Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

COP17 կամ՝ բուսաբանական այգու վախճանը

COP17 կամ՝ բուսաբանական այգու վախճանը

Fri, 23 Oct 2026 18:15:39 +0400


Այսօր կխոսենք COP17-ի՝ Երեւանի բուսաբանական այգու վրա ունեցած ազդեցության, Ավինյան Տիգրանի եւ շատ ուրիշ բաների մասին, բայց մինչ այդ անդրադառնամ մի խայտառակության, որ տեղի է ունեցել Կիրանց գյուղի «խաղաղության պատի» մոտակայքում: Այսինքն, դա ինձ համար է խայտառակություն, Նիկոլի եւ ՀՀ իշխանությունների համար գուցե լրիվ նորմալ բան է: Կիրանցի որոշ հատվածներում հեռախոսդ միացնում ես՝ էկրանին գրվում է… Խեյրիմլի: Այստեղ են ասել՝ տերդ մեռնի, գիտություն: Եվ որպեսզի ես տաքսի պատվիրեմ Կիրանցից Իջեւան հասնելու համար, իմ կանգնած վայրի դիմաց պետք է գրեմ Խեյրիմլի, ենթադրենք, 2-րդ փողոց, 12 տուն: Հետաքրքիր է, տաքսու վարորդն ինձ կգտնի՞: Երեւի կգտնի, եթե լսել է Փաշինյանի ելույթները Խեյրիմլիի եւ Բարխուդարլուի մասին: Իսկ եթե չի լսե՞լ…

Հարգելի կիրանցաբնակներ, այնպես չէ, որ ես ինձ կոտորում եմ ամեն օր Իջեւանից Կիրանց գնալ-գալու համար: Սա ավելի շուտ ձեր պրոբլեմն է, ձեր գյուղի ու ձեր պատվի հարցը: Մարդ եղեք, հարց բարձրացրեք ձեր ընտրած վարչապետի առաջ, ասեք՝ այդ ինչպե՞ս եք սահմանազատել ու սահմանագծել մեր գյուղը, որ իմ հարեւան Համոն մնացել է Կիրանցում, իսկ ես հայտնվել եմ Խեյրիմլիում: Փաշինյանը, գիտեմ, դա կբացատրի հեռախոսային օպերատորների ծածկույթների միջեւ տեղի ունեցող փոխթափանցումներով, կասի, որ Վրաստանի սահմանի մոտ էլ երբեմն վրացական օպերատորն է հայտնվում մեր տարածքում եւ այլն, բայց դուք նրան հարցապնդում արեք՝ իսկ այդ Խեյրիմլի է, ինչ զահրումար է, այդտեղ երբեւէ հեռախոսի վրա գրվո՞ւմ է Կիրանց, թե՞ ոչ:

Մինչ կիրանցաբնակ մեր հայրենակիցները շարժում կձեւավորեն այս խայտառակության դեմն առնելու համար, մենք գանք Երեւան, որտեղ մի սարսափելի թանկ ու խայտառակ միջոցառում է ընթանում, որի ավարտին մենք կարող ենք կորցնել Երեւանի բուսաբանական այգին: Միջոցառումը կոչվում է COP17 եւ վերաբերում է կենսաբազմազանության հարցերին, այն է՝ կենդանի բնության պահպանությանը: Որտեղից ասես, որ մարդիկ չեն եկել… Էնքան էլ շատ են, որ Ավինյանի տրամադրած MAN ավտոբուսները չեն բավականացնում նրանց տեղից տեղ հասցնելու համար: Չնայած իրենց շատությանն ու բազմազանությանը, այդ հարիֆները, սակայն, չգիտեն, թե ինչ է տեղի ունենում Երեւանի կանաչ տարածքների, օդի եւ կենդանի արարածների հետ: COP17-ի մասնակիցների աչքից նույնիսկ Երեւանի տրանսպորտային խցանումներն են թաքցրել՝ ՔՊ-շնիկներին հանձնարարել են ավտո չհանել, պետական հիմնարկներն օնլայն են աշխատում, դպրոցները փակել են, որ հնարավորինս քիչ մարդ դուրս գա փողոց: Այս խաբեությունը պետք է բացահայտել: Թող բոլորն իմանան, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ տականք իշխանություններ ունեն, որոնք ամեն ինչ անում են կենսաբազմազանությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու համար: Առաջարկում եմ COP17-ի մասնակիցների մի խմբով այցելել Երեւանի բուսաբանական այգի եւ տեսնել, թե ինչ է կատարվել այնտեղ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապետ Ավինյանի թեթեւ ձեռքով: Սիրով կուղեկցեմ այդ խմբին եւ մանրամասն կներկայացնեմ այն քանդարարությունը, որ իրականացրել են պրոդյուսեր Փաշինյանն ու մեր օրերի մեծ շինարար Ավինյան Տիգրանը:

Եվ, ուրեմն, նոյեմբերի 10-ին կլրանա բուսաբանական այգու ոչնչացման 6-րդ տարին: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո չի կարողանալու մարդավարի այցելել Եռաբլուր, մի դարակազմիկ միտք հղացավ՝ Եռաբլուրը տեղափոխել բուսաբանական այգի՝ այն անվանափոխելով «Կյանքի պուրակ»: Լիքը մարդ հավաքեց գլխին, հատակագծեր կազմեցին, բարեկարգման ծրագրեր, մոնումենտալ շինությունների, լճակների, ճեմուղիների էսքիզներ: Թղթի վրա մի գեղեցիկ բան նկարեցին ու անցան գործի: Շինաշխատանքների վերահսկողությունն էլ հանձնեցին Երեւանի քաղաքապետարան կոչվող ՍՊԸ-ին՝ Ավինյանի գլխավորությամբ:

Ավելորդ է, կարծում եմ, ասելը, որ սրանց դեպքում միշտ ամեն ինչ սկսվում է քանդելով: Ավինյանը բացառություն չէ, թեեւ պետք էր քանդել ոչ թե մի ամայի տարածք, այլ բուսաբանական այգին, որտեղ կային տասնամյակներով ձեւավորված ֆլորա եւ ֆաունա, առանձին հատվածներում՝ հազվագյուտ ծառատեսակներ, թփեր, ծաղիկներ: Ավինյանի բուլդոզերներին, սակայն, այս ամենը բացատրել հնարավոր չեղավ: Միտքը Նիկոլն էր հղացել, ու այն պետք է ի կատար ածվեր: Քանդարարության հենց առաջին օրվանից պարզվեց, որ այգու տարածքում մի հին խաչքար կա, որի մասին ո՛չ Նիկոլը, ո՛չ Ավինյանը չգիտեին: Այգու մշտական այցելուներն այդ խաչքարի մոտ երբեմն-երբեմն մոմ էին վառում, բարությամբ լցվում, փառք տալիս Տիրոջը, որ Սովետի դեռ առաջին տարիներին իրենց այսպիսի այգի են պարգեւել: Ի դեպ, խաչքարը հայտնաբերվել է այգու հիմնադրման ժամանակ՝ հողային աշխատանքներ կատարելիս: Խաչքարը մի քանի օրից անհետացավ: Ասում էին՝ պահել ենք, որ հետո տեղադրենք: Ե՞րբ եք տեղադրելու, չէ՞ որ աստիճանների կասկադը համարյա «ավարտել եք», իսկ խաչքարը հենց կասկադի մուտքին էր դրված:

Մինչ քանդարարությունը շարունակվում էր, մենք՝ այցելուներս, հաշվում էինք կտրված ծառերի կոճղերը: Մարդու սիրտ էր մղկտում, բողոքում էինք, բայց ի՞նչ անեինք, երբ մեզ հավատացնում էին, թե արտասահմանից լիքը սիրուն ծառեր են բերելու եւ տնկելու կտրված ծառերի փոխարեն: Նույնիսկ միջանկյալ ծառատունկ արեցին՝ ամեն տունկը պետության վրա 25-50 հազար գրելով: Ոչ մի ծառ այդ ծառատունկից հետո չկանաչեց: Հիմա էլ խոսում են 16 հազար ծառի մասին, որ Հայաստան է բերելու, իմ իմանալով, Ավինյանի հայրիկի հետ կապ ունեցող ինչ-որ ընկերություն: Ծառերը դեռ չեն բերել, թեեւ շինաշխատանքները, այդ թվում եւ այդ հսկայական այգու միակ զուգարանի, կարծես ավարտվելու վրա են:

Ամեն ինչ պետք է պատրաստ լիներ COP17-ին ընդառաջ՝ 2026թ. հոկտեմբերին: Բայց… Ինչպես Նիկոլի բոլոր գործերը, «Կյանքի պուրակն» էլ մնաց կիսակառույց, ավելի ճիշտ՝ կիսաքանդ: Ամռանը, կարծես օգոստոսին, Փաշինյանն այցելել էր բուսաբանական այգի՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին եւ հիանալու Ավինյանի շինարարական տաղանդով: Եղավ այն, ինչ պետք է լիներ… Մե «պրիպադկա», մե «քֆրտոց», է՛լ սալահատակ քանդել, է՛լ որակ ստուգել, է՛լ թուքումուր, է՛լ պատկաններին «տռաս հանել»: Բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը կասկադով բարձրացավ մինչեւ այգու ամենահեռու ու ամենաբարձր կետը, որ այնտեղից հիանա այգու դեռ նշմարվող կանաչ հատվածով: Ավաղ, երբ նա բլրի գագաթին էր, «չիշիկը» հանկարծ բռնեց: Այգու միակ կիսակառույց զուգարանը, սակայն, շատ հեռու էր, եւ միայն СУ-40-ով կարելի էր այնտեղ հասնել:

Հարցնում եք` ի՞նչ եղավ դրանից հետո… Չէ, Փաշինյանի հետ կապված ուշադրության արժանի որեւէ հատուկ բան չեղավ: Փոխարենը նրա այցի երկրորդ, թե երրորդ օրը շինարարները փախան այգուց, իսկ Ավինյանը հեռացվեց շինաշխատանքների վերահսկողությունից: Փաշինյանն այդ ծանր գործը հանձնարարեց փոխվարչապետներից մեկին, որի անունը, թեկուզ գնդակահարեք, չգիտեմ:

Եվ այսպես, սիրելի COP17-ականներ, շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ ծանոթացաք կենսաբազմազանության հետաքրքրության շրջանակում գտնվող մեր բուսաբանական այգու խնդիրներին: Հուսամ՝ ձեր զեկույցներից մեկում կամփոփեք այս ամենը եւ գնահատական կտաք մի կողմից բնապահպանության առաջամարտիկ ձեւացող, իսկ մյուս կողմից բնության հերն անիծող ՀՀ իշխանությունների վարքագծին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով