Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի

Tue, 13 Oct 2026 15:45:38 +0400


Հոկտեմբերի 14-ին Վեդի համայնքում կայանալիք ավագանու նիստի օրակարգում ուշագրավ հարց են ներառել. «Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. Վեդի համայնքի հասարակական կյանքի, քաղաքաշինության, սպորտի, մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի համար ՀՀ քաղաքացի՝ Գարիկ Մնացականի Սարգսյանին շնորհել «Վեդի համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:

Արարատի նախկին մարզպետ, Վեդիի նախկին համայնքապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Գարիկ Սարգսյանը հանրության շրջանում հայտնի է «կոկորդիլոսագետ» մականունով՝ 2018-2019 թվականներին արած հայտարարությունների պատճառով, որոնք վերաբերում էին մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրին: Ըստ նրա՝ ինքն ուսումնասիրել է, թե կենդանիների ո՞ր խմբին են դրանք պատկանում. «Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»: Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին, Սարգսյանը նշել է8, որ կոկորդիլոսի ձվերի ներմուծման մաքսային խնդիրը հարթվել է, ձվերը ներմուծվել են թռչնի ձվի կոդի տակ: Բայց կոկորդիլոսաբուծության ծրագրերը մնացին թղթի վրա՝ հարուստ նյութ տալով հայկական ժամանակակից հումորիստներին։

Օրեր առաջ էլ՝ Գարիկ Սարգսյանին հարց էին տալիս Վեդի եւ Արարատ համայնքներ խոշորացումից, թե՝ Վեդին միանում է Արարատին եւ կձեւավորվի Արարատի խոշորացված համայնք, ինչպես է ինքը, որպես Վեդի համայնքի նախկին ղեկավար, գնահատում դա. «Վեդին չի միանում Արարատին, ոչ էլ՝ Արարատն է միանում Վեդիին, Վեդին եւ Արարատը միանում են իրար: Վեդին ա եղել միշտ մարզկենտրոն, Արարատը, որ դարձավ միավորված կենտրոն, դա չի նշանակում, որ Վեդին միանում է Արարատին, քանի որ Վեդին իր բնակավայրերի թվով եւ իր բնակչությամբ ավելի մեծ է Արարատից», -ասել էր Գարիկ Սարգսյանը:

Եզրակացություն՝ Գարիկ Սարգսյանին ոչ միայն «համայնքի հասարակական կյանքի, քաղաքաշինության, սպորտի, մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի համար» է պետք պատվավոր կոչում շնորհել, այլ՝ «մտքի փայլատակումների» եւ հանրությանը զվարճացնելու մեծ ունակության համար:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է Thu, 08 Oct 2026 20:15:34 +0400 Հոկտեմբերի 2-ին Դիլիջան համայնքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով