«Հրապարակ»․ Ինչպես են ՌԴ-ում, Չինաստանում, Բելառուսում եւ Հայաստանում սահմանափակում արվեստագետների խոսքը
Sat, 17 Oct 2026 12:15:24 +0400

Արվեստը վաղուց դադարել է լինել միայն գեղագիտական արտահայտչամիջոց։ Քաղաքակիրթ աշխարհում երաժշտությունը, թատրոնը, գրականությունը եւ ժամանակակից արվեստի տարբեր ձեւերը հաճախ դառնում են հասարակական դժգոհության, քաղաքական քննադատության եւ իշխանության դեմ պայքարի հարթակներ։ Սակայն ստեղծագործական ազատությունը երբեմն բախվում է գրաքննության, հետապնդումների, կալանավորումների, խոսքի սահմանափակումների եւ այլն: Հայաստանում վերջին տարիներին այդ իրավիճակն է ստեղծվել:
Երգերը՝ որպես բողոքի արտահայտություն
Ռուսաստանում իշխանությունների քննադատության եւ հակապատերազմական դիրքորոշման համար մշակույթի գործիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խիստ աճել են Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից հետո: Երկրում ընդունված օրենսդրական սահմանափակումներն ու պատերազմի մասին պաշտոնական դիրքորոշմանը հակասող հրապարակումների արդյունքում կիրառվող պատժամիջոցները բարդացրել են անկախ արտահայտվելու հնարավորությունները։ Որոշ երաժիշտների համերգներն են չեղարկվել, նրանց տուգանում են, ձերբակալում։ 2025 թ․ հոկտեմբերին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Սանկտ Պետերբուրգում գործող Stoptime երաժշտական խումբը, որը փողոցներում երգում է, իշխանություններին քննադատող ստեղծագործություններ կատարում։ Երգչուհի Դիանա Լոգինովայի եւ խմբի մյուս անդամների նկատմամբ կիրառվեցին վարչական միջոցներ։
Մշակութային ինքնությունն ու գրաքննությունը
Չինաստանում խոսքի եւ ստեղծագործական ազատության սահմանափակումները վերաբերում են ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքին։ Հատկապես Սինցզյանում ույղուրական մշակույթի, երաժշտության եւ լեզվի նկատմամբ պետական վերահսկողությունը միջազգային իրավապաշտպանների ու լրագրողների ուշադրության կենտրոնում է։ Ույղուրական երաժշտության որոշ ստեղծագործություններ արգելվել են, իսկ մշակութային ինքնության արտահայտման որոշ ձեւեր դիտարկվել են անվտանգության քաղաքականության համատեքստում։ Քննադատների գնահատմամբ՝ նման սահմանափակումները կարող են դուրս գալ անվտանգության հարցերի շրջանակից եւ ազդել մշակութային ժառանգությունը պահպանելու ու տարածելու հնարավորությունների վրա, քանի որ արվեստի ազատությունն այս դեպքում միայն անհատի՝ իր կարծիքն արտահայտելու իրավունքի հարց չէ։ Այն առնչվում է նաեւ ամբողջ համայնքների՝ իրենց լեզուն, երաժշտությունն ու մշակութային հիշողությունը պահպանելու իրավունքին։
Արվեստագետները՝ քաղաքական բողոքի կրողներ
Իրանում արվեստագետների ազատ արտահայտման խնդիրը սրվել է իշխանությունների դեմ հասարակական բողոքի շարժումների ժամանակ։ Երաժիշտները, կինոգործիչները, դերասաններն ու այլ ստեղծագործողներ երբեմն իրենց աշխատանքներով կամ հայտարարություններով աջակցել են բողոքողներին՝ վտանգելով իրենց ազատությունը։ Օրինակ՝ քուրդ ռեփեր Սաման Յասինը ձերբակալվել է 2022 թվականին՝ Իրանում ծավալված բողոքի շարժման ժամանակ։ Նրա գործը միջազգային ուշադրության արժանացավ՝ մահապատժի սպառնալիքների եւ արդար դատաքննության բացակայության պատճառով։ Նրա նկատմամբ կիրառված միջոցների իրավական հիմնավորումները վիճարկվել են իրավապաշտպանների կողմից։
Ճնշումներ մշակույթի գործիչների նկատմամբ
Բելառուսում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները հատկապես զգալի դարձան 2020 թ․ նախագահական ընտրություններից եւ դրանց հաջորդած բողոքի շարժումներից հետո։ Մշակույթի գործիչներից ոմանք հրապարակավ քննադատել են իշխանություններին, աջակցել բողոքի շարժումներին, դեմ արտահայտվել բռնություններին։ Դրանից հետո արձանագրվել են ձերբակալություններ, դատական հետապնդումներ, աշխատանքային սահմանափակումներ եւ մշակութային գործունեության խոչընդոտման դեպքեր։ PEN Belarus-ի եւ այլ կազմակերպությունների զեկույցներում ներկայացվել են գրողների, դերասանների, երաժիշտների ու մշակութային այլ գործիչների նկատմամբ կիրառված միջոցները։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամերի պայմաններում մշակութային հաստատություններն ու ստեղծագործողները կարող են հայտնվել ոչ միայն հանրային քննարկումների, այլեւ պետական ճնշումների թիրախում։
Քաղաքական քննադատություն արվեստի միջոցով
Կուբայում նույնպես արձանագրվել են արվեստագետների նկատմամբ սահմանափակումներ, մասնավորապես՝ իշխանություններին քննադատող ստեղծագործությունների եւ հրապարակային գործողությունների պատճառով։ Նկարիչ եւ կատարողական արվեստի ներկայացուցիչ Լուիս Մանուել Օտերո Ալկանտարան բազմիցս ձերբակալվել է։ Նրա ստեղծագործություններն ու հանրային գործունեությունը կապվում են խոսքի ազատության եւ պետական իշխանության նկատմամբ քննադատության հարցերի հետ։ Իրավապաշտպան կազմակերպությունները նրա նկատմամբ կիրառված միջոցները ներկայացրել են որպես անկախ արվեստագետների ազատությունների սահմանափակման օրինակ։
Արվեստագետների եւ գրողների ազատության սահմանափակումներ են արձանագրվել նաեւ Վիետնամում, Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Մյանմայում։ Սահմանափակումների ձեւերը տարբեր են՝ գրաքննությունից եւ ստեղծագործությունների տարածման արգելքից մինչեւ ձերբակալություններ ու դատական հետապնդումներ, սակայն բոլորը խոսքի ազատության եւ ժողովրդավարության դեմ են: PEN America-ի Freedom to Write Index զեկույցները փաստագրում են գրողների ազատազրկման դեպքեր ամբողջ աշխարհում։ Թեեւ զեկույցը հիմնականում վերաբերում է գրական ստեղծագործություններին, սակայն այն ընդգրկում է նաեւ այլ ստեղծագործողների, որոնց աշխատանքը հատվում է քաղաքական խոսքի եւ հասարակական գործունեության հետ։ Freemuse միջազգային կազմակերպությունն է պարբերաբար հրապարակում արվեստի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցներ՝ ուսումնասիրելով երաժիշտների, կատարողների, նկարիչների եւ այլ արվեստագետների իրավունքների խախտումները։
Ու որքան էլ զարմանալի թվա, Հայաստանը չկա այդ շարքերում, չնայած մեզանում բազմաթիվ են նման դեպքերը: Օրինակ, բոլորովին վերջերս սահմանափակվեց գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանի հրապարակային խոսքը: Դատարանը նրան արգելել է հրապարակային հայտարարություններ անելը, քանի որ նա, ըստ դատարանի, բռնության կոչերով է հանդես գալիս: Իրավապահները Սահակյանին մեղադրում են 2025 թվականի հունվարին արած մի գրառման համար, վարույթը նախաձեռնվել է դեռ մեկուկես տարի առաջ, այդ ընթացքում իրականացվել են լեզվաբանական եւ հոգեբանական փորձաքննություններ՝ պարզելու գրառման բովանդակությունն ու բնույթը, ինչից հետո գրողին մեղադրանք է առաջադրվել։
Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ատելություն հրահրելու եւ թշնամանք քարոզելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է ոստիկանությունը։ Ընդդիմադիր խոսքի համար է կալանավորվել նաեւ հանրային գործիչ Արթուր Դանիելյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր