Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը
Mon, 26 Oct 2026 12:38:13 +0400

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները։ Նախագծի քննարկումն ուղեկցվել է նաև պատգամավորների միջև սուր բանավեճով։
Օրինագիծը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործումն է և նման դեպքերի քննության ընթացքում տուժողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը։
Բաթոյանը պարզաբանել է, որ նախագծով նախատեսվում է գործող օրենքից հանել նախազգուշացման միջոցը, քանի որ այն բավարար արդյունավետություն չի ապահովում։ Դրա փոխարեն առաջարկվում է կիրառել կանխարգելիչ հաշվառման մեխանիզմը։
Փոփոխությունների համաձայն՝ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք հայտնաբերելուց հետո ոստիկանության աշխատակիցը պարտավոր կլինի 12 ժամվա ընթացքում հաղորդում ներկայացնել քննչական մարմնին։ Նախագծով առաջարկվում է նաև վերականգնողական ծրագրի մասնակցությունը պարտադիր դարձնել ոչ միայն պաշտպանական որոշման, այլև անհետաձգելի որոշման կայացման դեպքում։
Բաթոյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նոր կարգավորումներով աջակցող միջոցից կամ օժանդակ հարմարանքից զրկելը, ինչպես նաև դրանք վնասելը կամ ոչնչացնելը նույնպես կդիտարկվի որպես ֆիզիկական բռնություն։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, սակայն, մտահոգություն է հայտնել նախագծի քննարկման կազմակերպման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ օրինագիծը ներկայացվել է հապճեպ, և շահագրգիռ անձինք բավարար ժամանակ չեն ունեցել դրա բովանդակությանը մանրամասն ծանոթանալու համար։
Զարուհի Բաթոյանը չի ընդունել այդ դիտարկումը՝ ընդգծելով, որ նախագիծը շրջանառության մեջ է եղել երկու ամիս, իսկ դրանից բացի՝ դրա քննարկումը հետաձգվել է ևս երեք ամսով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, դիմելով Բաթոյանին, հայտարարել է, որ նախաձեռնության իրական հեղինակը, իր պնդմամբ, ոչ թե նա է, այլ վարչապետի կին Աննա Հակոբյանը, որը հրապարակայնորեն ներկայացրել է իրեն որպես այդ նախաձեռնության հեղինակ։
Այս հայտարարությանը միջամտել է նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պահանջելով, որ նախագահողը կանխի ոչ կոռեկտ ելույթները։ Լիլիթ Գալստյանը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ բոլոր մասնակիցները պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանակում, ապա Ղազարյանին հնարավորություն է տվել շարունակել հարցադրումները։
Ընդդիմադիր պատգամավորը Բաթոյանից հետաքրքրվել է՝ արդյոք որևէ մեկը նրան պարտադրել է նախագիծը շրջանառության մեջ դնել։ Ղազարյանը նաև նշել է, որ օրինագիծը ներկայացնելու հարցում ավելի տրամաբանական կլիներ Ռուստամ Բաքոյանի մասնակցությունը՝ հղում անելով վերջինիս առնչությամբ ընտանեկան բռնության վերաբերյալ նախկինում հրապարակված տեղեկություններին։
Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանը հակադարձել է, որ ընտանեկան բռնության թեմայով զբաղվել է տարիներ շարունակ, և քննադատել է Ղազարյանին՝ այդ հանգամանքը հաշվի չառնելու համար։ Նա նաև հայտնել է, որ նախագիծը մշակվել է կառավարության հետ սերտ համագործակցությամբ։
Էդգար Ղազարյանը, շարունակելով հարցադրումները, նշել է, որ Աննա Հակոբյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին հրավիրել է քննարկման՝ օրինագծի վերաբերյալ։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք սովորական պրակտիկա է, երբ մեկ անձ նման քննարկման է հրավիրում իշխող խմբակցության ամբողջ կազմին։
«Այս նախագծի իրական հեղինակը Դուք չեք իրականում, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով և նա է հայտարարել, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակը»,- ասել է Ղազարյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր