Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով

Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով

Thu, 22 Oct 2026 12:16:12 +0400


Մատենադարանի հավաքածուն կհամալրվի պատմամշակութային և գիտական մեծ արժեք ունեցող երկու ձեռագրով, որոնց ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 148,5 միլիոն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում՝ հաստատելով անհրաժեշտ գումարը պահուստային ֆոնդից տրամադրելու առաջարկը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը վաճառքի է հանել հինգ ձեռագիր։ Մատենադարանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել ինչպես գնի, այնպես էլ գնման պայմանների շուրջ։

Սկզբնապես հինգ ձեռագրերի համար պահանջվող 600 հազար եվրոյի փոխարեն գինը նվազեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ հարկերն ու մյուս վճարները։ Բացի այդ, սեփականատերը վեց ամսով Մատենադարանին տրամադրել է առաջնահերթ գնորդի կարգավիճակ՝ հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ձեռք բերել մատյանները։

Նախարարի խոսքով՝ ձեռագրերից երկուսն առանձնանում են իրենց բացառիկ նշանակությամբ, ուստի դրանց գնումը նախատեսվում է իրականացնել կառավարության աջակցությամբ։

Առաջին ձեռագիրը 1353 թվականին Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի արժեքը գնահատվել է 250 հազար եվրո։ Այն ներառում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի առանձնահատկություններից է նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը։

Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Նոր Ջուղայում՝ Սպահանում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է։ Այս մատյանի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։

Երկու ձեռագրերի ձեռքբերումը հնարավորություն կտա Մատենադարանի հավաքածուն համալրել բացառիկ պատմական ու գիտական արժեք ունեցող նմուշներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով