Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

Thu, 15 Oct 2026 10:45:14 +0400


«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որեւէ կողմում անկլավներ եւ էքսկլավներ չլինեն»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհային քարտեզը։ Ըստ նրա, խաղաղության համաձայնագրով Հայաստանը պետք է ունենա 29,743 քառակուսի կմ տարածք, սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բացվեն, «այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, եւ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, աշխատելու եւ հաղորդակցություն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է նա եւ շեշտել, որ կողմերը չպետք է միմյանց որեւէ պահանջ ներկայացնեն ոչ մի հարցում՝ ներառյալ Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջեւանի կամ «Արեւմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ, պետք է հանգիստ թողնեն միմյանց։ Նշել է նաեւ, որ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ իր շփումներից տպավորություն է ստացել, որ «խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»։

Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 8-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասին է, որին մասնակցում էին ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Ալիեւը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարության տողատակերին, նկատում է. «Ընդհանուր առմամբ, սահմանազատումն ու սահմանագծումը բավականին բարդ եւ պրոբլեմատիկ խնդիր են ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ մինչ օրս նման խնդիրներ կան նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, սակայն այդ խնդիրները, մեծ հաշվով, տեխնիկական են: Օրինակ, Հայաստանի եւ Վրաստանի սահմանների 60 տոկոսը սահմանազատվել է, մնացած 40-ը չի կատարվել, նույնը կարելի է ասել Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների մասին, Ադրբեջանի եւ ՌԴ-ի, եւ այսպես շարունակ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին, ապա 1000 կիլոմետր է մեր սահմանների ողջ երկարությունը՝ հաշվի առնելով, որ մենք վատ պատմություն ենք ունեցել` հակամարտություն ու մեծ թշնամանք ունենք միմյանց նկատմամբ: Վերջին շրջանում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ադրբեջանը պատերազմում հաղթանակ տարավ, եւ եթե Հայաստանն ու Ադրբեջանը կատարեին սահմանազատում եւ սահմանագծում, ապա, միանշանակ, Հայաստանն իր բոլոր սահմանային կետերը զիջելու է: Ինչու․ որովհետեւ ուժեղ կողմն Ադրբեջանն է, եւ պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում: Ասում է` քանի որ ուժեղ կողմը մենք ենք, դուք պետք է մեզ հետ հաշվի նստեք: Պնդում են, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է իրենց տարածքները եւ դրա համար պետք է հիմա որոշակի զիջումների գնա: Ալիեւը չի ասում, որ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասում է` ճանաչում ենք, սակայն դա վերացական է, զուտ միջազգային հանրության համար, իսկ գետնի վրա ասում է, որ իր ուժեղ դիրքերի տեսանկյունից է պրոցեսն առաջ տանելու: 1000 կիլոմետր տարածքից, ուշադրություն` սահմանագծվել է ընդամենը 12 կիլոմետրը: Ինչո՞ւ է այսպես ստացվել, որովհետեւ ՀՀ իշխանությունը վախենում է գնալ սահմանազատման եւ սահմանագծման, որովհետեւ ստացվելու է այնպես, որ Բաքվին բոլոր ասպեկտներով զիջելու է, ինչը կարող է հղի լինել իշխանափոխության վտանգով: Հանրությունը կտեսնի, որ այս մարդիկ վերջնականապես բոլոր տեղերում զիջողի դերում են…. հաշվի առնելով այն հանգամանքը, թե Հայաստանում ով կլինի իշխանության ղեկին, միեւնույն է՝ Ադրբեջանն է ուժեղ կողմը, մանավանդ որ Ադրբեջանի մեջքին կա Թուրքիա, եթե անգամ ընդդիմության լիդերներն էլ գան իշխանության, Ադրբեջանը Հայաստանին ճնշելու է եւ զիջումներ է պարտադրելու: Այստեղ խնդիրը հայրենասիրության մեջ չէ: Ցանկացած մարդ, որ դառնա ղեկավար, բնականաբար, չի ցանկանա զիջումների գնալ, որովհետեւ ով էլ զիջեց, պարզ է, որ վարկանիշային կորուստ է ունենալու: Այժմ հարց կառաջանա՝ ինչպե՞ս անել, որ չզիջենք: Հարկավոր է կողմերի միջեւ միջնորդ: Պատկերացնենք, որ շարքային մարդն ինչ-որ մի մեծահարուստի հետ կոնֆլիկտի մեջ է մտնում: Այդ կոնֆլիկտը կարող է լուծվել բացառապես դատարանում: Եթե դատարան չկա, ապա կլուծվի հօգուտ մեծահարուստի, քանի որ նա ունի փող, թիկնապահներ, կապեր եւ այլն: Նա ուժով կլուծի կոնֆլիկտը: Ասածս այն է, որ եթե ուժեղ եւ թույլ կողմերի միջեւ կա կոնֆլիկտ, ապա անհրաժեշտ է դատարան»:

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է՝ պետք է հրաժարվենք փոխադարձ պահանջներից: Այսինքն` Հայաստանը հրաժարվո՞ւմ է Ջերմուկի եւ Սեւ լճի տարածքներից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման պահանջից։ «Որպեսզի Հայաստանը մինիմալիզացնի իր կորուստները, ապա պետք է հայկական կողմը պահանջի, որ այս գործընթացին խառնվի երրորդ կողմը: Եթե մենք ասում ենք, որ երկկողմանի պետք է բանակցենք եւ սահմանագծում իրականացնենք, ապա դա նշանակում է, որ Հայաստանը հաստատապես զիջելու է: Դա երաշխավորված է: Եթե չզիջենք, Փաշինյանը կասի` պատերազմ է լինելու, իսկ հանրության մի ոչ փոքր հատված կասի` զիջեք, որպեսզի պատերազմը կանխվի: Ադրբեջանը բոլոր առումներով կունենա բացառապես ձեռքբերումներ: Սեւ լճի եւ Ջերմուկի խնդիրները ծաղիկներ կլինեն այդ զիջումների կողքին: Միակ այլընտրանքը երրորդ կողմի առկայությունն է, որպեսզի մեր կորուստները հնարավորինս քիչ լինեն: Ես շատ օբյեկտիվ եմ այս իմաստով: Եթե մենք դա չանենք, անկախ նրանից, թե ով կլինի մեր ղեկավարը, մենք զիջողի դերում ենք հայտնվելու: Մեր հանրությունը գիտի, որ մեր բանակը փլուզված վիճակում է, իսկ Ադրբեջանը հզորանում է: Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիի նոր հռչակագրով փաստացի դարձել են պաշտոնապես դաշնակիցներ: Հիմա եթե Ադրբեջանը հայտարարի, որ Հայաստանի դեմ զորք պետք է Թուրքիան մտցնի, Թուրքիան դա կանի: Եթե մենք այլընտրանք ենք ուզում, իրատեսական ծրագիր է մեզ պետք: Երրորդ կողմ է հարկավոր, որը շահագրգռված կլինի, որ մեր եւ Ադրբեջանի միջեւ լինի բալանսավորված պրոցես, հակառակ դեպքում դերակատարը ֆորմալ բնույթ կունենա: Ընդդիմությունն անդադար ասում է, որ Փաշինյանը զիջելու է, իսկ իրենք հայրենասեր են, չեն զիջելու, ստացվում է, որ Փաշինյանը կանխում է պատերազմը, իսկ ընդդիմությունը պատերազմ է ուզում, արդյունքում հանրության զգալի մասը հավատում է դրան, իսկ Փաշինյանը պրակտիկորեն կյանքի է կոչում իր բոլոր ծրագրերը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն Իրանին կհարվածի «բոլոր ռումբերի մորով»

ԱՄՆ-ն Իրանին կհարվածի «բոլոր ռումբերի մորով» Thu, 15 Oct 2026 11:30:35 +0400 ԱՄՆ-ն կարող է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով