Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել

Fri, 30 Oct 2026 18:45:00 +0400


Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ պետք է համոզել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, որ կողմ քվեարկեն նոր սահմանադրություն ընդունելու ադրբեջանական պարտադրանքին:
Ի կատարումն Փաշինյանի այս ցուցման, Արարատ Միրզոյանը խորհրդարանական ընդիմությանն արդեն կոնկրետ առաջարկ է ներկայացնում` առաջին հայացքից շատ գրավիչ եւ կարծես թե տրամաբանական. «Հիմա՝ ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել։ Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձեւը քվեարկությունն է՝ համաժողովրդական քվեարկությունը, մնացածը չի անցնում… Հետեւաբար, ձեզ պետք կլինի, որ օր առաջ գնանք ժողովրդի մոտ՝ էլի համաժողովրդական քվեարկության, չէ՞։ Նորից եմ անում քաղաքական առաջարկ՝ եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի, գնանք, դա ձեզ համար առիթ է, մեզ ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք։ Վատ բա՞ն եմ ասում։ Սիրելի՛ ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող լինի»:

Ինչով է վտանգավոր այս առաջարկը, եւ որ պարագայում ընդդիմությունը կարող է ընդունել այն: Ինչո՞վ է վտանգավոր հանրաքվեին համաձայնելը: Իշխանության հույսն այն է, որ ինքը հանրաքվեի քարոզչությունն անցկացնելու է շանտաժի եւ վախի մթնոլորտում, ատրճանակի փողը դեմ է տալու հասարակության քունքին եւ ասելու է՝ եթե դեմ քվեարկեք, Ադրբեջանը կրակելու է, եթե Սահմանադրության նախագիծը չանցավ, նույն օրը Ադրբեջանը պատերազմ է սկսելու: Դրա փորձը կա. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը սպառնում էր, որ եթե իր խունտան սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Հիմա այդ շանտաժը կարող է ավելի ճշմարտանման թվալ, մանավանդ որ Ադրբեջանը եւս կարող է միանալ այդ շանտաժին: Վախի եւ շանտաժի մթնոլորտում իրականացված ցանկացած քայլ, առավել եւս՝ քվեարկություն, չի կարող լինել արդար եւ արտահայտել հասարակության իրական դիրքորոշումը:

Չնայած վերը նշվածին՝ խորհրդարանական ընդդիմության համար իմաստ ունի ոչ թե կտրականապես մերժել ներկայացված առաջարկը, այլ անել փոխադարձ առաջարկ: Խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունները կամ առնվազն այդպիսին ներկայացվող միջոցառումները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտը ոչնչացված է: Հայաստանի երեք խոշոր ընդդիմադիր միավորների առաջնորդները կալանավորված են ու մեղադրվում են շինծու եւ քաղաքական ենթատեքստ ունեցող հոդվածներով. Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի ռեժիմում: Հարյուրավոր անմեղ մարդիկ հետապնդվում են նույն շինծու մեղադրանքներով: Յուրաքանչյուր ընդդիմադիրի կարող են կալանավորել եւ մեղադրել ընտրակաշառք բաժանելու կամ ստանալու մեջ: Նույնը կրկնվելու է նաեւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, «դեմ»-ի շտաբի անդամներն ու ակտիվիստները կալանավորվելու են եւ մեղադրվելու են ընտրակաշառք բաժանելու մեջ, Հայաստանում չկա քաղաքական գործունեության ազատություն, եւ իշխանությունը չի կարող երաշխավորել ազատ մրցակցություն:

Ընդդիմությունը պետք է առաջարկի եւ պահանջի, որ կհամաձայնի Սահմանադրական հանրաքվեին, եթե երկրում դադարեցվեն քաղաքական հետապնդումները` բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, նրանց նկատմամբ սարքված քրեական գործերը կարճվեն, եւ տրվի հրապարակային երաշխիք, որ քարոզչության փուլում որեւէ ընդդիմադիր գործիչ կամ ակտիվիստ չի կալանավորվի: Կգնա՞ իշխանությունը նման զիջման՝ դժվար թե: Որովհետեւ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ կարճել նրանց նկատմամբ քրեական գործերը, կնշանակի ընդունել, որ դրանք եղել են շինծու եւ թելադրված: Դրանով իշխանությունը ոչ միայն կբացահայտի իր հանցագործ էությունը, այլեւ՝ իր թուլությունը: Առանց ընդդիմության ներկայացուցիչների դեմ ճնշման եւ կալանքների, իշխանությունը չի համարձակվի գնալ հանրաքվեի, որովհետեւ, եթե անգամ փորձի կեղծել քվեարկության արդյունքները, դա կհանգեցնի համաժողովրդական ընդվզման եւ իշխանության տապալման:

Թվում է, թե Արարատ Միրզոյանը եւ խունտան լարել են իդեալական թակարդ. եթե ընդդիմությունը համաձայնում է, ստացվում է, որ հասնում են իրենց ուզածին, կատարում են Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, շանտաժով, բռնությամբ եւ կեղծիքով: Չհամաձայնի ընդդիմությունը, ասելու են՝ տեսեք, ընդդիմությունը վախեցավ, ընդդիմությունը չի ուզում մեր հեռացումը կամ խոստովանում է, որ դրան չի կարող հասնել: Ընդդիմությունն ինքը պետք է իշխանությանն այնպիսի առաջարկ անի, որ իշխանությունը լինի հրաժարվողի, վախկոտի եւ հանցագործի դերում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի Fri, 30 Oct 2026 18:54:15 +0400 Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով