Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Դիլիջանում հանգստյան տան տիրոջը մեկնարկային գնով հող են օտարել

«Հրապարակ». Դիլիջանում հանգստյան տան տիրոջը մեկնարկային գնով հող են օտարել

Tue, 13 Oct 2026 12:45:02 +0400


2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքի ղեկավար, հոկտեմբերի 25-ին կայանալիք համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սարգսյանը նախկին տարիներին Դիլիջան քաղաքի հողերն օտարում էր կասկածահարույց աճուրդներով։ Շատ դեպքերում Դիլիջանում օտարվող հողերի սեփականատեր էին դառնում Երեւանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներ։ Բայց համայնքի ղեկավարը Դիլիջան քաղաքից մեկնարկային գնով հող է օտարել նաեւ հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. մայիսի 2-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1650․0 քմ հողամաս (Լոտ-38 (ՔՀ-24))՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 11/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 11,5 միլիոն դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 8 արձանագրությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հողի այս օտարումը եւ նշել, որ այդ ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով։ 2024թ․ նոյեմբերի 18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Վերջին ժամանակաշրջանում Դիլիջան համայնքի ավագանին եւ Դ․ Սարգսյանը Դիլիջանի հողերն օտարում են հողամասերի ընդլայնման կարգով, դրանց կադաստրային արժեքով։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեի հանգստյան տունը՝ 0․116532 հեկտար տարածքով հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է Հայկ Արմենի Ղազարյանին: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6/1 հասցեի 0․10101 հեկտար հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:

Դիլիջան համայնքի ավագանին 2026թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1215-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված՝ 0․10101 հա հողամասն ընդլայնման կարգով Հայկ Ղազարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սեպտեմբերի 22-ին համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը որոշել է Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեի հանգստյան տան 0․116532 հեկտար հասարակական կառուցապատման հողամասին կից գտնվող 0․10101 հեկտար հողամասն ուղղակի վաճառքի ձեւով (ընդլայնման կարգով) օտարել Հայկ Ղազարյանին: Հողամասի արժեքը կազմում է 6 միլիոն 903 հազար 327 դրամ։ Դիլիջան համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը որոշել են 1010 քառակուսի մետր հողամասը 6 միլիոն 903 հազար դրամով օտարել հանգստյան տան սեփականատիրոջը։ Մինչդեռ այդ հողամասի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է 6 միլիոն դրամը: Ուշագրավ է, որ օտարված հողամասը մակերեսով գրեթե չի զիջում Հայկ Ղազարյանին պատկանող հանգստյան տան տարածքին։ Տուրիստական Դիլիջանի հողամասերը կադաստրային արժեքով օտարելով՝ համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ։ Այդ տասնյակ միլիոնավոր դրամներով կարելի էր եւ պետք էր ցանկապատել Դիլիջան համայնքի աղբավայրը, Դիլիջան քաղաքում գյուղմթերքների շուկա կառուցել, քաղաքի անբարեկարգ փողոցները բարեկարգել, հասարակական զուգարաններ գործարկել, Դիլիջան համայնքի ամենամեծ՝ Հաղարծին գյուղը սնուցող խմելու ջրի համակարգում մաքրման կայաններ կառուցել, գյուղը սնուցող 2 ջրամբարները ծածկել եւ այլն։

ՀԳ․ Վերջերս մի առիթով Նիկոլ Փաշինյանը խոսում էր իրեն ուղղված նամակ-խնդրանքները բավարարելու մասին եւ ասում էր, որ բոլոր խնդրանքները չէ, որ հնարավոր է բավարարել, օրինակ` մեկը դիմել է իրեն՝ խնդրելով իր փաստացի օգտագործման տակ գտնվող տարածքը վաճառել իրեն, սակայն այդ տարածքը համայնքային իշխանությունը դրել է աճուրդի: Եվ Փաշինյանն ասում էր, որ նման դեպքում հնարավոր չէ բավարարել քաղաքացու պահանջը, քանի որ իրենք են դրել այդ միասնական սկզբունքը` բոլոր հողամասերը պետք է աճուրդներով օտարվեն: Փաստորեն, այդ սկզբունքը ոչ բոլորի վրա է ազդում։

Եվս մեկ օրինակ բերենք․ Տափերական գյուղի բնակիչ Մհեր Ղազարյանը մոտ երեք տասնամյակ առաջ ծիրանի այգի է գցել, մեծ հոգատարությամբ խնամել, այգին այժմ լավ բերք է տալիս եւ եկամուտ է բերում տիրոջը։ Հողը 2003 թվականից վարձակալությամբ է տնօրինել՝ այդ մասին հավաստող Կադաստրի վկայական կա, հարկեր է վճարել։ Մեկ տարի առաջ համայնքապետարանը որոշել է դադարեցնել վարձակալության պայմանագիրը եւ հողն աճուրդի հանել։ Վեդիի համայնքապետարանը հրաժարվել է սեփականատիրոջը վաճառել նշված գույքը, չնայած Մհեր Ղազարյանն առաջարկել է գնել իր իսկ տնօրինած հողը։ Դրել են աճուրդի, ինչ-որ մեկը՝ Երեւանից, եկել է, պատրաստի այգին գնել՝ պտղատու ծառերի հետ, որոնց վրա անգամ դեռ չքաղած՝ բերք է եղել։ Անգամ ծառերի դիմաց փոխհատուցում չեն տվել քաղաքացուն։ Մարդուն վատություն են արել՝ նրա տարիների աշխատանքը խլել, նույնիսկ փոխհատուցում չեն տվել՝ հողը նրա ձեռքից վերցնելիս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար Mon, 12 Oct 2026 23:30:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով