«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը
Sat, 31 Oct 2026 11:45:27 +0400

Ազգային ժողովն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց Աննա Հակոբյանի նախաձեռնած ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը։
Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ։
– Նախ՝ ձեր հանձնաժողովում քննարկվեց նախագիծը, ապա մտավ ԱԺ նիստերի օրակարգ։ Ընդ որում, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց նախագծին։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր հրատապ արդեն գործող օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
– Վերջին շրջանում ընտանեկան բռնություն երեւույթի շուրջ այնպիսի իրարանցում է ստեղծվել, եւ այնպիսի թվեր են հանրայնացվում, որ կարելի է մտածել, թե այն երկրի թիվ մեկ անհաղթահարելի խնդիրն է։ Օրենսդրական նախաձեռնությունն իր հիմնավորման մեջ բավական թույլ էր, օրինակ՝ ըստ ԱՀԿ եւ ՄԱԿ-ի 2023 թ․ ուսումնասիրության՝ 15-49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածությամբ Հայաստանի ցուցիչն աշխարհում 8.7% է, այն գրեթե 8-3 անգամ ցածր է եվրոպական երկրներից՝ Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Հունգարիա եւ այլն։ Այս վիճակագրությունը հատուկ պատժողական սանկցիաների իրականացման անհրաժեշտություն չի պարտադրում։ Սա վերջին ուսումնասիրությունն է, եւ այս կառույցների տրամադրած տվյալների արժանահավատությունը մենք չենք կարող կասկածի տակ դնել։ Այսինքն, մենք այնպիսի մի վիճակագրություն չունենք, որ մեզ կհարկադրի, որ Հայաստանն անցնի պատժողական սանկցիաների։ Երբ ծանոթանում ես ամբողջ նախաձեռնությանը, տեսնում ես, որ փիլիսոփայությունն ուղղված է ոչ թե կանխարգելմանը, այլ պատժմանը։ Ընդ որում՝ սկզբում բերել էին 6 նախագիծ, այնուհետեւ՝ հանձնաժողովի նիստից ընդամենը 2 աշխատանքային օր առաջ, փաթեթն ավելացվեց երկու նախագծով։ Ուզում եմ ընդգծել, որ ես ոչ միայն դեմ չեմ օրենքի լրամշակմանը, այլ նաեւ առհասարակ ընտանեկան բռնությունը բացարձակ անընդունելի երեւույթ է, եւ պետք է նման դեպքերը նվազագույնի հասցնել։ Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ ընտանեկան բռնությունը լատենտ երեւույթ է։ Իհարկե, մենք գիտենք, թե վերջին շրջանում ինչու է ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը։ Ընտանեկան բռնության վերաբերյալ հրապարակայնացվել են թվեր, եւ ստեղծվել է տպավորություն, որ Հայաստանն ընտանեկան բռնության տակ կքած է, եւ ինչ-որ մարդիկ եկել են փրկելու ընտանիքի մոդելը։ Ես շատ անընդունելի եմ համարում այս օրենքի ընդունման հապշտապությունը, որովհետեւ մի շարք ինստիտուտներ են հիմա ներառվում, որոնց ռեսուրսային պատրաստվածությունը բավարար չէ։ Օրինակ, համայնքային ոստիկանությանը իրավիճակի գնահատողական եւ անհետաձգելի միջոցներ իրականացնելու ֆունկցիա է վերապահված, բայց նրանք դեռեւս պատրաստ չեն այդ ֆունկցիան իրականացնելուն։
– Նախագծում ներկայացված հիմնավորումները որքանո՞վ են փաստերի վրա կառուցված։
– Ըստ էության, նախագծի հեղինակները սանկցիոն խստությունների ճանապարհն են որդեգրել։ Նախագծի հիմնավորումը որեւէ վիճակագրություն չի ներկայացնում, թե որ երկրներն են գնացել այդ ճանապարհով եւ ընտանեկան բռնության հաղթահարման կամ կանխարգելման ոլորտում ինչ հաջողություններ են արձանագրել։ Ես չեմ տեսնում նաեւ հիմնավորման մեջ ներառված մասնագիտական (իրավաբաններ, փաստաբաններ) շրջանակում կատարված վերլուծություն, որը կհիմնավորեր պատժամիջոցների խստացման անհրաժեշտությունը։ Փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորված չէ նաեւ գործող քրեաիրավական կարգավորումների եւ իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությամբ։ Իմ կարծիքով, խնդիրներն ավելի շատ իրավակիրառ ոլորտում են։ PR ակցիաների ժամանակ հնչեցված թվերը, թե, օրինակ, տղամարդկանց 99 տոկոսը բռնության է ենթարկվում, ուղղակի օդից է վերցված եւ պարզապես անլուրջ է։ Նշեմ, որ Հայաստանում չկա բացառապես ընտանեկան բռնությանը նվիրված առանձին ռազմավարություն, իսկ 2026-ին ուժի մեջ մտած ռեաբիլիտացիոն ծրագրի արդյունավետության գնահատման վերլուծություն չի կատարվել։ Ցավոք, ութ նախագիծ ներառող փաթեթն ավելի շուտ պատժողական քաղաքականության ոլորտից է, քան՝ կանխարգելման։ Բացի այդ, ընտանեկան բռնության վերաբերյալ միջազգային համեմատական պատկերը պատժիչ կամ խստացնող քաղաքականության անհրաժեշտություն չի պարտադրում։
– Մենք Ազգային ժողովում՝ երկրի ղեկավարի մակարդակով, տեսնում ենք ինչպես բռնության կոչեր, այնպես էլ բռնության դրսեւորումներ։ Արդյոք միայն մեկ ուղղությամբ խստացումն այս համընդհանուր մթնոլորտում կարո՞ղ է դեր խաղալ։
– Ազգային ժողովը բռնության շատ համապարփակ եւ ցցուն մոդել է, որտեղ բոլոր կարմիր գծերը՝ բարոյականության, հանդուրժողականության, հատված են։ Հանրային համատարած բռնության մթնոլորտում մոլորություն է համոզումը, թե առանձին վերցրած որեւէ ոլորտում սանկցիաների խստացումը խնդրի լուծման երաշխիք է։ Էլի եմ ասում՝ մենք չենք վիճարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, սակայն որդեգրված օրենսդրական լուծումները չեն կարող բավարար արդյունավետություն ապահովել։ Քրեական օրենսգրքում ընտանեկան եւ կենցաղային բռնությունը որպես առանձին հանցակազմ նախատեսելու, 19 հանցակազմով 5 նոր գլուխ ստեղծելու արդյունքում, բառացիորեն, պատճենվել են մի շարք հոդվածներ, եւ խստացվել է որոշների պատժաչափը՝ այդպիսով խախտելով օրենսգրքի կառուցվածքային եւ համակարգային ամբողջականությունն ու տրամաբանությունը։ Խիստ մտահոգիչ է եւ չհիմնավորված ընտանեկան եւ կենցաղային բռնության ծանր եւ առանձնապես ծանր հանցակազմերով գործուն զղջալու ինստիտուտի բացառումը, որով վերջինս հավասարեցվում է պատերազմական հանցագործություններին, դիվերսիային եւ այն հանցակազմերին, երբ պատիժը ցմահ ազատազրկումն է։
– Մարդկանց ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ Աննա Հակոբյանին ինչո՞ւ էր պետք այս օրենսդրական փոփոխությունը, սա հերթական PR արշա՞վն է, թե՞ իսկապես ցանկանում է լինել բռնության ենթարկված ընտանիքների կողքին։
– Ցանկացած գործողություն անպայման PR կոմպոնենտ ունի։ Բնականաբար, իմիջավարկանիշային նպատակներ է հետապնդել եւ նաեւ հանրության ընկալումներում իր վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, այդ թվում՝ փորձ է արվում շեղել հանրային օրակարգերը։ Թեեւ Հայաստանի թիվ մեկ խնդիրն ընտանեկան բռնության դեմ պայքարը չէ, բայց ամբողջական կլիներ այս մտահոգությունը, երբ նույն քաղաքական մեծամասնությունն այս նույն նախանձախնդրությամբ վերաբերվեր, օրինակ, երեկ խորհրդարանում հնչած վարչապետի՝ «գլուխներդ պատին կտաք» եւ բռնության կոչերին, մտքերին, դատապարտեր խորհրդարանի երեկվա ծեծուջարդը, մետրոյի միջադեպին, դատապարտեր մետրոյում երեխայի ներկայությամբ երիտասարդ մոր վրա հարձակումը, երբ թշնամու հարձակումից տուժած մորը՝ Անի Ավետիսյանին հորդորում է զսպել մայրական բնազդը, այն դեպքում, երբ պետությունը ձախողել է սեփական քաղաքացու պաշտպանության պարտականությունը։ Սրանք բռնություն չեն, ի՞նչ են․․․ Կարող եմ տասնյակ օրինակներ բերել երկակի ստանդարտների եւ կարմիր գծերը հատած մեր ժամանակներում․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր