Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․
Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400

Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն պետք է հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել ընդամենը մի քանի օր առաջ։ Դե հո ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը թույլ չի՞ տալու, որ նույն բանի մասին խոսեք։ Պես-պես թեմաներ ունի՝ մեկը մյուսից սահմռկեցուցիչ։ Մեկը չի հասցնում մարսվել, մյուսն է հայտնվում։ Մեկի շուրջ հասարակական աղմուկը չի մարում, մյուսը գալիս է՝ առաջինին խեղդելու։
Չանցնեմ մյուս աղմկոտ դեպքերին, որոնք մի քանի օրում մոռացվեցին։ Խոսեմ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցածի մասին, երբ հանրությունը ցնցված էր կալանավայրում տիրող բարձիթողի վիճակից ու հերթական մահից։
Հերթական եմ ասում, որովհետև նախորդ մահերն էլ իշխանությունը նոր մահերով էր մոռացության տալիս։ Մեզ էլ պարապ չէր թողնում, որ անընդհատ հիշեցնեք՝ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ մահացավ, 15 զինվոր կացարանում ողջ-ողջ այրվեցին, հակառակորդը սահմանը խախտեց, զենք պահեց մոր վրա, որը երեխաներին էր պաշտպանում․․․ Հարյուր հազարները չեմ հասցնի թվարկել։
Ի՞նչ մայր, ի՞նչ զինվոր, ի՞նչ մահ։ Հո չե՞ք պատրաստվում մի թեմայի վրա լռվել։ Մինչև մեկը կհասցնի հարցնել՝ ո՞վ է պատասխան տալու, ի՞նչ է արվել, ինչո՞ւ է սա կրկնվում, արդեն նոր թեմա է մատուցվում։ Եվ հասարակությունը ստիպված է լինում մի ողբերգությունից մյուսին անցնել՝ առանց առաջինի պատասխանը ստանալու։
Սա պարզապես տեղեկատվական աղմուկ չէ։ Սա հանրային ուշադրության կառավարման մեխանիզմ է։ Երբ իշխանությունը չի կարողանում պատասխանել իրեն ուղղված հարցերին, շատ ավելի հեշտ է փոխել հարցը, քան պատասխանել։ Երբ մի իրադարձության շուրջ պատասխանատվության պահանջ է ձևավորվում, հայտնվում է մեկ ուրիշը, որը կլանում է հանրության զայրույթը, լրատվամիջոցների եթերը, սոցիալական ցանցերի քննարկումներն ու քաղաքական ընդդիմախոսների ժամանակը։
Ու սա ունի հոգեբանական հետևանք։ Մարդը չի կարող անվերջ նույն ուժգնությամբ ցնցվել, վրդովվել, ցավ ապրել։ Անընդհատ նոր ցնցումների ենթարկվող հասարակությունը մի պահից սկսում է հոգնել սեփական վրդովմունքից։ Ձևավորվում է մի վտանգավոր վիճակ, երբ ամեն ինչի մասին լսում ենք, ամեն ինչից զայրանում, բայց ոչ մի բանի հետևից մինչև վերջ չենք գնում։ Աղետը դառնում է առօրյա, մահը՝ հերթական լուր, իսկ պատասխանատվության պահանջը՝ մի քանի օրվա աղմուկ։
Սա է ամենավտանգավորը։ Որովհետև իշխանության համար ամենահարմար հասարակությունը ոչ թե այն է, որը համաձայն է իր հետ, այլ այն, որն այնքան է հոգնել իրադարձություններից, որ այլևս ուժ չունի հետևողականորեն պահանջելու պատասխաններ։
Երեկ Սրբուհի Գալյա՞ն էիք քրքրում, այսօր գնացեք Հարություն Մկրտչյանին, Հ1-ը քրքրեք։ Վաղը մի ուրիշ բան կլինի, մյուս օրը՝ մեկ ուրիշը։ Նիկոլը նորանոր թեմաներ է մատուցում։ Նիկոլին ,,մի ձեռքով չվերցնեք, տեսա՞ք՝ ոնց թեման փոխեց։
Բայց մի բան չմոռանանք. թեման փոխելը պատասխանատվությունից ազատվել չէ։ Նոր աղմուկը չի ջնջում նախորդ ողբերգությունը, նոր սկանդալը չի փակում հին հարցերը, իսկ նոր վերնագիրը չի չեղարկում նախորդ օրվա մահը։
Եվ հենց սա պետք է թույլ չտալ՝ որ Նիկոլ Փաշինյանը որոշի , թե ինչի մասին խոսենք և ինչը պիտի մոռանանք։
Եվ հենց սա պետք է թույլ չտալ՝ որ Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ինչի մասին խոսենք, ինչի համար վրդովվենք և, ամենակարևորը, ինչը պիտի մոռանանք։
Իշխանությունը կարող է փոխել օրակարգը, բայց հասարակությունը չպետք է կորցնի հիշողությունը։ Որովհետև չլուծված ողբերգությունները չեն անհետանում նոր աղմուկի մեջ, չպատասխանված հարցերը չեն լռում նոր սկանդալների պատճառով։
Եվ գալու է մի օր, երբ իշխանության առաջ կանգնելու է ոչ թե հերթական առանձին ողբերգությունը, այլ բոլորի հանրագումարը։ Բոլոր մահերը, բոլոր կորուստները, բոլոր անպատասխան հարցերը՝ միասին։ Ու այդ օրը այլևս չի ստացվի թեման փոխել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր