Հրաժարիմք կամ՝ բան Նիկոլի ասացեալ
Sat, 17 Oct 2026 18:45:54 +0400

Որպեսզի խաղաղություն լինի, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է պարտավորվեն այլեւս երբեք պահանջներ չներկայացնել միմյանց… Փաշինյանն ասում է, որ այս մասին Թուրքմենբաշիում խոսել է Ալիեւի հետ, եւ Ալիեւն ընդհանուր առմամբ հավանություն է տվել այդ մտքին: Ալիեւը, շատ ներողություն, պետք է էշ լիներ, որ հավանություն չտար Փաշինյանի այս ապուշ եւ ըստ էության հակահայկական «գաղափարին»: Եթե ես հաղթած կողմ եմ, եթե ես մի բան էլ ավելով ստացել եմ իմ ուզածը, իսկ պարտված կողմը սողալով խաղաղություն է խնդրում, ինչո՞ւ չպետք է համաձայնեմ պարտված կողմի՝ ապագայում ինձնից պահանջներ չունենալու մտքի հետ: Լավ էլ միտք է՝ ինձ ոչ ոք դատի չի տա պատերազմական հանցագործությունների համար, ինձ չեն ասի՝ զորքերդ հանիր օկուպացված տարածքներից, իսկ էն բաց ճանապարհներն էլ, երբ ուզենամ, մի որեւէ պատրվակով կփակեմ ու տեսնեմ՝ ինձնից ինչ են պահանջելու, ո՞վ է պահանջելու: Ու թող փորձի պահանջել… Պատերազմ կսկսվի՝ չնայած խաղաղության պայմանագրի առկայությանը: Եղածն ի՞նչ է, մի թղթի կտոր չէ՞… Այսպես է մտածում Ալիեւը:
Իսկ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, երբ Ալիեւին նման առաջարկություն է անում՝ արի պայմանավորվենք, որ միմյանց նկատմամբ այլեւս պահանջներ չունենք: Ես կասեի՝ ոչինչ էլ չի մտածում: Նա ուղղակի կարծում է, որ, պահանջատիրությունից հրաժարվելով, կկարողանա տպավորություն գործել Ալիեւի վրա, ավելի մտերմանալ նրա հետ ու ստանալ այդ թղթի կտորը՝ խաղաղության համաձայնագիրը: МГИМО-ն ավարտած Ալիեւը, սակայն, թերի բարձրագույն կրթության վկայական ունեցող Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկի վրա ընդամենը ժպտում է եւ ասում՝ ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ մենք հրաժարվենք միմյանց նկատմամբ ունեցած պահանջներից:
ՀՀ մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, չի կարելի այս աստիճանի, շատ ներողություն, «դդում» լինել մեծ քաղաքականության մեջ եւ չհասկանալ, որ հնարավոր չէ պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, եթե այսօր գոյություն չունի, վաղը կարող է ծագել ու խառնել քո բոլոր թղթերը: Էլ չասեմ, որ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ դու էլ, Ալիեւն էլ հրաժեշտ տված կլինեք ձեր անիմաստ երկրային կյանքին: Ուզում եմ ասել՝ պահանջատիրությունը պատմականորեն ձեւավորվող երեւույթ է, որ ձեւավորում են ժողովուրդները՝ ամեն մեկն իր համար: Այլ հարց է, թե նրանք ինչպես եւ երբ կհասնեն իրենց նպատակներին: Շատերը չեն հասել, թվում է՝ չեն էլ հասնի իրենց նպատակներին, բայց նույնիսկ պետականությունն ու անկախությունը կորցրած ազգերն ի զորու չեն մոռանալու իրենց պահանջատիրությունը, որ ձեւավորվել է ժամանակի հետ եւ օբյեկտիվորեն: Դու այս ի՞նչ ես անում, Նիկոլ Փաշինյան, քո այդ գարշահոտ մտասեւեռումներով:
Փաշինյանի առաջարկն Ալիեւին կաղում է բոլոր առումներով: Նախեւառաջ, դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ մեր պահանջներից, այլեւ՝ Թուրքիայի: Առանց մեկի, մյուսը լինել չի կարող: Այդ երկրներն այնպես են կապված միմյանց հետ, ինչպես երկվորյակ եղբայրներ: Եվ, որպեսզի Ալիեւը չասի «Արեւմտյան Ադրբեջան», մենք պետք է հրաժարվենք Արեւմտյան Հայաստանից, որպեսզի Ալիեւը չխոսի «Խոջալուի ցեղասպանության» մասին, մենք պետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի Ալիեւը չխոսի 300 հազար ադրբեջանցիների իրավունքներից, մենք պետք է լռենք Արցախից, Ադրբեջանի հայահոծ քաղաքներից ու Արեւմտյան Հայաստանից տեղահանված, սպանդի ենթարկված հայության իրավունքներից: Պարոն Փաշինյան, մի՞թե մեծ խելք է պետք՝ հասկանալու համար այս ամենը եւ չանել հայտարարություններ, որոնք մեր ժողովրդին իջեցնում են հրանտմաթեւոսյանական կովի մակարդակին:
Քաղաքագիտորեն նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող են հարեւան երկրները միմյանց նկատմամբ պահանջներ չունենալ: Անգամ Ռուսաստանն ու Բելառուսը երկուստեք պահանջներ ունեն: Որոշ պետությունների պարագայում այդ պահանջները վերաճում են պատերազմների, որոշների դեպքում այդպես էլ մնում են որպես պահանջներ: Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, Ճապոնիան կղզիներ է պահանջում Ռուսաստանից, բայց այդ երկրները չեն պատերազմում: ԱՄՆ-ն, որ 4 օվկիանոսներից երեքով բաժանված է Իրանից, թվում է, պահանջներ չպետք է ունենա այդ երկրից: Բայց պարզվեց՝ ունի պահանջներ եւ պատերազմում է Իրանում: Պատերազմում են նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ գրեթե նույն ծագումնաբանությամբ երկու ժողովուրդ, որոնք պիտի որ նույն պահանջներն ունենային մնացած աշխարհից: Եվ նշածս երկրներից եւ ոչ մեկի ղեկավարն այնպիսի հայտարարություն չի անում հանուն մի թղթի կտորի, որ Փաշինյանն է արել Թուրքմենբաշիում: Այն էլ ում ներկայությամբ… Ալիեւի, որի պահանջների մի ահռելի մասը դեռ չի կատարել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր