«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են
Tue, 27 Oct 2026 09:45:43 +0400

Արդեն երկրորդ ընտրությունն է, ինչ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սեւեռվել է սահմանամերձ Կիրանցի վրա եւ փորձում է հանրությանն ապացուցել, որ անգամ Կիրանցից տարածքներ ու տներ Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը ՔՊ-ի կողքին է, որովհետեւ գոհ է այն փաստից, որ իր գյուղի կեսը հանձնել են հարեւան պետությանը, եւ իր տան պատուհաններից ադրբեջանական դրոշներ է ամեն օր տեսնում:
Հունիսի 7-ի համապետական ընտրություններից ժամեր անց Վահագն Ալեքսանյանը գրել էր, որ ՔՊ-ն հաղթել է Կիրանցում, բայց հետո պարզվեց, որ ստում է, Կիրանցում ՔՊ-ն հաղթանակ չի տարել, այլ Կիրանցում բացված ընտրատեղամասերում կիրանցեցիների հետ սահմանապահներն էլ էին մասնակցել քվեարկությանը, իսկ նման կառույցներում աշխատողները սովորաբար իրենց քվեն տալիս են իշխանությանը։ Իսկ ՔՊ-ի փիառշչիկները փորձում են թյուր տպավորություն ստեղծել, թե գյուղի բնակչությունն է ընտրողը։
Հոկտեմբերի 25-ին եւս Ալեքսանյանը հատուկ Կիրանցի արդյունքներն էր իր էջում նշել․ «Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը»: Նշենք նաեւ, որ մի արատավոր երեւույթ էլ է ձեւավորվել այս իշխանության մոտ՝ իշխանականները չեն սպասում անգամ ընտրությունների հաշվարկի ավարտին, հաշվարկից երկու-երեք ժամ անց իրենց հաղթանակն են տոնում:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է ստացվել, որ կիրանցեցին ՔՊ-ին այդքան ձայն է տվել, գուցե այս անգամ ե՞ւս իշխանությունն ինչ-որ անազնիվ մեթոդի է դիմել, որի մասին մենք չգիտենք։ «136, թե 137 ձայն ՔՊ-ն է ստացել, 17 ձայն՝ «Ինքնիշխան Հայաստան»-ը: Երկու ուժ էր ընտրություններին մասնակցում: Կիրանցում կա 300-ից ավելի ընտրող՝ մոտ 400: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ իրենք 88.89 տոկոս ձայն են ստացել: Այդ 136 ձայնն էլ նույն այն մարդիկ են տվել, ովքեր համապետական ընտրություններին իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին էին տվել: Այդ տեսակը կա, բայց մեծամասնություն չէ: Ստացվում է, որ ՔՊ-ն Կիրանցում 40 տոկոս ձայն է ստացել, ի՞նչ 88 տոկոսի մասին կարող է խոսք լինել: Ժողովրդի մեծ մասը մերժել է ՔՊ-ին: Այդ 40 տոկոսը միշտ ակտիվ է, բոլոր ընտրություններին մասնակցել է: Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, ես չեմ ժխտում, ուղղակի նրանք փոքրամասնություն են, այլ ոչ թե մեծամասնություն: ՔՊ-ականներն ամեն անգամ թմբկահարում են, որ Կիրանցում մեծամասնություն են, բայց՝ ոչ: Ինչո՞ւ չեն ասում, որ ընտրատեղամասեր կան, որտեղ ընտրողների մեկ երրորդն էլ չի մասնակցել քվեարկությանը: Ես մարդկանց հետ շփումների ժամանակ մի բան եմ հասկացել, որ մարդիկ չեն կարեւորում ընտրությունները, մարդիկ ասում են, որ ինչ էլ անեն, բան չի փոխվելու, եւ ավելորդ են համարում անգամ ընտրատեղամաս գնալը: Այնպես չէ, որ ընտրողների մեծ մասը Կիրանցում չի եղել, այդ պատճառով չի մասնակցել ընտրությանը, ոչ՝ բոլորն էլ գյուղում են եղել, սակայն իմաստ չեն տեսնում ընտրությանը մասնակցելու»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր