Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը

Sat, 17 Oct 2026 21:00:14 +0400


Հայկական կինոյի երեւելի դեմքերից է Ներսես Հովհաննիսյանը (1938-2016)՝ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Նա նկարահանել է կատակերգություններ, դրամաներ, վավերագրական ֆիլմեր։ Նրա ներդրումը հայկական կինոյում շատ մեծ է։

Հովհաննիսյանի ֆիլմերում առանձնակի կարեւորություն է տրվել մարդկային հարաբերություններին, բարոյական հարցերին եւ պատմական հիշողությանը։ Ներսես Հովհաննիսյանը կինո է մուտք գործել դեռ դպրոցական տարիքում։ Հանդես է եկել «Լեռնային լճի առեղծվածը» կինոնկարում՝ որպես գլխավոր դերակատար։ Մասնակցել է նաեւ հայերենով ֆիլմերի հնչյունավորմանը, խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Ուսանել է Վարդան Աճեմյանի արվեստանոցում, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1959-ից սկսել է աշխատել «Հայկինոյում»՝ ռեժիսորի օգնականից մինչեւ ինքնուրույն բեմադրիչ։

1966-67 թթ․ ստաժավորում է անցել «Մոսֆիլմում»՝ հայտնի ռեժիսոր Յուլի Ռայզմանի մոտ։ Հովհաննիսյանը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալ դպրոցն ու սերունդների հաջորդականությունը՝ ընդգծելով, որ առանց փորձառու ուսուցիչների՝ կինոյում կայանալ հնարավոր չէ։ Հովհաննիսյանի վաղ շրջանի գործերից է 1968-ին նկարահանված «Հանդիպում ցուցահանդեսում» կինոնկարը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Նրա հերոսը՝ տաքսու վարորդ Հարությունը, սփյուռքահայ նկարչի կտավից պատահաբար ճանաչում է կրտսեր եղբորը, որը կորել էր ցեղասպանության ժամանակ։ Փորձերը` պարզելու ճշմարտությունը, վերածվում են հույսի եւ կորստի փաստի հետ չհաշտվելու պատմության։ 20 րոպեանոց այդ կինոնկարը դարձել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը։ 1975-ին էկրան է բարձրանում «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը, որը լայն ճանաչում է բերում Հովհաննիսյանին։ Կինոնկարի սյուժեում հայ երիտասարդ Արտակի եւ ռուս Վալյայի սիրո պատմությունն է։ Նրանց հարաբերությունները բախվում են իրենց իսկ ծնողների դիմակայությանը եւ ընտանեկան տարբեր ավանդույթների։ Խնամախոսության համար ռուսական գյուղ մեկնած հայ ընտանիքի պատմությունը կատակերգական դրվագների միջոցով բացահայտում է տարբեր մշակութային եւ ազգային ավանդույթներն ու կենցաղը փոխադարձաբար հարգելու անհրաժեշտության կարեւորագույն հարցը։ Ֆիլմում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը, Ինա Մակարովան, Մուրադ Կոստանյանը, Երվանդ Մանարյանը եւ այլք։ Երաժշտությունը գրել է Առնո Բաբաջանյանը, երեք երգերի բանաստեղծությունների հեղինակն Անդրեյ Վոզնեսենսկին է։ Ներսես Հովհաննիսյանի կինոնկարներից են նաեւ այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպես «Ձախորդ Փանոսը», «Մրցույթի են գնացել խոհարարները», «Թռիչքը սկսվում է գետնից», «Երջանկության մեխանիկան», «Օտար խաղեր» եւ այլն։ 1994 թ․ աշխատել է «Մոսֆիլմում», արժանացել տարբեր հեղինակավոր մրցանակների։ Ներսես Հովհաննիսյանը նաեւ կոլորիտային անձ էր, մեծ հումորի տեր, նրա մասին բազում հետաքրքիր պատմություններ կան, որ սերնդեսերունդ փոխանցվում են:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից

«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից Thu, 15 Oct 2026 11:45:09 +0400 «Պատմություն ասելով հիմնականում հասկանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով