Տաբուրետկան էլ 36 տոկոս ձայն կստանար
Wed, 28 Oct 2026 18:15:28 +0400

Հայաստանի ասիականացումը շարունակվում է. իզուր չէ, որ COP17-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները, եւ Նիկոլ Փաշինյանը շատ ներդաշնակ էր նայվում Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի ֆոնին: Մի փոքր էլ՝ եւս մի երկու տարի, եւ Հայաստանի քաղաքական համակարգը ոչնչով չի տարբերվի Թուրքմենստանից: ՔՊ-ական տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորում է Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանին՝ 96,1 տոկոս ստանալու համար: Աշխատելու տեղ դեռ կա, դեռ մի քանի հարյուր մարդ դեմ է քվեարկել Սարգսյանին, իսկ տասնյակ հազարները դեռ այնքան ազատ են, որ կարող են իրենց թույլ տալ չմասնակցել բեմականացմանը: ՔՊ-ի շնորհիվ «ընտրություն» եւ «հաղթանակ» բառերը վերջնականապես արժեզրկվել են, մի թեկնածուով ընտրություն չի լինում, մի թեկնածուն չի կարող հաղթել, եթե չկա մրցակցություն, ի՞նչ հաղթանակ:
Չնայած գործադրված ջանքերին, ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն 36 տոկոսը: Արմավիր համայնքը կազմված է Արմավիր քաղաքից եւ 10 հարակից գյուղերից: Արմավիր քաղաքում մասնակցությունը եղել է 30 տոկոսի շրջանակներում, որոշ տեղամասերում՝ դրանից էլ ցածր, 36 տոկոս արդյունքն ապահովվել է գյուղերի ավելի բարձր մասնակցության շնորհիվ: Գյուղական բնակչությունն ավելի հեշտ է ենթարկվում ճնշման, ավելի հեշտ կառավարելի է: Չնայած պետք է հակառակը լիներ, գյուղացին պետք է ավելի ազատ լիներ՝ նա պետությունից, իշխանությունից ավելի անկախ է, իր հողն է մշակում, նրան չես կարող սպառնալ աշխատանքից հեռացնելով կամ հարկային ստուգումներով: Բայց իրականությունը տարբերվում է, որովհետեւ գյուղերում աղքատություն է, իսկ խեղճ մարդուն կառավարելն ավելի հեշտ է. խեղճ, աղքատ մարդը հեշտ է ենթարկվում վարչական ղեկավարի ճնշմանը:
30 տոկոս մասնակցություն․ սա նշանակում է, որ, այսպես կոչված, ընտրությանը մասնակցել են միայն վարչական ռեսուրսի ազդեցության տակ գտնվողները, համայնքապետարանի, մարզպետարանի, դրանց ենթակա կառույցների` դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, քոլեջ, պետական հաստատությունների` ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե, հարկային, էլցանց, ջրմուղ-կոյուղի եւ նման այլ կառույցների ներկայացուցիչները, եւ ավագանու ՔՊ-ական անդամների հարազատներն ու մերձավորները: Նույնիսկ Արմավիրի նման նիկոլապաշտ համայնքում ընտրողների մեծամասնությունը դրսեւորել է քաղաքացիական գիտակցություն եւ չի մասնակցել կեղծ եւ շինծու միջոցառմանը՝ դրանով մերժելով իշխանությանը: Յուրաքանչյուր տեղամասում 10-20 մարդ կա՛մ դեմ է քվեարկել, կա՛մ անվավեր դարձրել քվեաթերթիկը, եւ դեմ քվեարկողներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում: Սրանք երեւի այն մարդիկ են, որոնց պարտադրել են գնալ ընտրատեղամաս, եւ մարդը որոշել է այդպես արտահայտել իր բողոքը:
Ստացվում է, որ ՔՊ-ն ընդհանրապես վարկանիշ` հանրային աջակցություն չունի: ՔՊ-ի կամ ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի փոխարեն եթե առաջադրվեր որեւէ անհայտ մեկը կամ տաբուրետկա, նույն այդ 36 տոկոս ձայնը ստանալու էր, նույն վարչական ռեսուրսը հնազանդ գնալու եւ քվեարկելու էր տաբուրետկայի օգտին:
Ինչպես նշեցինք, համակարգը դեռ զարգանալու տեղ ունի, եւ այդ զարգացումը կարող է տեղի ունենալ երկու ուղղությամբ, որը կապահովի կատարյալ «ժողովրդավարություն»: Առաջին տարբերակն այն է, որ Փաշինյանը հրահանգ իջեցնի, եւ նրան ենթակա խորհրդարանն օրենք ընդունի ընտրություններին մասնակցությունը պարտադիր դարձնելու մասին: Չմասնակցողները նախ ենթարկվեն վարչական, ապա քրեական պատասխանատվության: ՔՊ-ն միայնակ առաջադրվում է, եւ օրենքի ուժով մարդկանց քշում են ընտրատեղամասեր, ու բոլորը քվեարկում են ՔՊ-ի օգտին: Այս դեպքում միակ վտանգն այն է, որ որոշ մարդիկ կարող են ըմբոստություն դրսեւորել եւ դեմ քվեարկել, բայց, ի վերջո, կհասկանան, որ դա, միեւնույն է, ոչինչ չի տալիս, եւ կհամակերպվեն ստեղծված վիճակի հետ:
Մյուս տարբերակն ավելի ռացիոնալ է եւ, ըստ էության, արդեն իսկ օգտագործվում է: ՔՊ-ն բաժանվում է երկու մասի, ստեղծվում է քույր կուսակցություն, ՔՊ-ականների մի մասը դառնում է քույր կուսակցության անդամ՝ միաժամանակ պահպանելով ՔՊ անդամի կարգավիճակը, ընտրությունների բեմականացման ժամանակ անխնա պայքարում են իրար դեմ, եւ անկախ նրանից, թե ում օգտին է քվեարկում ընտրողը, հաղթում է ՔՊ-ականը: Եվրոպական դիտորդները հետեւում են ընտրության արդյունքներին եւ հայտարարում, որ դրանք կատարյալ էին ու համապատասխանում էին ամենաբարձր ժողովրդավարական արժեքներին: Այս սցենարի օգտին է խոսում նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ առաջ քաշած թեզը, ըստ որի՝ ընդդիմությունը բաժանվում է երկու մասի`լրտեսական եւ պետականակենտրոն: Կարող եք ասել, որ արդեն կան նման պետականակենտրոն` փաշինյանաենթակա կուսակցություններ: Մի կողմից կան, մյուս կողմից էլ Փաշինյանը դրանց էլ չի վստահում, ուզում է, որ դրանք ստեղծվեն անձամբ իր կողմից, եւ անդամներն էլ լինեն բացառապես ՔՊ-ականներ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր