՝ այդ աթոռը պահելու համար:
Եվ ահա՝ «Արմենբաշին» Թուրքմենբաշի չհասած՝ լուր է տարածում, թե ՀՀ դատախազությունը հիմա էլ ընկել է «ոչ այնքան ռուսամետ» Խաչատուր Սուքիասյանի հետեւից, որին, ի դեպ, շատ լավ է ճանաչում նաեւ Թուրքմենբաշի ժամանած Պուտինը: Վերջինս մասնավորապես տեղյակ է նաեւ, թե Խաչատուր Սուքիասյանն ինչեր է անում Հայաստանը դեպի ադրբեջանական էներգակիրներ եւ երկաթուղի կողմնորոշելու գործում: Եվ հնարը գտել են… Պուտինին լսեցնել, որ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսների վրա նույնպես ամպեր են կուտակվում: Այնպես որ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, «Արմենբաշին» կապ չունի Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու պատմության հետ, եւ, առհասարակ, այդ հարցերը Հայաստանում իրավապահներն են տնօրինում:
Կարող ենք ասել՝ «Արմենբաշու» խորամանկությունը Թուրքմենբաշիում չանցավ: Պրոտոկոլ չփոխվեց: Ինչպես եւ որոշված էր՝ Փաշինյան-Պուտին հանդիպում եւ նույնիսկ ոտքի վրա զրույց տեղի չունեցավ: Կգաս Մոսկվա, պարոն Փաշինյան, այնտեղ կխոսենք…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հենց հոկտեմբերի 8-ին, երբ «Արմենբաշին» անհամբեր սպասում էր, թե երբ է թուրքմեն խոհարարների պատրաստած խորտիկների վերջը տալու, հայտարարեց, որ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները տակավին որոշված չեն: Սա նշանակում է, որ այդպիսի այց կա՛մ կլինի, կա՛մ՝ ոչ: Ամեն ինչ կախված է․ ա) Պուտինի «զբաղվածությունից» եւ բ) Փաշինյանի պահվածքից: Ինչ վերաբերում է Պուտինի զբաղվածությանը, մենք գիտենք, որ ՌԴ նախագահը Հայաստանի համար միշտ էլ «ազատ պատուհան» գտնում է: Այդպես եղել է միշտ, այս վերջին տարիներին՝ նույնպես: Հետեւաբար, բուն հարցը «Արմենբաշու» պահվածքն է, եւ այդ պահվածքից է կախված՝ Պուտինը ժամանակ կգտնի՞ նրա հետ հանդիպելու, թե՝ ոչ:
«Արմենբաշին», իհարկե, ամեն ինչ անում է, որ այդ այցը կայանա: Հասկանալով, որ կարող ենք շուտով առանց գազի մնալ, իսկ Ադրբեջանի պահանջով՝ նաեւ առանց ատոմակայանի, Փաշինյանն առաջին ընդառաջ քայլը կատարեց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Հայաստանին երկրորդ մեծ ատոմակայան է պետք: Երեկ անոնսվեց նաեւ, որ Հայաստան է ժամանում «Ռուսական երկաթուղիների» շեֆը՝ քննարկելու երկաթուղու ճակատագիրն ու զարգացման հեռանկարները: Դե իսկ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսների վրա «հարձակումն» էլ՝ Պուտինին ջոկ նվեր:
Փաշինյանին, սակայն, հեշտությամբ չեն տրվում այսպիսի քայլերը: Նրա այս քայլերին ուշիուշով հետեւում է նաեւ Ադրբեջանը, որտեղ հասկանում են, թե ինչ տեղի կունենա իրենց պահանջների հետ, եթե Հայաստանը սառեցնի Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու թուրք-ադրբեջանական արշավին իր մասնակցությունը: Եվ պատահական չէր, որ Բաքուն Երեւանին հիշեցրեց 44-օրյա պատերազմը՝ խոսելով սահմանազատում-սահմանագծումը նոր թափով վերսկսելու եւ TRIPP-ի հետ Հայաստանի կապ չունենալու մասին: Ապա զինված «դեզերտիրին» մտցրեց Շաքի: «Արմենբաշին», կարելի է ասել, հայտնվել է «առջեւը՝ ջուր, հետեւը՝ սուր» վիճակում: Մեջտեղում իր աթոռի հարցն է, ավելի ճիշտ՝ իր աթոռը պահողի: Ռուսաստանի՞ն վստահի այդ «կարեւորագույն» հարցը, թե՞ շարունակի հենվել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա: Ճոճանակի քաղաքականությունը չի անցնում այլեւս: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն անվերադարձ հեռացան, նա մնացել է ռուսական մուրճի եւ թուրքական սալի արանքում: Եվ պետք է որոշում կայացնի՝ ինչպես պահի աթոռը:
Հիշեցման կարգով նշենք նաեւ, որ Ռուսաստանն «Արմենբաշու» առջեւ պահանջ էր դրել՝ հանրաքվե անցկացնել եւ պարզել՝ ցանկանո՞ւմ է, արդյոք, հայ ժողովուրդը Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից եւ տանել ԵՄ: Ինձ թվում է, որ «Արմենբաշու» վերջին քայլերից հետո այդ պահանջը մղվել է երկրորդ պլան: Մոսկվայում, կարծում եմ, այլեւս սպասում են նոր որակի Փաշինյանի, որ ոչ միայն ԵՄ չի գնում, այլեւ պատրաստ է մնալու ԵԱՏՄ-ում եւ «տաքացնելու» ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը:
ՀԳ. Նույն ջուրն է, նույն ջրաղացը… Եվ, ուրեմն, ինչի՞ համար էր այս ամենը, եւ ինչո՞ւ կորցրինք Արցախը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր