Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական է, որքան՝ շնչելը

Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական է, որքան՝ շնչելը

Tue, 13 Oct 2026 21:00:11 +0400


Ալիսիա Թերզյանը հայազգի արգենտինացի կոմպոզիտոր է, դիրիժոր եւ դաշնակահարուհի։ Իր ողջ կյանքը նա նվիրել է ժամանակակից ակադեմիական երաժշտությանն ու հայկական երաժշտական ժառանգության ուսումնասիրմանը։ Հեղինակել է ստեղծագործություններ, որոնք ավանգարդ փորձարարություններ են, ազգային ավանդների ու երաժշտության, պոեզիայի եւ վիզուալ արվեստի համադրում։ Ծնվել է 1934 թվականին՝ արգենտինական Կորդովա քաղաքում։ 6 տարեկանում սկսել է զբաղվել դաշնամուրով։ Հետո դիմել է Բուենոս-Այրեսի Ազգային կոնսերվատորիա։ Նրա ուսուցիչն է եղել հայտնի արգենտինացի կոմպոզիտոր Ալբերտո Խինասեթրան։ 1954 թվականին ստացել է դաշնակահարի որակավորում, 58-ին՝ կոմպոզիտորի, 59-ին արժանացել է առաջին պարգեւի եւ ոսկե մեդալի։

Առաջին գործերից մեկը՝ 54-55 թվականներին գրած Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտն է։ Այս ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 69 թվականին։ Այնուհետ կոնցերտը մտել է հայտնի ջութակահարների երգացանկի մեջ, որոնք նշել են ստեղծագործության ռոմանտիկ արտահայտչականությունը, պարային ռիթմերն ու հայկական ինտոնացիաները։ Նրա ստեղծագործական ուղու համար ներշնչանքի կարեւոր աղբյուր է եղել հայ հոգեւոր երաժշտությունը։ 62 թվականին Թերզյանն ուղեւորվել է Վենետիկ՝ Սբ Ղազար կղզի՝ Մխիթարյան հայկական միաբանություն։ Այնտեղ մեկ տարի ուսանել է հայկական երգեցողություն եւ խազագրություն՝ Հայր Ղեւոնդիոս Դայանի ղեկավարությամբ։ Հատկապես ուշադրություն է դարձրել միկրոտոներին։ Նա կարծում է, որ եվրոպական տասներկու-կեստոնային համակարգին անցումը՝ համադրված հայկական եկեղեցական երգեցողության հետ, նպաստում է, որ ազգային երաժշտական ավանդույթի կարեւոր նրբությունները կորսվեն։ Հետագայում Թերզյանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ հենց հայկական հոգեւոր մեղեդիների ուսումնասիրությունն է խորապես ազդել իր ստեղծագործական ուղու վրա։ Թերզյանը հաճախ է փորձարարություններ արել, միաժամանակ ամեն կերպ ձգտել հանրայնացնել ակադեմիական դասական երաժշտությունը։ 58 թվականին սկսել է վարել հեղինակային ռադիոհաղորդում՝ արգենտինական եւ ժամանակակից երաժշտության մասին։ 70-ական թվականներին կազմակերպել է միջազգային անսամբլ, որը կատարել է արգենտինացի եւ արտասահմանցի կոմպոզիտորների գործեր՝ հանդես գալով միջազգային փառատոներում։
1979 թվականին նրա անսամբլը սկսում է իր առաջին արտասահմանյան համերգները եվրոպական երկրներում։ Թերզյանի համերգները, մրցույթները, սեմինարներն ու վարպետաց դասերն անվճար էին։ Նա հանդես է եկել լատինաամերիկյան երաժշտության անկախության օգտին՝ դեմ լինելով եվրոպական գեղարվեստական տենդենցներին եւ անհրաժեշտ է համարել ստեղծել սեփական ուղղությունը՝ կարեւորելով տեղի ստեղծագործողներին հարթակ տրամադրելը՝ ազատ ստեղծագործելու համար։

Իր բազմամյա գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների։ 2019-ին այցելել է Երեւան՝ արգենտինական տանգոյի ծրագրով։ Համերգացանկում Կարլոս Գարդելյայի, Աստոր Պյացոլլայի գործերն էին, ինչպես նաեւ՝ նրա ստեղծագործությունները։ Դա հայկական եւ արգենտինական երաժշտական մշակույթների յուրատեսակ համադրությամբ ստեղծված համերգ էր, որով Թերզյանը երաժշտության լեզվով փոխանցում էր իր աշխարհընկալումն ու աշխարհայացքը մարդկությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400 Բելառուսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով