«Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է
Wed, 28 Oct 2026 10:15:41 +0400

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4 հազար 407 ձայն (36.14%), «Ուժեղ Հայաստան»՝ 2 հազար 383 (19,54%), «Հանրապետություն» կուսակցություն՝ 445 (3,64%) եւ «Գործարար» կուսակցություն՝ 4 հազար 952 ձայն (40,61%)։ Մանդատների նախնական բաշխվածությունը․ «Գործարար»՝ 9 մանդատ, ՔՊ՝ 8, «Ուժեղ Հայաստան»՝ 4:
Լրատվամիջոցները գրեցին, որ Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է, ՔՊ-ից «մերժված» համայնքապետը՝ հաղթել, սակայն իրականում պրոՔՊ-ական համայնքապետը հաղթեց ՔՊ-ի թեկնածուին:
Մի փոքր նախապատմություն․ երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում հունիսի 7-ին շռնդալից հաղթանակ տարավ, ՔՊ-ական իշխանությունը որոշեց պատժել 6 տարի Ստեփանավանի քաղաքապետ աշխատած Արմեն Գրիգորյանին՝ նրան մեղադրելով իր դեմ աշխատելու մեջ։ Եվ որպես թեկնածու որոշեց առաջադրել Սուրեն Պապիկյանի հարազատ Լոռի Բերդի վարչական ղեկավար Արայիկ Ներսիսյանին։ Ընտրություններում ՔՊ թեկնածուն պարտվեց, բայց իր պարտությունները հաղթանակ դարձնող ՔՊ-ն այստեղ էլ է հաղթել, քանի որ Գրիգորյանն արդեն նահանջի քայլեր է անում։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 10-ին մենք հարցազրույց էինք վերցրել նրանից, հարցրել էինք․ «Ընտրություններից հետո բացառո՞ւմ եք Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա կազմել», պատասխանել էր․ «Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ ամեն ինչ», բայց ընտրություններից հետո առաջին բանը, որ արել է, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին եւ «վարչապետ Փաշինյանին». «Առաջին հերթին կուզենամ շնորհակալություն հայտնել բոլոր 20 բնակավայրերի բնակիչներին՝ ընտրությանն ակտիվ մասնակցության համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուր ընտրողին, կապ չունի՝ ընտրել են իմ գլխավորած քաղաքական ուժին, թե այլ քաղաքական ուժերի: Կասեմ, որ հաղթեց ժողովուրդը, հաղթեց ժողովրդավարությունը: Չեմ տեսնում այստեղ պարտվող ուժեր, հաղթող ուժեր եւ այս ամենի շրջանակներում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավարին՝ այս հնարավորությունն ինձ տալու համար: Առաջիկայում կառավարության հետ համատեղ, հանուն Ստեփանավանի վաղվա օրվա, մեր ժողովրդի եւ տարածաշրջանի զարգացման, կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու՝ ի շահ մեր ժողովրդի»:
Այսինքն, Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա է կազմելու, եւ անգամ լուրեր կան, որ հնարավոր է Ներսիսյանը դառնա համայնքապետ, այլ ոչ թե ինքը։ Մեզ պատմեցին, որ նա այս ընթացքում պահել է բոլոր կապերը ՔՊ-ի հետ, մասնակցել նրանց հավաքներին, անգամ ՔՊ-ի հավաքներից մեկում հարցրել է. «Դեմ չե՞ն լինի, որ ես այլ կուսակցությունով առաջադրվեմ»:
Մենք կապվեցինք Արմեն Գրիգորյանի հետ, ասացինք՝ փաստորեն, ՔՊ-ի հետ եք։ «Փաստացի, 5 տարի ՔՊ կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավար եմ եղել: Առողջ համագործակցություն է լինելու կառավարության եւ իշխող ՔՊ կուսակցության հետ: ՔՊ կուսակցությունից չեմ եղել առանձնացված»,- ասաց նա:
Սա նշանակում է, որ մարդն ուղղակի խաբել է մեզ, խաբել է իր ընտրողներին, նախապես ցույց է տվել, թե ինքն իշխանական թեկնածու չէ՝ ընդդիմադիր է, ոչ մի դեպքում չի պատրաստվում իշխանության հետ համագործակցել եւ ինչ-որ ձայներ էլ դրա շնորհիվ է ստացել, իսկ հիմա քողը դեմքից նետել է, որովհետեւ մեզանում վերեւից ներքեւ բոլորը ստում են, եւ դա այլեւս չի դատապարտվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր