Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Միակ քաղբանտարկյալը Միքայել սրբազանն է

«Հրապարակ». Միակ քաղբանտարկյալը Միքայել սրբազանն է

Tue, 27 Oct 2026 11:45:25 +0400


Հարցազրույց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ

– Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, ՔՊ-ն առաջատարն է: Ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի դեմ ռեպրեսիվ գործողություններ տեղի ունեցան, որոշ թեկնածուներ բանտարկվեցին: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:

– Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ մեզանում կատարվում է, նորմալ չէ, սակայն վաղուց օրինաչափ է: Հայաստանի Հանրապետությունում այսօր ընդդիմություն գոյություն չունի, կա ընդամենը մեկ օրակարգ թելադրող, եւ դա իշխող ՔՊ-ն է: Մեր պառլամենտական ընդդիմությունն այնպես չէ, որ փորձում է, բայց չի ստացվում հաջողել պայքարում, խնդիրն այն է, որ այս մարդիկ ո՛չ օրակարգ ունեն, ո՛չ քաղաքական կամք, ո՛չ գաղափարներ: Նրանք ուղղակիորեն քաղաքական առումով սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Հակասություն ես չեմ տեսնում, հետեւապես՝ ՏԻՄ ընտրություններում կա այլընտրանքի հարց: Այն բոլոր համայնքներում, որտեղ ընդդիմությունը չի առաջադրվել, ճիշտ է արել: Նրանք կիսում են իշխանության օրակարգը, միմյանց հետ համագործակցում են թե՛ տնտեսական եւ թե՛ բոլոր առումներով, այնպես որ՝ ես չեմ տեսնում քաղաքական ակտիվության իմաստ: Ամեն բան օրինաչափ է։ Նորմալ չէ, սակայն խիստ օրինաչափ է:

– Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը հրահանգում կալանավորել ընդդիմադիր թեկնածուներին:

– Այն մարդկանց, որոնց այսօր ներկայացնում են քաղաքական բանտարկյալ, իմ խորին համոզմամբ՝ նրանք քաղաքական բանտարկյալ չեն: Գուցե ապօրինի են բանտարկել նրանց, օրենքին հակառակ, իշխանության կամայականությունների հետեւանքով, բայց այդ մարդկանց չի կարելի ասել քաղբանտարկյալ, դա մեղք է: Հայաստանի Հանրապետությունում կար մեկ քաղբանտարկյալ, դա Միքայել սրբազանն է: Այլ քաղաքական բանտարկյալ մեզանում չի եղել: Եթե ապօրինի ազատազրկվել են, դա դեռ չի նշանակում, որ քաղբանտարկյալ են: Իշխանություններն ունա՞կ են ապօրինի գործողություններ կատարելու․ իհարկե՝ ունակ են, եւ մենք շատ դեպքերում ենք դրանում համոզվել, դա այլ հարց է:

– Իսկ Միքայել սրբազանը մյուսներից ինչո՞վ է տարբերվում:

– Երբ տեղի ունեցան այդ դեպքերը` 2 տարի առաջ, Միքայել սրբազանը գուցե փոքրաքանակ, սակայն որոշակի ժողովրդի կարողացավ գետնի վրա գեներացնել, եւ հետո նա ի հայտ եկավ շատ կարեւոր ազդակով` պնդելով, որ պետք է դուրս գալ նախկին եւ ներկա իշխանությունների օրակարգից: Մեր ուժը դա ասել է ամենասկզբում: Դա միակ ճշմարիտ օրակարգն է մեր երկրում: Պետք է կարողանանք այդ ուժերի ճիրաններից դուրս գալ: Հասարակության ցանկությունը դա է: Այնպես որ, վերջին մի քանի տարիների միակ քաղբանտարկյալը Միքայել սրբազանն է: Մնացյալը որեւիցե վտանգ ու սպառնալիք իշխանությանը չի ներկայացնում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նաիրի Հnւնանյանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդակահարենք և իշխանությունը վերցնենք»

Նաիրի Հnւնանյանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդակահարենք և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով