«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ
Sat, 31 Oct 2026 09:25:03 +0400

Հինգշաբթի օրը խորհրդարանում «արյան գետեր էին հոսում»: Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ-ականներն ու «ուժեղները» ծեծեցին ու քաշքշեցին միմյանց: Հատկապես շատ քննարկվեց Վահագն Ալեքսանյանի` աթոռով ընդդիմությանը հարվածելու դրվագը, մարդիկ հիշում են, որ մի քանի տարի առաջ էլ նա հենց նիստերի դահլիճում՝ տեսախցիկների առաջ քացով հարվածել էր ընդդիմադիրներից մեկին՝ Վահե Հակոբյանին: Այն ժամանակ իրավապահները հայտարարեցին, որ քրեորեն պատժելի արարք չկա կատարվածում, եւ իրավական գնահատական չտվեցին միջադեպին։ Գուցե դա է պատճառը, որ անպատժելի մնացած անձն արդեն աթոռ է շպրտում:
Ծեծկռտուքի օրը մի ուշագրավ դրվագ էլ մարդկանց աչքից չէր վրիպել` ՔՊ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանը կռվի թեժ պահին իր պիջակը հանեց եւ նետեց ԱԺ նախագահի սեղանին: Համացանցում կատակում են, որ, հավանաբար, թանկարժեք պիջակ է` հանեց, որ չվնասվի: Սարիկ Մինասյանին հարցրինք` ինչո՞ւ էր այդ թեժ պահին պիջակը հանում` բրենդային, թանկարժեք պիջա՞կ էր, եւ ինչո՞ւ էր այդպես ոգեւորված մարտնչում` ընդամենը նախօրեին բռնության դեմ պայքարը խստացնող օրինագիծ էին ընդունել: Մինասյանն ասաց. «Կոստյումը հանեցի, դե հիմա բան է` եղավ, ի՞նչ մի հարց են դարձրել կոստյումս: Ի՞նչ թանկարժեք, ուղղակի էդ մի հատն ունեմ, ափսոսս եկավ: Ինչ վերաբերում է կռվին, ապա համացանցում բոլոր տեսանյութերը կան, բացեք, նայեք ու կտեսնեք, թե ով հրահրեց, ով առաջինը հարվածեց: Տարոն Չախոյանն ի՞նչ էր արել, մարդը ելույթ էր ունենում, ընդհատեցին, ինչ ասես, որ չասեցին, «արա» եւ այլն: Կարելի՞ է բա: Խորհրդարանը քաղաքական խոսքի տեղ է, այլ ոչ թե «արա»-ով խոսելու վայր: Կարող էին հակադարձել, նույն ոճով, բայց քաղաքական տեսանկյունից, այլ ոչ թե մեզ վիրավորելով: Անընդհատ նման բաներից է կռիվ սկսվում, տեղից խոսում են ու սադրում: Լարվածություն ոչ մեկիս պետք չէ: Ինչ վերաբերում է բռնությանը դեմ լինելուն, ապա մենք էլի դեմ ենք բռնությանը, բայց դա չի նշանակում, որ արժանապատվություն չունենք, եւ մեզ կարող են հայհոյել, վիրավորել, հարվածել ու պատասխան չստանալ: Մեկը մյուսի հետ աղերս չունեցող բաներ են»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր