Նիկոլ Փաշինյանը «պատերազմ կհայտարարի» նաեւ ՍԴ այս կազմի՞ն
Thu, 15 Oct 2026 20:45:22 +0400

Սահմանադրական դատարանին չհաջողվեց ընտրել նախագահ։ Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ դատարանի դատավորների կազմից պետք է ընտրվի նոր նախագահ։ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի պաշտոնը թափուր մնալու պահից տասնօրյա ժամկետում։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաև դատավորը կարող է ինքնաառաջադրվել։ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում են ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը, և ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը:
Տեղեկացանք, որ Վարդանյանն ինքնաառաջադրվել է, իսկ Էդգար Շաթիրյանին առաջադրել է ՍԴ անդամներից մեկը: Սա նշանակում է, որ ՍԴ հին կազմը դեմ է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը եւ ՍԴ նախագահի սեփական թեկնածուն ունի: Ընդ որում, այն փաստը, որ երկու փորձից հետո էլ առաջադրված 2 թեկնածուներիից ոչ մեկը չի ստացել բավարար ձայներ, բավականին խոսուն է: Իսկ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է 9 դատավորից 6-ի ձայնը:
Էդգար Շաթիրյանը «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե ով է առաջադրել իրեն եւ ինչ հակասություններ են առաջացել ՍԴ կազմում, մասնավորապես իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ, ասաց. «Իմ թեկնածությունը առաջադրել է դատավոր Դավիթ Խաչատրյանը: Այո, ես չեմ ինքնաառաջադրվել, այս պահին նոր ընտրության ժամկետ նշանակված չէ, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակարգը նախատեսում է նման դեպքերում ոչ շուտ քան 10 օրվա, ոչ ուշ` քան 30 օրվա ընթացքում նոր ընտրություն կազմակերպել: Մեկամսյա ժամկետում այն տեղի կունենա: Ինչ վերաբերում է հակասություններին, ապա ես որևէ հակասություն բացարձակապես չունեմ Վլադիմիր Վարդանյանի հետ, նորմալ գործընկերային հարաբերությունների մեջ ենք, առողջ մրցակցություն է ընթանում: Յուրաքանչյուր դատավոր իր դիրքորոշումն արտահայտում է իր քվեով»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր