Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

Sat, 31 Oct 2026 09:45:44 +0400


«Աթոռով ա, թե ինչ ա` համարժեք ա ու ճիշտ ա»․ ՀՀ վարչապետը, մեկնաբանելով հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, խրախուսեց բռնությունն ու Վահագն Ալեքսանյանի կողմից ընդդիմադիրներին հարվածելու փաստը։ Չնայած, պարզվում է, նա դատապարտում է բռնությունը, սակայն ողջունում է իշխող ՔՊ-ի գործողությունները։ «Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին, որովհետեւ, եթե որեւէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»։ Լրագրողը նկատել է՝ բայց արդյո՞ք միջադեպի վերաբերյալ իր հրապարակային արձագանքով «կանաչ լույս» չի վառում բռնության միջոցով հարցեր լուծելու առաջ, եւ արդյո՞ք ընդունելի է խորհրդարանում ստեղծված իրավիճակը։

«Երբ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց եւ, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, կոչերի, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է»,- ասել է Փաշինյանը` ակնարկելով միջադեպից շատ առաջ` օգոստոսի 13-ին Էդգար Ղազարյանի ելույթը, որի ժամանակ մի բառ էր ասել` «սրիկայաբար»: Ճեպազրույցում Փաշինյանը հոկտեմբերի 29-ի միջադեպի պատասխանատվությունը դրել էր ընդդիմության վրա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո վիճաբանություն էր սկսվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որը վերածվել էր քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։

ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը, որը ծեծկռտուքն իր հեռախոսով նկարահանում էր, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ԱԺ-ում տեղի ունեցածի մասին, նկատեց. «Մենք բռնությունը երբեք չենք խրախուսել: Դուք նկատե՞լ եք երբեւէ, որ մենք բռնությունն ինչ-որ կերպ խրախուսենք»: Իսկ Փաշինյանի գրառումները, հայտարարությունները՝ տեղի ունեցածի մասին, ի՞նչ էին` խրախուսում չէի՞ն։ «Մենք ամենասկզբից խոսել ենք բարեկրթությունից, խոսել ենք այն մասին, որ պետք է ընդդիմության հետ ունենանք նորմալ հարաբերություններ, խոսել ենք այն մասին, որ քաղաքական քննարկումները կարեւոր են, բայց երբ տեսնում ենք, որ դրանք վերածվում են հայհոյանքների, եւ մարդիկ ունակ չեն անգամ լսելու քննադատական խոսք իրենց հասցեին եւ դիմում են բռունցքներին, ինչպե՞ս եք այդ ամենը գնահատում: Այսինքն` իրենք կարող են գալ ամբիոնի մոտ, ապտակել մեր պատգամավորին, խփել նրա գլխին, իսկ մենք պիտի լուռ նայեի՞նք, թե ինչպես են հարվածներ հասցնում նրան: Ինչ վերաբերում է վարչապետի գրառմանը, ապա նայած թե ով ինչպես է հարցին նայում: Եթե ընդդիմությունը բռունցքների օգնությանն է դիմում, ապա պետք է նաեւ պատրաստ լինի, որ կարող է նաեւ պատասխան լինել: Առավոտից սադրում էին մեր գործընկեր Նարեկ Գրիգորյանին: Անգամ նրա ընտանիքի, երեխայի մասին մի պատգամավոր գրառում էր կատարել, այսինքն` դա կարելի՞ է: Բոլորն էլ ապտակի ձեւը գիտեն, ուղղակի խնդիրն այն է, որ մեր թիմին հատուկ սադրում են, ամեն ինչ անում են, որպեսզի հունից դուրս գանք: Բայց Նարեկ Գրիգորյանն այնքան հավասարակշռված մարդ է, որ սադրանքին չտրվեց, ավարտեց իր քաղաքական ելույթը եւ գնաց նստեց իր տեղում: Մենք հասարակության այն խումբն ենք, որը պետք է օրինակ ծառայի բոլորին, մենք դեմ ենք բռնությանը եւ կարծում ենք, որ խորհրդարանում պետք է խոսքի մշակույթ ձեւավորվի, հարկ եղած դեպքում պետք է նաեւ համագործակցել, որովհետեւ մեր նպատակը ոչ թե մեր անձնական շահերն են, այլ մեր պետության շահն է: Ինչ էլ որ անելու լինենք, պետք է անենք ի շահ մեր պետության»:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ նման իրավիճակներ ստեղծող Տարոն Չախոյանի ելույթները չեն կանխվում, նա պարբերաբար իր խոսքով սադրում է։ «Ընդդիմության շարքերում էլ կան պատգամավորներ, որոնց մենք չենք համակրում, կա պատգամավոր, որը հայ սակրավորի մահն էր ցանկանում, եւ ես նրան չեմ համակրում, նա մինչ օրս ներողություն չի խնդրել, բայց դա ինձ իրավունք չի վերապահում ապտակել նրան: Ես կարող եմ իմ քաղաքական խոսքով, իմ ելույթներով ասել իմ ասելիքը, կարող եմ ցույց տալ, որ այդ մարդուն չեմ ընկալում»: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վահագն Ալեքսանյանն աթոռ էր նետում պատգամավորների ուղղությամբ։ «Կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, այն հայհոյանքները, որ մենք էինք լսում մեր հասցեին, նորմալ չէր: Խոսում ենք բանակում եւ հասարակության այլ շերտերում տեղի ունեցող բռնության դրսեւորումների մասին, խոսում ենք այն մասին, որ մեր երկրում կա հանդուրժողականության խնդիր: Ընդդիմությունը ցույց տվեց, որ քաղաքական խոսքը չհանդուրժելու պատճառով կարելի է ձեռքերին ազատություն տալ: Տարոն Չախոյանին չեն համակրում, բայց Տարոնը նրանց համակրանքի կարիքը չունի: Մենք՝ բոլորս, ունենք քաղաքական սուր խոսքի իրավունք, նույն այդ ընդդիմությունն իրացնում է այդ իրավունքը: Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել Sat, 31 Oct 2026 09:15:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով